Կորոնավիրուսից Ստամբուլում մահացել է ևս մեկ հայ. «Արևելք»

Կորոնավիրուսից Ստամբուլում մահացել է հայ համայնքի երիտասարդ անդամ Հակոբ Պալթայանը: Այս մասին տեղեկացնում է arevelk.am կայքը` հղում անելով Ստամբուլի իր աղբյուրին:

Աղբյուրը տեղեկացրել է, որ Պալթայանն այլ հիվանդություններ էլ է ունեցել և վերջին օրերին ջերմել սկսելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Երկու զավակների հայր Հակոբ Պալթայանը որոշ ժամանակ գործունեություն է ծավալել որպես Յենիգյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու թաղային խորհրդի ատենապետ:

Պալթայանի մահով Ստամբուլում կորոնավիրուսի հետևանքով մահացած հայերի թիվը հասել է 5-ի:

Պոլսահայ համայնքի ղեկավարությունը շարունակում է հետևել զարգացումներին, մի շարք թաղամասերում վարչական մարմիններն օգնություն են ցուցաբերում համայնքի կարիքավոր ընտանիքներին: