Մարտունու շրջվարչակազմում հրավիրվել է խորհրդակցություն՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների ընթացքի վերաբերյալ

Այսօր Մարտունու շրջվարչակազմում, ղեկավար Ա. Մելքումյանի կողմից, հրավիրվել է խորհրդակցություն՝ տարածքային կառավարման մարմնի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, խորհրդակցության ընթացքում ամփոփ տեղեկություններ են ներկայացվել շրջանի համայնքներում նոր կորոնավիրուսի տարածումը կանխող համալիր միջոցառումների, տեղերում այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների աշխատանքների ընթացիկ արդյունքների մասին:

Նշվել է, որ շրջանում համապատասխան կառույցները՝ ըստ ուղղությունների, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ամենօրյա աշխատանքների իրականացումը շարունակվում է:

Շրջանի ղեկավարը կրկին շեշտել է, որ կանխարգելիչ միջոցառումներ պետք է կատարվեն բոլոր համայնքներում, առավելագույնս բոլոր միջոցների ներդրմամբ՝ ամենօրյա և մասնագիտական մշտական վերահսկողությամբ: Նշվել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մշակված «Կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ» ուղեցույցի պահանջներով առաջնորդվելու, ինչպես նաև Ուղեցույցի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի է՛լ ավելի բարձրացման անհրաժեշտությունը: