էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով՝ հնարավոր է առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացում

Շուկան վերահսկվում է, հնարավոր է որոշակի գնաճ, բայց միջոցներ են ձեռնարկվում՝ զսպելու առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը` խոսելով արտակարգ դրության ժամանակ ապրանքների գների աճի մասին:

Նա նշեց, որ արտակարգ դրության ժամանակ հնարավոր է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանան: Հարցին, թե ինչպես պետք է հասկանալ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը, թե պետք է փոխարինիչ գտնել ոսպին, եթե այն թանկ է, Սիմոնյանը չպատասխանեց, սակայն խոսնակը նշեց, որ այս հարցով զուգահեռներ տանելը շահարկումների առիթ կարող է լինել:

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ օրերս «Սպայկա» ընկերությունը հայտարարել էր, որ հայ-վրացական սահմանին 15 օր մնալուց հետո մոտ 1,5 մլն դոլար արժությամբ ապրանք է փչացել և տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է ոչնչացվում այդ ապրանքը: Հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Կառավարությունը՝ վնասը վերականգնելու համար, փոխնախարարը պատասխանեց, որ արտակարգ դրության պայմաններում և այս եղանակային պայմաններում դժվարություններ կարող էին առաջանալ, սակայն չնշեց, թե այս պահին ինչ քայլեր ու միջոցներ կարող են ձեռնարկվել:

Վարոս Սիմոնյանը նշեց նաև, որ որոշումներ են ընդունվել, ըստ որոնց՝ առաջին անհրաժեշտության ապրանքները կարող են ներմուծվել առանց մաքսատուրքերի: «Վերջին շրջանում Եվրասիական տնտեսական միության հետ համատեղ մարտի 16-ին որոշվել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում որոշ բժշկական նշանակության ապրանքների վերաբերյալ ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ նման որոշում է ընդունվելու նաև գյուղատնտեսական մթերքների ներմուծման վերաբերյալ: Նա ներկայացրեց, որ հսկողություն է սահմանվելու ապրանքների տեղափոխման հետ կապված, և ապրանքները տեղափոխվելու են միայն ՊԵԿ-ի ուղեկցմամբ, և թե՛ Ոստիկանությունը, թե՛ Առողջապահութան նախարարությունը պետք է հսկողություն սահմանեն:

Հարցին, թե այդ ապրանքախմբի մեջ մտնո՞ւմ են այնպիսիք, որոնք նշանակություն ունեն Հայաստանի համար, քանի որ գյուղմթերքի խնդիր Հայաստանում դեռ չկա, նա պատասխանեց, որ մնացյալ ապրանքները, որպես զգայուն ապրանքատեսակ են համարվում, օրինակ՝ կարագը, հավի միսը, և դրանք ներառված չեն զրոյական մաքսատուրքով ներմուծման ցանկում: