Այաթոլլահ Խամենեին բացահայտում է ԱՄՆ-ը

Հետաքրքիր է ընթանում կորոնավիրուսի շուրջ ԱՄՆ և Իրանի միջև բանավոր «պատերազմը»։ Նովրուզ տոնի նախօրեին (իրանական Նոր տարի) Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մի քանի անգամ հայտարարել է, որ Վաշինգտոնն իր պատժամիջոցներով պանդեմիայի ընթացքում սպանում է իրանացիներին: Իսկապես, ԱՄՆ Իրանում կորոնավիրուսի տարածման ֆոնին մի քանի անգամ պատժամիջոցներ է կիրառել՝ հայտարարելով, որ այդպիսով փորձում է հնարավորինս սահմանափակել Իրանի նավթի առևտուրն ու եկամուտները՝ մեղադրելով Թեհրանին ահաբեկչությանը սատարելու մեջ: Իրանն իր հերթին մեղադրում է ԱՄՆ-ին՝ իրանական ժողովրդի դեմ «տնտեսական ահաբեկչության» համար, ինչպես նաև այն բանում, որ Վաշինգտոնը խոչընդոտում է կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ ձեռք բերելուն: Իսկ ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում իրական ահաբեկիչների գործողություններին, ուզում ենք հիշեցնել Հայաստանի քաղաքացիներին, որ Իրանը 2014 թ. ամռանից ապացույցներով մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ստեղծման և Իրաքի, Սիրիայի և Իրանի դեմ ահաբեկչական պատերազմ վարելու համար: Գեներալ-լեյտենանտ Քասեմ Սոլեյմանիի ստոր սպանությունից հետո Իրանը քրեական գործ է հարուցել Միացյալ Նահանգների դեմ և փաստաթղթեր ներկայացրել Միջազգային դատարան:

Եվ ահա ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, գիտակցելով, որ Իրանի մեղադրանքները չափազանց վտանգավոր են Վաշինգտոնի համար, մարտի 20-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի լույսի ներքո Իրանի համար մարդասիրական օգնությունը ենթակա չէ պատժամիջոցների, և Միացյալ Նահանգները պատրաստ են այն տրամադրել: Ըստ երևույթին, Թեհրանը շատ զարմացավ (ընդհուպ մինչև ծաղրուծանակ Վաշինգտոնի հասցեին): Չէ՞ որ, Իրանում վարակի տարածման մասին հաղորդումները շարունակվում են դեռևս փետրվարից, և Իրանը բազմիցս հասկացրել է, որ պատրաստ է ընդունել ցանկացած երկրի օգնությունը, բայց ոչ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից: Մենք ցանկանում ենք Հայաստանի քաղաքացիներին ներկայացնել Իրանի Գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեիի պատասխանը, որը տրվել է Ամերիկային մարտի 22-ին: «ԱՄՆ ղեկավարությունը հայտարարել է մեզ բժշկական օգնություն ցուցաբերելու և դեղամիջոցներով ապահովելու պատրաստակամության մասին: Սրանք շատ տարօրինակ բառեր են: Առաջին հերթին, դուք ունեք դեֆիցիտ, ինչպես հետևում է ԱՄՆ-ից ստացվող լուրերից, – ասաց Խամենեին իրանական հեռուստատեսության կողմից հեռարձակված ելույթի ժամանակ: – Երկրորդ, դուք մեղադրվում եք վիրուս ստեղծելու մեջ: Չգիտեմ, թե որքանով են այդ մեղադրանքները համապատասխանում իրականությանը, բայց երբ կան նման մեղադրանքներ, ինչպիսի՞ ողջամիտ մարդ դեղամիջոցներ կընդունի ձեր կողմից: Գուցե ձեր դեղերը հիվանդությունն էլ ավելի տարածելու գործի՞ք են: Ձեզ  չի կարելի վստահել»,- ավելացրել է նա:

Իրանի գերագույն առաջնորդը նաև Միացյալ Նահանգները անվանել է Իսլամական Հանրապետության գլխավոր թշնամի և շառլատան: «Միացյալ Նահանգները մեր ամենաստոր թշնամին է: Իհարկե, մենք շատ թշնամիներ ունենք, բայց ամենից ստորը Միացյալ Նահանգներն է: ԱՄՆ պաշտոնյաները ստախոս են, նայեք իրենց գործողություններին և ունկնդրեք իրենց ասածները՝ շառլատաններ»,- ասել է նա իրանական հեռուստատեսության ցուցադրած ելույթի ժամանակ, հայտնում է IRIB իրանական պետական հեռուստատեսության կայքը:

Մենք պետք է հասկանանք, որ ավելի կոշտ գնահատականներ Իրանից չեն հնչի. այաթոլլահ Խամենեիի խոսքերը՝ որպես երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի, հրաման են Իրանի բոլոր քաղաքացիների համար: Ավելին, սա նաև ազդանշան է այլ պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի համար: Ոչ մի «իրանա-ամերիկյան բարելավում» չի սպասվում, մինչև Միացյալ Նահանգները չճանաչի պարտությունը և հանձնվի Իրանին:

Սերգեյ Շաքարյանց