Ինչ նպատակ ունեն Թորոսյանն ու իշխանությունները՝ հանրությանն ապակողմնորոշելով

Երկրի գլխավոր համաճարակաբան, գլխավոր վիրուսաբան, կառավարության ու չգիտեմ, թե էլ ինչի գլուխ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան Facebook-ի իր էջում տեղեկացրեց, որ Հայաստանում ապրիլի 7-ին, ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 20 նոր դեպք է գրանցվել, առողջացել է 25 քաղաքացի, թեստավորվել է 211-ը: Այսպիսով պարզ դարձավ, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերը նախօրեի առավոտյան հրապարակված 833-ից այսօր առավոտյան 11:00-ի դրությամբ հասել են արդեն 853-ի:

Թվում է, թե Հայաստանում նոր կորոնավիրուսով մարդկանց վարակման, վարակի տարածման ու ներկայացրած վտանգավորության առումով հրապարակայնությունն ապահովված է, սակայն Փաշինյանը և այսօրվա իշխանությունը հերթական անգամ ստեղծում են հրապարակայնություն ապահովելու երևութականություն: Անհայտ է մնում, թե վերոնշյալ 20 և 853 հոգուց քանի՞սն են եղել կարանտինացվածների, քանիսը` մեկուսացվածների խմբերում, և քանի՞սն է, որ ոչ առաջին, ոչ էլ երկրորդ խմբում են եղել: Պարզ է, որ վերջիններս սկզբում ընդհանրապես, իսկ հետագայում, հայտնի սահմանափակումներից հետո բազմաթիվ դեպքերում փողոց, աշխատանքի և այլուր դուրս գալու իրավունք ու հնարավորություն ունենալով, դուրս են եկել տանից, ինքնամեկուսացման վայրից և, ամենայն հավանականությամբ, վարակել անհայտ թվով մարդկանց:

Չի տեղեկացվում, անհայտ է մնում նաև, թե վերոնշյալ 20 և 853 հոգուց քանիսի՞ պարագայում է հայտնի վարակման աղբյուրը, նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերն ըստ մարզերի և բնակավայրերի ինչ բաշխվածություն ունեն: Այս ամենի առնչությամբ առանձին օրերի տարբեր պաշտոնյաների, մարմինների կողմից հրապարակվում է ոչ ամբողջական, մասնակի և կիսատ-պռատ տեղեկատվություն, որպեսզի դրանցով հետաքրքրվող ցանկացած մեկը նույնիսկ պաշտոնական տարբեր աղբյուրների հրապարակած տեղեկությունները համադրելով, չկարողանա իրավիճակի մասին ամբողջական պատկերացում ունենալ:

Բազմիցս գրվեց, խոսվեց, պահանջվեց, որ նոր կորոնավիրուսի ու ՀՀ-ում դրանով վարակվածության առկա ու նոր դեպքերի, վարակման աղբյուրների, հիվանդների առողջական վիճակի, մահվան դեպքերի, կարանտինացվածների, մեկուսացվածների քանակի ու գտնվելու վայրի, թեստավորվածների քանակի, ստացված արդյունքների և այլնի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվի միայն մեկ աղբյուրի կողմից և ամբողջական կերպով: Սակայն, պարետատան, ՀՀ առողջապահության նախարարության, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի և վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից այս պահանջի հետևողական չկատարումը հուշում կամ վկայում է, որ նրանք միտում ունեն հասարակությանը շշկռացնելու, հանրությանն ապակողմնորոշելու կամ իրականությունը նրանից թաքցնելու: Այս հետևությունը հնարավոր է հերքել միայն վերոնշյալի վերաբերյալ ամենօրյա պարբերականությամբ ամբողջական տեղեկատվություն հրապարակելով, ինչը դժվար թե նույնիսկ այս հոդվածից հետո արվի: Ինքներդ էլ ամեն օր հետևեք հիշյալի առնչությամբ պաշտոնական տեղեկատվությանը, և կհամոզվեք, թե որն է իրականությունը:

Hetq.am-ը երեկ «Երբ աճը ներկայացնում են որպես նվազում. Արսեն Թորոսյանի շփոթեցնող գրաֆիկը» վերտառությամբ հրապարակված հոդվածով բացահայտել է, թե Արսեն Թորոսյանն ինչ հնարքի է դիմել, նրա կողմից որոշակի բանաձևի կիրառման «արդյունքում ստացված թվերը որպես նվազման միտում ներկայացնելը ոչ միայն չի արտացոլում իրական պատկերը, այլև ապակողմնորոշում է հանրությանը՝ աճը նկարագրելով որպես նվազում»։

«Շփոթեցնող, հանրությանը խաբկանքի ենթարկող այս գրաֆիկի միջոցով Հայաստանի իշխանությունը փորձում է համոզել, որ գրեթե «ջարդում է»‰ համաճարակի կորը,- գրել է Hetq.am-ը:- Բայց պարզվում է, որ նախարարի հրապարակած գրաֆիկի բանաձևը կարող է հրաշքներ գործել կորոնավիրուսի ամենաշատ տարածում ունեցող այնպիսի երկրների վիճակագրության վրա, ինչպիսիք են Իտալիան և Իսպանիան։

Օրինակ, եթե Արսեն Թորոսյանի հրապարակած գրաֆիկի մեթոդաբանությունը պայմանականորեն կիրառենք Իտալիայի տվյալների վրա, կստացվի, որ Իտալիան շատ վաղուց «ջարդել է» կորը և նվազման միտում արձանագրել»։

Նշելով, որ «Որքան մեծանում է վարակվածների թիվը և օջախների աշխարհագրությունը, այնքան համացանցում նկատվում են տվյալների վերլուծության այլ գործակիցների նվազման տենդենց պատկերելու փորձեր», Hetq.am-ը եզրափակել է. «Հանրությունը, սակայն, կարիք ունի ոչ թե դրական լիցքեր առաջացնող, այլ իրականությանը համապատասխանող տեղեկատվության»։

Կարելի է ենթադրել, որ հանրության շրջանում առաջացնելով այն սխալ, համենայն դեպս, առայժմ դեռ բավարար փաստերով չհիմնավորված պատկերացումը, թե Հայաստանը վարակի մեջքը կոտրում է կամ մոտ է դրան, իշխանությունները նպատակ ունեն շատ մոտ ապագայում գործող սահմանափակումների մի մասը վերացնել, կրճատել դրանք, մեղմել սահմանված ռեժիմը` անտեսելով, որ դա կարող է հանգեցնել վարակման ու մահվան դեպքերի կտրուկ աճի:

Արթուր Հովհաննիսյան