Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով պաշտպանները գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով պաշտպանները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Այս ամսին այսօր՝ ապրիլի 8-ին ասուլիսում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը` նշելով, որ ստեղծված համաճարակային իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը չի կարող գտնվել կալանք տակ, քանի որ նա տարիքային խոցելի խմբում է։ Պաշտպանն ընդգծեց, որ մարտի 17-ից դատական նիստ չի եղել, և միջնորդությունը չի քննվել։

«Արդեն ձեռնարկում ենք տարբեր քայլեր, այդ թվում՝ միջազգային կառույցներին ենք իրազեկում, նոր գանգատ է գնացել Եվրոպական դատարան և որոշակի տեղեկություն է անընդհատ ուղարկվում այդ կառույցին»,- ասաց Ալումյանը։

Պաշտպանը նաև նշեց, որ ապրիլի 7-ին նամակ է ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ հիշեցնելով ԲԴԽ-ի 2018 թվականի հուլիսի 9-ի որոշումն այն մասին, որ միջնորդությունների քննարկման համար սահմանված են սեղմ դատավարական ժամկետներ, այնինչ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով մարտի 17-ից միջնորդությունը չի քննարկվել։

Պաշտպանների խոսքով՝ իրենք անընդհատ կապի մեջ են Մարդու իրավունքների պաշտպանի հետ և պահանջում են հարցի հանգուցալուծում։