Ֆոկուսնիկ ազգ ենք դարձել, Կոպերֆիլդն ո՞ւմ շունն ա, որ մեզ պես ֆոկուս անի կամ՝ Եթե իմբիր չկա, Մարտունիի կարտոշկա կերեք, շատ օգնում է կորոնավիրուսի դեմ. Փաշինյանի ասուլիսի արձագանքները

Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասուլիսը թերևս ամենավատերից էր՝ պատրաստվածության, հարցերի ընդգրկունության և կարևորության, տրված պատասխանների ոչ բազմակողմանիության և ոչ բազմաբովանդակության առումով: Չնայած նա երբեք էլ աչքի չի ընկել իրեն ուղղված հարցերին անկեղծ և ընդգրկուն պատասխաններ տալով: Ամեն դեպքում դա չխանգարեց երկրի բոլոր խնդիրները նորից բարդել նախկինների վրա և փորձել ինքնահաստատվել նրանց հաշվին: Վարչապետն այս անգամ էլ ընդունել էր ամենակարողի և երբեք չսխալվողի կեցվածք՝ արդարացնելով իր և իր թիմի բոլոր քայլերը և փորձելով նրանց ցանկացած բացթողում ներկայացնել իբրև ձեռքբերում:

Այս առումով հայ հասարակությունը որևէ նորության ականատես չեղավ, և վարչապետի երեկվա ասուլիսը, կարելի է ասել, նման էր միլիոն անգամ դիտած և արդեն վաղուց ձանձրացրած ֆիլմի, որը չես ուզում դիտել, բայց պարտադրված ես: Բայց այս հոդվածում դրան չէ, որ ցանկանում ենք անդրադառնալ: Մեզ հետաքրքիր էր օգտատերերի արձագանքը, որը նրանք անթաքույց ներկայացնում էին իրենց մեկնաբանություններում:

Վարչապետի գրեթե 4 ժամ տևած հեռարձակման ժամանակ թողած մեկնաբանություններում օգտատերերը իրենց վրդովմունքն էին հայտնում, որ նա միայն ընտրված հարցերին է պատասխանում և ոչ ամենևին ամենաշատ ձայներ հավաքածներին, ինչպես ի սկզբանե խոստացել էր: Բայց կար նաև հակառակ կարծիք, որ վարչապետը ամենաշատ հավանումներ հավաքած անհեթեթ հարցերի  է պատասխանում, որոնք շոյում են իր ինքնասիրությունը, բայց բնավ կարևոր չեն, մինչդեռ ավելի քիչ ձայներ հավաքած և կարևոր հարցերն անտեսվում են: Իրոք, մենք ևս վարչապետին հարց էինք ուղղել վերջին օրերին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և նրա ղեկավար Տաթևիկ Ռևազյանի շուրջ ստեղծված սկանդալային պատմության վերաբերյալ՝ վարչապետին խնդրելով մանրամասեր ներկայացնել և պարզաբանել խնդիրը: Օգտատերերից մեկն էլ հարցադրմամբ վարչապետին ներկայացրել էր, որ այսօրվա դրությամբ, երբ հանրային տրանսպորտը չի աշխատում, որոշ բուժհիմնարկների աշխատակիցներ պարտադրված են իրենց գրպանից վճարելով՝ տաքսիներով հասնել աշխատավայր և երեկոյան վերադառնալ տուն, այնինչ քաղաքապետարանը հայտարարել էր, թե այդ աշխատակիցների համար առանձին ավտոբուսներ կտրամադրվեն: Կարծում ենք՝ այդ հարցերն ավելի ցպահանջ էին և կարևոր, քան օգտատերերից մեկի հարցը, թե վարչապետն ինչպե՞ս է դիմանում իր ժողովորդին, որին Փաշինյանն այնքան մեծ սիրով պատասխանեց:

Այստեղից էլ կասկածներ էին առաջացել, որ հարցերը նախապես զտված են եղել և ընտրվել են նրանք, որոնց վարչապետը կկարողանա արժանապատվորեն պատասխանել և առիթ ունենալ գովաբանել իր և իր թիմի աշխատանքը: Հանուն արդարության նշենք, որ պատասխանների համար միայն նման հարցեր չէին ընտրված: Բայց անգամ քննադատական, խնդիր առաջ քաշող հարցերը ստացան հակադարձող պատասխաններ: Օրինակ, անդրադառնալով ամենաշատ հավանում ունեցած հարցերից մեկին, թե ինչու վարչապետը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ոչ պրոֆեսիոնալ պատգամավորներին չի ուղարկում տուն, վարչապետն ասաց, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կազմը լավագույն թիմն է, որ երբևէ եղել է ԱԺ-ում:

Թեև դեռ ասուլիսից առաջ Փաշինյանը ներկայացրել էր, որ իրեն ուղղված հարցերը կարդալու է իր մամուլի խոսնակը, բայց օգտատերերից Անահիտ Անտոնյանը կասկած էր հայտնել, որ հարցերն իրականում նրա կինը՝ Աննա Հակոբյանն է ընթերցում՝ ուղղորդելով ամուսնուն, թե որ հարցին պատասխանի: «Փաշինյանը աչքիս խաբար էլ չի, թե իրեն ինչեր են գրում… Աննան է որոշում, թե ինչ հարցեր տա, լրիվ Աննան է ղեկավարում, Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, Աննա Հակոբյանն է տիրապետում իրավիճակին»:

Մեկն էլ գրել էր, թե ընտանիքում կռիվ է ընկել՝ վիճում են, թե հարցերը կարդացողն ո՞վ է, արդյոք Աննա Հակոբյանն է: Իսկ մեկ այլ օգտատեր էլ վստահաբար նշելով, որ վարչապետի կինն է հարցերն ընթերցում, խորհուրդ էր տվել Մարիամիկին էլ կանչեն, որ լայքեր դնի:

Օգտատերերից մեկն էլ նկատել էր, որ հարցերն անարդարության սկզբունքով են ընտրվել. «Պր. վարչապետ, ձեր համակարգող մարմինը հարցերին շատ անարդար է վերաբերվել, 60, 70, լայք ստացողներին պատասխանում եք, և շատ լայք հավաքած ու շատ կարևոր հարց, որը վերաբերում է հաշմանդամ երեխաներին, անտեսում եք»:

Մեկն էլ գրել է, թե անգամ ընտրված հարցերին նախապես պատրաստվել են, պատասխանները գրել են ու գրածին նայելով է վարչապետը խոսում. «Տենում եք, ժող ջան, դաժը հարցերի պատասխաններն ա գրած, կարդում են ու պատասխանոմ»:

Զարմանալի չէ, որ Փաշինյանին տրված հարցերում օգտատերերի, քաղաքացիների մեծ մասը ֆինանսական օգնություն էր ակնկալում՝ նշելով կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների դեմ պայքարի համար կառավարության մշակած ծրագրերի սահմանափակ հնարավորությունները: Շատերն էին բողոքում, որ իրենք ընդգրկված չեն օգնության ծրագրերում, չնայած պակաս կարիքավոր չեն, որքան ընդգրկվածները: Այդպիսի հարցադրումները երբեմն զավեշտի էին հասնում: Մի կին գրել էր, թե 3 անչափահաս կատու ունի, գրանցված աշխատող չէ, բայց օգնության կարիք ունի և հույսը դրել է վարչապետի կենդանասիրության վրա. «Պարոն վարչապետ, 42 տարեկան եմ, ունեմ 3 անչափահաս կատու, գրանցված աշխատող չեմ, ինձ չի՞ հասնում օգնություն, չեմ հասկանում: Կարծեմ, դուք կենդանապաշտ եք ու կենդանապաշտ լուծում տվեք էս հարցին»:

