«Տարոն-Ավիա»-ն և նրա կողմից շահագործվող օդանավերը երբևէ ներգրավված չեն եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի և թմրանյութերի վաճառքի մեջ. հայտարարություն

«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, որով հերքում է, որ ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերը ներգրավված են եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի և թմրանյութերի վաճառքի մեջ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Ուզում ենք անդրադառնալ վերջին մի քանի օրվա ընթացքում հայաստանյան մամուլում տեղ գտած մի շարք հոդվածներում և հրապարակումներում «Տարոն- Ավիա» ՍՊԸ ավիաընկերության վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին․
Առաջինը՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը իր գործունեության ընթացքում ոչ մի թռիչք չի իրականացրել դեպի Բուլղարիա։
Երկրորդը՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը և նրա կողմից շահագործվող օդանավերը երբևէ ներգրավված չեն եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի և թմրանյութերի վաճառքի մեջ։
Մենք նույնպես մտահոգված ենք հայկական քաղաքացիական ավիացիայի ապագայով և ակնկալում ենք ստեղծված խնդիրների շուտափույթ հանգուցալուծում»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կան նախկին պաշտոնյաներ, որոնց պատճառով երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ: