Փաշինյանը Քոչարյանին մեղադրում է թալանի մեջ. Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը այսօր կայացած ասուլիսին ներկայացրել է Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական հայցի հիմքերը:

«Ասում եմ անվանական՝ Ռոբերտ Քոչարյան, եվրոպացիների փեշերի տակ չեք «պախկվի», Ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք»,- Ալումյանը ներկայացնելով ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ ասաց, թե այդ արտահայտությունից հետևում է, որ Փաշինյանը Քոչարյանին մեղադրում է թալանի մեջ: «Երկու ուրիշ դրվագում էլի նման մեղադրանքներ կան»,- հավելեց փաստաբանը:

Դիտարկմանը, թե սա Քոչարյանը երկրորդ հայցն է ընդդեմ Փաշինյանի, սակայն առաջին հայցադիմումից հրաժարվել էր, Ալումյանն ասաց, որ 2018-ի օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ էր արձակել անձեռնմխելիության հիմքով, ինչը վարչապետին զայրացրել էր:

«Դրանից մոտ մեկ ամիս անց վարչապետը Փարիզում արեց հետևյալ հայտարարությունը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը. ասում են անձեռնմեխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել, և ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ»: Սա զրպարտություն և անմեղության կանխավարկածի խախտում էր, բայց վարչապետն իր ներկայացուցչի միջոցով հայտարարեց, որ այս արտահայտությունը Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում»,- պարզաբանեց Ալումյանը:

Նա նաև չբացառեց, որ այս անգամ, եթե նույնիսկ Փաշինյանը հրաժարվի իր հայտարարությունից, փաստաբանները մինչև վերջ կգնան, որպեսի հաջորդ անգամ նույն խնդիրը չլինի:

Նշենք, որ նախօրեին Դատական տեղեկատվական համակարգից պարզ դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։