Նառա Գրիգորյանն էլ գրել էր, որ ընտանիքում 10 անձ են, 4 փոքր երեխա և ոչ ոք չի աշխատում: Ընտանիքի միակ եկամուտը 27 հազար դրամ թոշակն է, և քանի որ կորոնավիրուսի պատճառով իրենցից որևէ մեկը գործազուրկ չի դարձել, ապա ըստ պետական աջակցության ծրագրերի՝ նրանց օգնություն չի նախատեսվում, և օգտատերը խնդրում է նաև իրենց նմաններին աջակցություն ցույց տալ:

Տիգրան Ղազարյանն էլ իր վրդովմունքն ու անելանելիութունն էր հայտնել իր գործազուրկ դառնալու համար. «Հարգելի պարոն վարչապետ, կարո՞ղ եք ասել, եթե ես ներկա պահին չեմ աշխատում, ոնց իմ 5 երեխուն պահեմ, դուք 53 հազար դրամով կարա՞ք տուն պահեք, վարձ տաք, կոմունալ վճարեք»:

«Պարոն Փաշինյան, ինչ տարբերություն, երեխաներս սովից կկործանվեն, թե այս վիրուսից, եթե տունը նստած չեմ կարողանում պահեմ երեխաներիս: Միայնակ եմ ու երեխաս ունի առողջական լուրջ խնդիր, ոնց պահեմ, կասե՞ք»,- արձագանքել է մեկ այլ քաղաքացի:

Հայաստանցիները ևս ակնկալում են, որ Փաշինյանը կհոգա մարդկանց առաջիկա ամիսների կոմունալ վարձերը՝ հետևելով Վրաստանի իշխանությունների օրինակին. «Պարոն վարչապետ, գոնե Վրաստանի պես դուք էլ կոմունալ վարձերը մի քանի ամսով վճարեք, թե չէ 30 000 դրամ նպաստով 4 հոգով, որոնցից 2-ն անչափահաս  փոքրիկներ են, հնարավոր չէ ապրել: Լրիվ ֆոկուսնիկ ազգ ենք դարձել, Դևիդ Կոպերֆիլդն ո՞մ շունն ա, որ մեզ պես ֆոկուս անի»:

Օգտատերերից շատերը նաև վարձով բնակարանների հարցն էին բարձրացրել՝ նշելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների պատճառով զրկվել են աշխատանքից, հասույթից, պարտադիր պարապուրդի են մատնվել, բայց վարձով են բնակվում և այս ու առաջիկա ամիսներին չեն կարողանալու վարձը մուծել, մինչդեռ պետական ծրագրերով այս խնդիրը չի դիտարկվել:

«Պարոն վարչապետ, ես վարձով եմ ապրում, ունեմ երկու անչափահաս երեխա: Շինարար եմ, այս պահին չեմ աշխատում: Ո՞ւր ա մեր դուխով վարչապետը, որը պետք ա այս լուրջ պահին կանգնի մեր ընտանիքների կողքին»,- գրել է Վահե Նադիրյանը:

Մեկ այլ քաղաքացի էլ իր խնդիրն է ներկայացրել. «Պարոն Փաշինյան, մենք ապրում ենք վարձով, վիրուսի պատճառով տանը 3 անձ է ու երեքս էլ չենք աշխատում: Ո՞նց է լինելու տան վարձի հարցը, եթե այս դրության պատճառով մենք ի վիճակի չենք տան վարձ մուծել»:

Բայց նաև կառավարության աջակցության ծրագրերում ընդգրկված քաղաքացիներն են դժգոհ, ասելով, որ պետության տված միանվագ ու չնչին գումարներն այս օրերին առաջացած խնդիրների համար լուծում չեն: Ինչպես նկարագրել է մի օգտատեր, ունի  3 անչափահաս երեխա, ամուսինն աշխատում էր Երևանում (հավանաբար նրանք մարզից են), այժմ չի աշխատում: Ընտանիքը նպաստառու է, սակայն նպաստն ապրելուն չի բավականացնում և անգամ միանվագ օգնությունը խնդրին դարման չէ: Եվ հռետորական հարց է հնչեցնում՝ ինչպե՞ս ապրել:

