Շրջակա միջավայրի նախարարության դավադրությունը

Մինչ ամբողջ երկիրը լծված է կորոնավիրուսի դեմ պայքարի գործին, օրեր առաջ՝ ապրիլի 2-ին ՀՀ կառավարությունը հերթական նիստի ժամանակ հավանության արժանացրեց և սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացրեց չզեկուցվող հարցերի մեջ ընդգրկված ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված  2003 թվականի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը: Ոլորտի փորձագետները բնապահպանության նախարարության այս քայլը դավադրություն են համարում՝ ասելով, որ նախարարությունն օգտվելով առիթից, երբ ողջ հանրության ուշադրությունը սևեռված է մեզ պատուհասած վտանգի վրա, իր նեղ շահերն է փորձում առաջ տանել և մի նախագիծ  է ընդունում, որի անհրաժեշտությունն ամենևին հրատապ չէ, և որը մի շարք նկատառումներով խնդրահարույց է:

Օրենքի փոփոխության նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ «1.1 Տեղեկատվություն տնօրինողը կարող է մերժել բնապահպանական տեղեկության տրամադրումը, եթե այն վերաբերում է  բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին»։

Ի դեպ, պարզվում է, որ օրենքների նախագծերի կայքում տեղադրված և կառավարության կողմից հաստատված նախագծերում որոշակի բովանդակային տարբերություն կա: Կառավարության հաստատած տարբերակում օրենքի փոփոխությունը հետևյալ կերպ է շարադրված՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։

Այս աճպարարությունը դեռևս որևէ ձևով չի մեկնաբանվել իրավասու գերատեսչության կամ կառավարության կողմից, թեև մտահոգ կազմակերպությունների կողմից այն ևս բացահայտվել ու հանրայնացվել է:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունմամբ կապահովվի Օրհուսի կոնվենցիայի ամբողջական կիրարկումը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան դրույթների շրջանակներում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվությունը տնօրինող սուբյեկտին հնարավորություն կընձեռվի  պաշտպանել հանրային շահն ու անվտանգությունը՝ ոլորտին վերաբերող խնդիրների կարգավորման հարցում։

Բայց բնապահպանական և տեղեկատվության ազատության պաշտպանության կազմակերպությունները պնդում են, որ նախագիծը ոտնահարում է մարդու հիմնարար իրավունքները և որևէ կապ չունի Օրհուսի կոնվենցիայի հետ, Օրհուսի կոնվենցիայի պահանջներից չի բխում։ Ընդհակառակը, այդ կոնվենցիան խրախուսում է, որ շրջակա միջավայրի հարցերում տեղեկատվությունն առավելագույնս բաց լինի և նախատեսում է վերապահում յուրաքանչյուր անդամի համար, որ իր առաջնահերթություններից ելնելով՝ տվյալ պետությունը կարող է որոշ տեղեկություններ սահմանափակել։ Իսկ այն, թե օրինագծով նախատեսված սահմանափակումներն ուղղակիորեն բխում են կոնվենցիայի պահանջներից, փորձագետները մանիպուլյատիվ հնարք են համարում, նույնն է, թե Մարդու իրավունքների հռչակագիրը վկայակոչելով՝ սահմանափակվեն մարդու իրավունքները։ Միգուցե և որոշ իրավիճակներում դա պետք է անել, բայց նախ պետք է հիմնավորես դա անելու համար ծագած անհրաժեշտությունը, և ոչ թե ապրիորի հղում կատարես միջազգային պայմանագրին, որը այլ բանի մասին է։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն արդեն մի շարք հրապարակումներով անդրադարձել է այս խնդրահարույց նախագծին՝ նշելով նաև, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը, որը բաղկացած է ընդամենը 2 պարբերությունից, մշակվել է 780.000 ԱՄՆ դոլարով դրամաշնորհի շրջանակում՝ Շրջակա միջավայրի նախարարության կողմից։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մի շարք տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով տրամադրել մանրամասներ այս դրամաշնորհի մասին։

ԻԱԿ-ին ի պատասխան՝ նախարարությունը որպես այս օրենսդրական փոփոխության հիմնավորում նշել է միայն ծրագրի շրջանակում իրականացված փորձագիտական վելուծությունը, սակայն պատասխան գրություններից և ոչ մեկով այդպես էլ չի տրամադրել ո՛չ վերլուծությունը, ո՛չ դրա հրապարակման պաշտոնական հղումը, ոչ էլ տեղեկություն, թե ո՛ր փորձագետներն են մշակել օրենքի նախագիծը, ինչը մի շարք հարցեր ու կասկածներ է առաջացնում։

Կենտրոնը նախարարությունից նաև պարզաբանում էր խնդրել՝ արդյո՞ք շրջակա միջավայրի նախարարությունում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ
հանրային քննարկում եղե՞լ է, թե ոչ, և եթե ոչ, ապա ինչու այդ մասին որևէ տեղեկություն առկա չէ նախարարության կայքում: Ի պատասխան՝ նախարարությունը պարզաբանել է, թե նման տեղեկությունը «նախարարության պաշտոնական կայքում չի տեղադրվել տեխնիկական խնդիրների պատճառով»։

Այդուհանդերձ Շուշան Դոյդոյանն արձանագրել է, որ կառավարության նիստին էր  ներկայացվել քաղաքացիական հասարակության կողմից չընդունված և խիստ քննադատության արժանացած օրինագիծ, որի շուրջ պատշաճ հանրային քննարկում չի իրականացվել։ Այլապես նախագիծն այդ տեսքով չէր հայտնվի կառավարության սեղանին:

Ըստ Դոյդոյանի՝ նախագիծը կարող է խախտել լրագրողների տեղեկատվություն ստանալու իրավունքը, բացի դրանից, այս փոփոխությունները խախտում են կառավարության որդեգրած թափանցիկության սկզբունքը. «Սա հնարավորություն է տալիս, որ նախարարությունը սեփական հայեցողությամբ որոշի, թե որ պահին որ տեղեկատվությունը կարող է բացասական ազդեցություն գնահատել և մերժվել լրագրողների կամ հասարակական կազմակերպությունների հարցումը։ Ինչը անթույլատրելի է, քանի որ այդկերպ կառավարությունը, նախարարությունը կարող են հանրությունից, շահագրգիռ կողմից ծածուկ և օրենքին հակասող ծրագրեր իրականացնել»։

Փոփոխությունների վերաբերյալ նախագծին օրեր առաջ անդրադարձել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանը: Նրա դիրքորոշմամբ՝ օրինագիծը չի արտացոլում «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության մատչելիության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» 1998 թվականի Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրական բովանդակությունը և գործնականում կարող է առաջ բերել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհիմն մերժման ռիսկեր:

Պաշտպանը կարևորել է այս ոլորտում տեղեկատվության ազատության երաշխավորումը և դրանով պայմանավորված քաղաքացիական վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ։

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում է օրենքի նախագիծը միջազգային չափանիշների համապատասխանեցման տեսանկյունից, որի արդյունքները կներկայացվեն Ազգային ժողով։

Մարտի 6-ին նախագիծը քննադատող հայտարարություն տարածեց նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը: Հայտարարության մեջ նշված է, որ խնդրահարույց նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ այն մշակվել է ի կատարումն ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների, մասնավորապես՝ 1998 թվականի հունիսի 25-ին Դանիայի Օրհուս քաղաքում Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրած և 2001 թվականի հունիսի 27-ին վավերացրած շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիայի դրույթների ներպետական օրենսդրությամբ իմպլեմենտացմանն ու մոտարկմանը: Բայց նախագծի հիմնավորման մեջ Օրհուսի կոնվենցիայի հոդվածների դրույթները ընտրովի և հատվածական են ներկայացված, ինչն էլ հնարավորություն չի տալիս գնահատելու՝ կոնվենցիայի դրույթների պահանջները մեր ներպետական օրենսդրությամբ անպայմանորեն հենց նախագծո՞վ առաջարկվող կարգավորումների տեսքով պետք է իմպլեմենտացվեն, թե կոնվենցիան այն վավերացրած երկրներին հնարավորություն է տալիս այլ մոտեցումներ որդեգրել: Օրհուսի կոնվենցիայի «դրույթները չեն շոշափում որևէ Կողմի իրավունքը՝ շարունակելու իրագործել կամ ձեռնարկել միջոցներ, որոնք ենթադրում են տեղեկության ավելի լայն մատչելիություն, հասարակության ավելի ակտիվ մասնակցություն որոշումների ընդունման գործընթացին և արդարադատության ավելի լայն մատչելիություն բնապահպանական հարցերով, քան դա նախատեսված է սույն Կոնվենցիայով։

Այսինքն՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի գործող կարգավորումները, որոնց համաձայն՝ տեղեկատվության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը, ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետությունն օրենսդրական կարգավորումների մակարդակում երաշխավորվող տեղեկության ավելի լայն մատչելիությունը՝ բնապահպանական հարցերով ավելի արդարացված է, քան Կոնվենցիայով նախատեսված հնարավոր սահմանափակումները: Ուստի, նախագծով շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման սահմանափակմանն առնչվող կարգավորումները պայմանավորել Օրհուսի կոնվենցիայի պահանջների հետ, հիմնավոր չէ:

Հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի դիտարկմամբ՝ նախագծի հիմնավորման մեջ մեջբերվում են ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ, սակայն նախագիծը մշակող իրավասու մարմինը նման կարգավորումներ սահմանելով՝ չի պահպանել ՀՀ Սահմանադրության 78- րդ և 79-րդ հոդվածների պահանջները. 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Մինչդեռ խորհրդի գնահատմամբ՝ նախագծի հիմնավորման մեջ բավարար չափով բացահայտված չէ, թե օրենքով շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման սահմանափակումներ մտցնելու կարգավորումները որքանով են արդարացված:

Բացի դրանից, նախագծով անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր չեն սահմանվել, թե որ դեպքերում լիազոր մարմինը կարող է շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժել և դրանով իսկ պարարտ հող է նախապատրաստել հնարավոր անհամաչափ սահմանափակումների համար, որոնց արդյունքում, ի թիվս այլոց, կարող է վնաս հասցվել հենց բնությանը:

Նախագծի հրապարակման առաջին իսկ օրվանից քաղաքացիական հասարակության բազմաթիվ կառույցներ, բնապահպաններ, լրագրողներ ահազանգել են նախագծով առաջարկվող կարգավորումներում ներառված վտանգների մասին՝ ընդգծելով, որ այն հայեցողական լիազորություն է տալիս լիազոր մարմնին մերժելու շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվության տրամադրումը: Ուստի, բոլոր կողմերից կոչ է արվել արտակարգ դրության պայմաններում դադարեցնել օրինագծի շրջանառությունը, և դրա շուրջ պատշաճ հանրային և մասնագիտական քննարկումներ կազմակերպել արտակարգ դրության դադարեցումից հետո:

Նույն օրը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի  նախաձեռնությամբ նման հայտարարությամբ ներկայացավ նաև ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է 230-ից ավելի հայաստանյան ՔՀԿ-ներ, ինչպես նաև հարյուրից ավելի հասարակական կազմակերպություններ: Նրանք կառավարությունից պահանջում են անհապաղ չեղարկել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը և չներկայացնել Ազգային ժողով հետագա քննարկումների, քանի որ այն չի համապատասխանում տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորություններից բխող պահանջներին։

Ի դեպ, նման նախագիծ դեռ նախորդ կառավարությունների օրոք է փորձ արվել նախաձեռնել և ընդունել, սակայն քաղհասարակության պայքարի շնորհիվ հնարավոր է եղել այն հետաձգել: Բայց ստացվում է, որ այս դեպքում ևս ժողովրդավարության սկզբունքները որդեգրած իշխանությունները ամեն միջոց օգտագործում են մեր երկրում գործող ազատությունները սահմանափակելու և քաղհասարակության, լրատվամիջոցների աչքից հեռու հնարավոր անօրինական գործարքների գնալու համար:

Թագուհի Ասլանյան