Փաշինյանն ամեն գնով ուզում է ճաղերի հետևում պահել Ռոբերտ Քոչարյանին. սա վենդետա է, մանր վրեժխնդրություն

Երեկ լուր տարածվեց, որ  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ստացիոնար բուժում ստանալու նպատակով գտնվում էր  «Էրեբունի» բժշկական կենտրոնում, տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք, որ  մոտ մեկ ամիս առաջ՝ մարտի 7-ի ուշ երեկոյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, ապա բժիշկների խորհրդով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։  Նախկին նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրել էր, որ նշանակվել է ստացիոնար բուժում. «Որոշակի բուժզննություններ, ստուգումներ պետք է անցնի պարոն Քոչարյանը, մի քանի օր, հավանաբար, ստացիոնար բուժման տակ կգտնվի»: Իսկ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մանրամասնելով  հայտնել էր, որ արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման հետևանքով է Քոչարյանը տեղափոխվել հիվանդանոց։

Նախագահ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու լուրը   տարակարծությունների ու հարցերի տեղիք է տալիս: Բժիշկները մշտապես Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստում են, որ  նա պետք է գտնվի բժշկական մշտական վերահսկողության ներքո, շեշտում, որ երկրորդ նախագահն ունի  հետագա բուժման լուրջ կարիք, և ուրեմն, հարց է առաջանում,  ինչո՞ւ իշխանությունը որոշեց Քոչարյանին հիվանդանոցից տեղափոխել կալանավայր:

Կասկածներն առավել խորանում են, երբ  տեղափոխման մասին տարածված հաղորդագրության մեջ նշված չէր, արդյոք հիվանդանոցում գտնված ժամանակ Ռոբերտ Քոչարյանը  ստացե՞լ է ամբողջական բուժում, ավարտվե՞լ էր բուժման կուրսը, անհրաժեշտ չափով հասցրե՞լ էր  ապաքինվել՝ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու համար:

Ամեն ինչ պարզ դարձավ, երբ  ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածեց ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը, համաձայն որի,   քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գլխավոր դատախազի հանձնարարությամբ առանձնացվել են՝ «նախաքննության և դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր և/կամ խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող կալանավորված անձինք: Ուսումնասիրության նպատակն է՝ ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից, դիտարկել այս կատեգորիայի անձանց նկատմամբ այլընտրանքային, ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունները, հիմքերը….»:

Ավելի պարզ ասած, համաճարակով պայմանավորված՝ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել՝  փոխելու  նախաքննության և դատական քննության փուլում գտնվող այն անձանց կալանքը, որոնք ունեն ծանր  կամ խրոնիկական հիվանդություններ ու այս պահին գտնվում են  բժշկական հաստատություններում:  Ու արդեն իսկ դատախազը միջնորդություն է ներկայացրել  ՔԿՀ-ներում գտնվող 20 անձանց կալանքը փոխելու վերաբերյալ։

Եվ ուրեմն, ի՞նչ է ստացվում, որպեսզի խոցելի խմբում գտնվող և բուժման կարիք ունեցող Ռոբերտ Քոչարյանը չօգտվի  գլխավոր դատախազության կողմից սահմանվող այս կարգից ու չփոխվի նրա խափանման միջոցը, իշխանությունը «Էրեբունի» բժշկական կենտրոնից Քոչարյանին հապշտապ տեղափոխեց քրեակատարողական հիմնարկ:

Ամենայն հավանականությամբ, կիսատ է թողնվել երկրորդ նախագահի բուժման կուրսը, քանի որ, ինչպես ասացինք, հիվանդանոցից կալանավայր  տեղափոխման մասին տարածված հաղորդակցության մեջ խոսք անգամ չկա այն մասին, արդյո՞ք  ավարտվել էր  բուժման կուրսը,  նախագանը հասցրե՞լ էր անհրաժեշտ չափով ապաքինվել:

