Փրկեք Գեղարքունիքը SARS-CoV-2-ով վարակումից, այն մնացել է միակ մարզը, ուր կարող են տեղափոխվել կառավարությունը, ԱԺ-ն և…

Հայաստանում մինչև վերջերս Տավուշի և Վայոց Ձորի մարզերը զերծ էին նոր կորոնավիրուսային վարակից, համենայն դեպս, նշված մարզերում վարակման հաստատված դեպքեր չկային: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի մարտի 31-ի ֆեյսբուքյան գրառումից հայտնի դարձավ, որ Վայոց Ձորում արդեն կա նոր կորոնավիրուսով (SARS-CoV-2) վարակվածության հաստատված 1, իսկ Տավուշում 2 դեպք:

Կարելի էր խուսափել վերոնշյալ դեպքերից: Կարծում եմ, այո, եթե ՀՀ արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և կառավարությունը նշված մարզերը ժամանակին դիտարկեին որպես Հայաստանում նոր կորոնավիրուսային վարակից զերծ մնացած յուրօրինակ օազիսներ, կոշտ միջոցառումներով փակեին այդ մարզերի ելումուտը` սահմանելով միայն կենսական և ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված խիստ սահմանափակ թվով բացառություններ: Դա խիստ անհրաժեշտ էր տվյալ մարզերում ապրողների առողջությունն ու կյանքը նոր կորոնավիրուսային վարակի առաջացրած վտանգից պաշտպանելու համար:

Ավելին. պետք էր հաշվի առնել նաև, որ Երևանում վիճակն առաջիկայում կարող է վատթարանալ (ոչ ոք չի կարող ստույգ կանխատեսել, թե ապագայում ինչ է լինելու, ոչ ոք իրավիճակի վատթարացումը չի կարող բացառել), և վատթարանալ այն աստիճան, որ անհրաժեշտություն առաջանա գոնե կառավարությունը, խորհրդարանը, ԱԱԾ և մյուս ուժային կառույցների ղեկավարությանը տեղափոխել այն մարզ, որտեղ SARS-CoV-2-ով վարակման դեպք չի արձանագրվել:

Հիշյալ մարզերի ելումուտը հավուր պատշաճի չսահմանափակվեց  ու նույնիսկ մինչև հիմա էլ չի սահմանափակվում: Փաստն այն է, որ ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի մարտի 31-ի N 27 որոշմամբ ու դրա հավելված N 2-ով սահմանված է տնտեսական գործունեության թույլատրելի տեսակների բավական լայն ցանկ, որում քիչ չեն նաև մեծ կարևորություն, կենսական անհրաժեշտություն չունեցող տնտեսական գործունեության տեսակները:

Ծանոթանալով վերոնշյալ որոշմանն ու դրան կից հավելված N 2-ին, տեսնում ենք, որ դրանում տնտեսական գործունեության խիստ անհրաժեշտ տեսակներին զուգահեռ, թույլատրված են նաև այնպիսի տեսակներ, որոնց թույլատրումը պետության ու հասարակության համար խիստ անհրաժեշտություն չլինելով, ոչ միայն, մեղմ ասած, տարակուսանք է հարուցում, այլև մեծացնում է ՀՀ-ում նոր կորոնավիրուսի հետագա տարածման ռիսկը:

Օրինակ, պարետի N 27 որոշմամբ ու դրա հավելված N 2-ով թույլատրված է փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը, որոնք ախտահանիչ միջոցներ և արտակարգ դրության իրավիճակում անհրաժեշտություններ չեն: Թույլատրված է նաև օծանելիքի և կոսմետիկական միջոցների մեծածախ առևտուրը, խմիչքների արտադրությունը (քանի որ որոշման հավելվածում տարբերակված չէ, ուրեմն և՛ ալկոհոլային, և՛ ոչ ալկոհոլային) և մեծածախ առևտուրը: Մի՞ թե փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների, խմիչքների արտադրությունը և մեծածախ առևտուրն այնքան կարևոր են, մարդը դրանցով է սնվում կամ բուժվում: Բացառությամբ առողջական խնդիրներ ունեցող ոմանց կողմից օգտագործվող հանքային ջրերի, մնացած բոլոր խմիչքների արտադրությունը պետք է արգելել, հիմա դրա ժամանակը չէ: Իրենց եկամտից զրկված այն մարդիկ հիմա ոչ թե խմիչք, օծանելիք, կոսմետիկական միջոցներ, այլ սննդամթերք գնելու մասին են մտածում:

