Նիկոլ Փաշինյանին դատի տալու մասին

Հարգելի հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը բազմիցս հրապարակայնորեն խախտել է անմեղության կանխավարկածն ու իմ նկատմամբ իրականացրել է զրպարտչական գործողություններ։ Փաշինյանի կողմից իմ դեմ իրականացված զրպարտչական գործողություններից առավել աչքի են ընկել կապանյան ասուլիսում, բեռլինյան հարցուպատասխանում, Հ1-ի հարցազրույցում և Մեղրիի հանրահավաքում իմ հասցեին արված մի շարք արտահայտություններ։

Փաստաբանական թիմիս հետ քննարկումների արդյունքում, ինչպես նաև Փաշինյանի կողմից այլ անձանց զրպարտելու առթիվ դատական գործերն ուսումնասիրելուց հետո հանգեցի այն համոզմանը, որ Փաշինյանը մշտապես հրաժարվում է իր արտահայտություններից ու խոսքերից՝ ամենատարբեր մանևրման հնարքներով խույս է տալիս պատասխանատվությունից։ Օրինակ՝ հանրահայտ գործով Փաշինյանը պարզապես հրաժարվեց իր հնչեցրած մտքերի հասցեատիրոջից և հայտնեց, թե իբր ինքն ամենևին էլ նկատի չի ունեցել հայցվորին։

Որպես սկզբունքային, պատասխանատու եւ կշռադատված մարդ՝ երկարամյա պետական ծառայության ընթացքում երբևէ թույլ չեմ տվել այնպիսի արարք, որից հետո պետք է հրաժարվեի, որպեսզի խույս տայի պատասխանատվությունից։ Այդպիսի գործելաոճն ինձ համար մշտապես եղել է մերժելի, ու այդօրինակ գործելավոճով առաջնորդվողները երբևէ չեն վայելել հարգանքս։

Այն, որ Նիկոլ Փաշինյանն ինձ զրպարտել է, ակնհայտ փաստ է, դուրս է որևէ կասկածանքից։ Այն, որ Նիկոլ Փաշինյանն էլ դա գիտի, առավել ակնհայտ է հենց այն պարզ պատճառով, որ պատասխանատվությունից խուսափելու համար վերջինս իր հակաօրինական (զրպարտչական) գործողությունը որակեց քաղաքական՝ կարծելով, թե քաղաքական որակված հայտարարությունները կարող են լինել անպատասխանատու։

Բայց, նկատի ունենալով, որ զրպարտությամբ խախտված իրավունքների վերականգնումը դասվում է բարի անվանը և համբավին առնչվող իրավունքների պաշտպանությանը, որն արտահայտվում է բարոյական վնասների փոխհատուցմամբ՝ ինձ համար այս հարցում առավել կարևոր է հարցի հենց բարոյականության բաղադրիչը։ Ո՞րն է ավելի բարոյական. հրապարակային անել հայտարարություններ, որոնցից հետո պետք է հրաժարվե՞լ, թե՞ պարզապես չանել այդպիսի հայտարարություններ։ Պարոն Փաշինյանն ընտրել է առաջին տարբերակը, ինչին բազմիցս ենք ականատես եղել։

Ակնհայտ է, որ պարոն Փաշինյանը դատարանում պատասխան տալիս պարզապես հրաժարվելու է իր գործողություններից, այդպիսով փորձելու է խուսափել դրանց համար նախատեսված պատասխանատվությունից։ Հայտնելու է, թե ինքն աներկբա պնդում է, որ հակաօրինական գործողություններ կատարելիս ինձ նկատի չի ունեցել, այլ պարզապես օդում կախված լուրերն է ներկայացրել հանրությանը։

Այսպիսով, նկատի ունենալով վերոնկարագրվածը՝ որոշել եմ այս փուլում դատական հայցով ընդդեմ Փաշինյանի հանդես չգալ, քանի որ ինձ համար շատ ավելի կարևոր ու արժեքավոր է նախ մարդու անձնական պատասխանատվությունն և հետո միայն դրա դատական ամրագրումը։ Ժամանակն ու փորձը ցույց է տվել, որ «պատասխանողի» մոտ առաջինը բացակայում է, իսկ այդ դեպքում երկրորդը համարում եմ անօգուտ, քանի որ դատարան դիմելը որևէ դեպքում չի ավելացնելու «պատասխանողի» անձնական պատասխանատվությունը։

Սակայն, այնուամենայնիվ, համոզված եմ, որ մեծ պատասխանատվությունը վաղ թե ուշ վրա է հասնելու…

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Նիկոլ Փաշինյանին դատի տալու մասինՀարգելի հայրենակիցներ,ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը բազմիցս հրապարակայնորեն խախտել…

Опубликовано Arsen Babayan Среда, 8 апреля 2020 г.