Աշխարհը կլանող համաճարակի դեմն առնելու նպատակով անգամ Եվրոպայի Խորհուրդը կոչ արեց գտնել անազատության այլընտրանքը, կիրառել այլ մեխանիզմներ, ու ազատ արձակել նախնական կալանքի մեջ գտնվողներին: Մինչդեռ ՀՀ իշխանությունը  թքած ունի թե իրավական, թե բարոյական նորմերի վրա։

Կատարվածը անարդար  արդարադատության ու մարդու իրավունքների ոտնահարման ակնհայտ փաստ է:

Հերթական անգամ ապացուցվում է, որ իշխանության նպատակն է՝ ամեն գնով ճաղերի հետևում պահել ՀՀ երկրորդ նախագահին, ինչն այլ բան չէ, քան վրեժխնդրության,  անձնական վենդետայի դրսևորում:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կոչեր են անում անհապաղ ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահին:

Անի Կարապետյան ( «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ)- «Փաշինյան, անհապաղ ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին ու բոլոր այն անձանց, ովքեր դեռ չդատված կալանքի տակ են պահվում, ովքեր վտանգի առաջին գոտում են` քո բեբաշար կառավարման պատճառով քրեակատարողական հիմնարկներ ներթափանցած կորոնավիրուսի վտանգի տակ գտնվելով: Մեղքերդ շատ են, մի ավելացրա: Քո անտաղանդ քարոզարշավով ամբողջ Հայաստանով տարածեցիր կորոնավիրուսը: Հիմա, քանի ուշ չի, սկսիր մեղքերդ քավել, արագ ազատ արձակի նրանց, ում մեղքը քո դատախազներն ու դատավորները, նույնիսկ իրենց ճղելով, չեն կարողանում ապացուցել: Ոնց կարողացար վտանգի մեջ մեզ գցել, այնպես էլ սկսի ուղղել սխալներդ: Մի զայրացրա մեզ»:

Լիլիթ Պողոսյան (քաղաքական լրագրող) -«Իրենց պե՞տք է, թե ինչ կլինի նախագահի հետ. պետք է աղոթենք, որ կորոնավիրուսը զոռով չներմուծեն ՔԿՀ` հատուկ պայմաններ չստեղծեն Քոչարյանին ախտահարելու համար։ Աստված մի արասցե, իհարկե, բայց դրանցից ամեն ինչ սպասելի է…»:

Արա Վարդանյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն) -«Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը ստացել է անհրաժեշտ բուժումը, արդյո՞ք իր ինքնազգացողությունը այդքան լավ է, որ համատեղելի է քրեակատարողական հիմնարկում պահվելու հետ։ Թե՞ մենք կրկին գործ ունենք խմբագրի անձնական վենդետայի դրսևորումներից մեկի հետ։

Ցավոք քաղաքական լեքսիկոնում չկան բառեր, որոնք կբնութագրեն այսօրվա իշխանության պահվածքը։ Դա անելու համար պետք է անցնել իրենց հասկանալի, փողոցային լեքսիկոնի…»:

Վահե Եփրիկյան (իրավաբան)- «Քինախնդրությու՞ն, վրե՞ժ, վա՞խ, ցուցո՞ւմ՝ կարծում եմ՝ սա ամբողջական ցանկը չէ շարժառիթների՝ Քոչարյանին բանտում պահելու… Կալանքի հիմքերն ու պայմանները բացակայում են, գրավ չի կիրառվում, երաշխավորությունը չի քննվում, դատարան չկա, համաճարակի պատճառով Եվրոպայի Խորհուրդն է նույնիսկ կոչ անում անազատությանն այլընտրանքներ գտնել, մինչդեռ ՀՀ իշխանությունը խորապես թքած ունի իրավական ու բարոյական ամեն նորմի վրա: Էս երկիրն էդ գործի պատանդն ա»։

Ա. Սիմոնյան