Բացի վերոնշյալից, ցանկացած մեկը, եթե ուզենա կամ կարիքն ունենա որևէ մարզ մտնել կամ այնտեղից դուրս գալ, կարող է մի թղթի կտորի վրա գրել, թե ինքն իբր ցանկում որպես թույլատրելի նշված նշված տնտեսական գործունեությամբ զբաղվող, մարզի տարածքից դուրս (եթե տվյալ մարզի բնակիչ է) կամ տվյալ մարզում, Երևանում (եթե Երևանի կամ այլ մարզի բնակիչ է) գտնվող այս կամ այն ընկերության կամ թույլատրված գործունեությամբ զբաղվող կազմակերպության աշխատակից է: Քանի որ ընկերության, կազմակերպության տնօրենի կամ գործատուի կողմից պարետի 2020թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 1-ի ձև N 1 տեղեկանքի կնիքում չի պահանջվում, գործատուի անունից որևէ մեկը կարող է ստորագրել թղթի այդ նույն կտորի վրա (ընդամենը մի չնչին ռիսկի հարց է), անձնագրի հետ դնել գրպանն ու մարզից դուրս գալ կամ մարզ մտնել: Նույնը` Երևանում, իհարկե, եթե իր այս կամ այն հանդիպումը կամ գործն առաջ տանելն ավելի կարևոր համարի, քան ինքնամեկուսացումը պահպանելու անհրաժեշտությունը:

Այս ամենը պետք էր հաշվի առնել, մի՞ թե մեծ խելք էր պետք հասկանալու համար, որ եթե ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը ձևական չէ, ապա պետք է պահանջել նաև հիշյալ տեղեկանքի` գործատուի կողմից կնիքված լինելը: Մի՞ թե մեծ խելք էր պետք հասկանալու համար նաև, որ եթե ուզում ենք հնարավորինս և առավելագույնս կանխել նոր կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը Երևանում ու մարզերում, ապա անհրաժեշտ է սահմանել տնտեսական գործունեության թույլատրված տեսակների ավելի սահմանափակ ցանկ, քան պարետի մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 2-ի աղյուսակում նշվածն է:

Երբ սահմանափակումները փաստորեն և՛ ձևական են, և՛ անբավարար, ոստիկանության, ինչպես նաև ոստիկանական ուժերին վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու բացատրությամբ ավելացված ազգային անվտանգության ծառայության, ռազմական ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության ուժերի ջանքերը մեծապես ունայն են, ծախսված միջոցները` վատնված, ժամանակը` կորսված: Նշված մարմինների կողմից իրականացվող վերահսկողությունը չի կարող տալ ու չի տա ակնկալվող արդյունքը, վտանգավոր ու բազմաթիվ դեպքերում մահացու վարակը Հայաստանում էլ ավելի կտարածվի:

Երևանը և Հայաստանի բոլոր մարզերն ախտահարված են նոր կորոնավիրուսով, բացառություն է կազմում միայն Գեղարքունիքի մարզը, համենայն դեպս, այս մարզում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված որևէ դեպք չկա և հուսանք, որ հետագայում էլ չի լինի: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ապրիլի 1-ին գրել է.

«Գեղարքունիքի մարզի հարգելի’ բնակիչներ.

Խնդրում եմ, աղաչում եմ և պահանջում եմ (Միշտ դուք եք պահանջում, այս անգամ էլ ես պահանջեմ) ՄՆԱՑԵ’Ք ՏԱՆԸ։

Հաշվի առնելով, որ այս պահին կորոնավիրուսով վարակվածության դեպքեր Գեղարքունիքում ու Արցախում չեն գրանցվել, հաշվի առնելով, որ մեր մարզը հանդիսանում է Արցախի ԴԱՐՊԱՍԸ, ուստի խնդրում եմ, արտակարգ դրության այս իրավիճակում, խստագույնս հետևել պարետատան ցուցումներին։

Մեր ՎԱՐՔԻՑ շատ բան է կախված։

Առողջ եղե’ք… »։

Իհարկե, լավ ու գնահատելի է, որ մարզպետն անտարբեր չէ, վերոնշյալ խնդրանքով, աղաչանքով ու պահանջով դիմել է իր ղեկավարած մարզի բնակչությանը, բայց դա դեռ բավարար չէ, անհրաժեշտ է, որ ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը կամ կառավարությունն անհապաղ որոշում ընդունեն Գեղարքունիքի մարզ մուտքի և ելքի ավելի խիստ սահմանափակումների վերաբերյալ, ինչպիսին օրերս Արցախի պարագայում կիրառվեց, նույնիսկ դրանից էլ խիստ:

Պարետին խնդրում, նրանից պահանջում եմ նաև իր 2020թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 1-ի լրացում կատարել` դրանում ներառելով նշված հավելվածի ձև N 1-ի` գործատուի կողմից կնիքված լինելու պահանջ:

Արթուր Հովհաննիսյան