Արթուր Հակոբյանն էլ գրել էր. «26,500 դրամի վրա թքած ունեմ, որ ժողովրդին օգնում եք, ձեզ միլիոններով պարգևատրում: Մարդ կա, ոչ մի ծրագրի մեջ չի մտնում, երեխա չունի, օրավարձով ապրող բանվոր է, նստցրել ես տունը, օդո՞վ է ապրելու»:

Մեկ օգտատեր էլ խորհուրդ է տալիս բոլորին ընդգրկել օգնության ծրագրերում. «Պարոն Փաշինյան, ակնհայտ է, որ այս վիրուս կոչվածը բոլորի առողջությանը, բարոյահոգեբանական, սոցիալական վիճակի վրա է ազդում և մեծ հետք է թողնելու նրանց վրա: Մշակեք այնպիսի ծրագիր, որում ընդգրկվեն բոլոր գործազուրկները, անապահով խավը, միայնակ մայրերը, անօթևան բնակիչները, թոշակառուները, երիտասարդ ընտանիքները: Դժվար է, գիտենք, բայց անհնարին ոչինչ չկա: Ձեզ ուժ ու մեծ կամք»:

Երբ վարչապետն անդրադարձավ առաջարկներից մեկին՝ պաշտոնյաներին տրվող պարգևավճարները բաժանել թոշակառուներին, ուղիղ եթերի մեկնաբանություններում օգտատերերը ողջունեցին այդ առաջարկը՝ գրելով, որ բարձրացված թոշակի չափը ծիծաղելի է և ամենևին այս կառավարության ձեռքբերումը չէ:

Օգատերերից Վիկա Աստվածատրյանը գրել էր. «Էդ գրոշները, որ տալիս եք, յանի թոշակա՞, ե՞րբ եք բարձրացնելու: Մարդն ամեն օր դեղ է խմում, որի կոճակը արժի 1200 դրամ: Ձեր տվածով անգամ մեկ ամսվա դեղ չի կարում առնի»:

Ըստ մեկնաբանություն թողնողների՝ հատկապես այս օրերին արձանագրվող գնաճի պայմաններում թոշակներն արժեզրկվում են:

«Ես ձեր տեղը լինեի, պարգևավճարները կհանեի, կփոխանցեի սահմանամերձ գոտի, կտայի թոշակների բարձրացման: 3 000 դրամը չնչին է այս գնաճի ժամանակ»,- գրել է Կարեն Բարսեղյանը:

Չնայած դրան, վարչապետը հակադարձեց առաջարկի հեղինակին, որ պարգևավճարների գումարն այնքան չնչին է, որ թոշակառուների թոշակն ընդամենը մի քանի հարյուր դրամ կավելացնի՝ տարեկան բաշխման դեպքում:

Ի դեպ, առաջարկ կար նաև վերանայել ուսուցիչների աշխատավարձերը, որոնք այս օրերին նույնպես շարունակում են հեռավար ուսուցման ծրագրով կրթել երեխաներին, և երբ վարչապետը սկսեց խոսել կրթության կարևորության մասին՝ ասելով, որ միայն կրթությունն է լավ ապագայի երաշխիքը, Աննա Սարգսյանը առաջարկեց զգալի բարձրացնել այդ կրթությունն ապահովող ուսուցիչների աշխատավարձերը. «Պարոն Փաշինյան ջան, շատ լավ է, որ կրթությանը շատ տեղ եք տալիս, ուրեմն ուսուցիչների աշխատավարձն էլ պետք է շատ բարձր լինի: Այդ դեպքում խտրականություն չեն անի և լավ սերունդ կկրթեն»:

Բայց վարչապետը հասկացնել տվեց, որ ուսուցիչները թող դեռ գոհ լինեն, որ այս օրերին աշխատավարձ են ստանում: Իսկ ինչո՞ւ պետք է չստանային, եթե հեռավար ուսուցմամբ ավելի դժվարին պայմաններում շարունակում են իրենց առաքելությունը, այն դեպքում, երբ շատ գերատեսչությունների, պետական հիմնարկների աշխատակիցներ, որոնք հարկադիր պարապուրդում են, այնուամենայնիվ վարձատրվելու են:

Քաղաքացիներին մտահոգող թեմա էր նաև վերջին շաբաթների ընթացքում արձանագրվող գնաճը, որին նույնպես վարչապետը ըստ էության պատասխան չտվեց՝ ասելով միայն, որ գնաճն իր ուշադրության կենտրոնում է, հետևում է զարգացումներին: Բայց փաստացի ստացվում է, որ կառավարությունը որևէ ձևով դրան չի արձագանքում, քանի որ թանկացող մթերքների գներն այդպես էլ չեն վերադառնում նախկին դիրքերին, ավելին՝ շղթայական ռեակցիայով թանկանում են նաև առաջին անհրաժեշտության այլ սննդամթերքները: Վերջերս արդեն հացի թանկացման մասին էին քաղաքացիներն ահազանգում: Փոխարենը վարչապետը կարճ դասախոսություն կարդաց իմբիրի գնի մասին, որին ի պատասխան օգտատերերից մեկը կատակել էր՝ եթե իմբիր չկա, Մարտունիի կարտոշկա կերեք, շատ օգնում է կորոնավիրուսի դեմ:

Ոմանք գնաճը վերահսկելու մասին վարչապետի հավաստիացումներին չհավատացին: Քաղաքացիներից մեկի գրառմամբ «թանկացումների մասին վարչապետի ասածները հեքիաթի են նմանվում, անհաջող լեկցիայի, անորակ դասախոսության»:

Բայց դժգոհողներին նաև սաստողներ կային, որ իրենց ապրուստի հոգսը պետության վրա են գցում, փոխանակ սեփական ուժերով լուծեն:

«Ամուսնանում են մենակ, որ ասեն՝ մենք էլ պսակվանք, բայց չեն մտածում, որ ընտանիք են կազմում, երեխա են ունենում, պետք է մտածեն, ոչ թե հարևանի հետ կոֆե խմեն, մարդն էլ բեսեդկեքից տուն չեթա ու ասեն՝ երկիրը չի օգնում: Որ գործ էլ ես ասում, ասում են՝ էդ մեր հագով չի, բա ձեր հագովը ո՞րն ա, տանը դիվան քշե՞լը»,- գրել է մի օգտատեր իր մեկնաբանութան մեջ:

Իսկ Մարինե Մարգարյանը հավելել է. «Էս ի՞նչ մուրալ եք մուրում, հայ ժողովուրդ: Ազգովի ելել եք՝ փող տուր, հա փող տուր: Շվեյցարական բանկի կառավարիչը չի, ՀՀ գռփած երկրի նորընտիր վարչապետն ա, որտեղի՞ց տա, ո՞ր մեկին տա, մի քիչ ինքնասիրություն ունեցեք»:

Բայց ամենակարևորը՝ երեկվա ֆեյսբուքյան ասուլիսը, ըստ օգտատերերի մեկնաբանությունների, փաստեց, որ Նիկոլ Փաշինյանին լուրջ մրցակից է հայտնվել, որի ֆեյսբուքյան դիտումները շատ ավելին են, քան վարչապետինը, և Ջոնի Բրջոնիի դիտումների ավելացմանը զուգահեռ վարչապետի դիտումների քանակը նվազում է:

Պատրաստեց Թագուհի Ասլանյանը