Հրապարակվել են կորոնավիրուսի պատվաստանյութերի փորձարկման առաջին արդյունքները. ՏԱՍՍ

Ամերիկացի բժիշկներն անցկացրել են դասական պատվաստանյութի նախնական առաջին փորձարկումները նոր տիպի կորոնավիրուսի դեմ: Այն հաջողությամբ ստիպել է լաբորատոր մկներին  SARS-CoV-2-ի հակամարմիններ արտադրել: Թեստի արդյունքները  հրապարակել է EBioMedicine գիտական ամսագիրը:

«Մենք արդեն ունեցել ենք SARS ատիպիկ թոքաբորբի և MERS մերձավորարևելյան տենդի վիրուսների հետ աշխատելու փորձ: Այս երկու պաթոգենները SARS-CoV-2- ի հարազատներն են, և նրանց ուսումնասիրությունը ցույց  է տվել, որ դրանց կեղևի սպիտակուցներից մեկը` S-սպիտակուցը, կարևոր է իմունային համակարգի ձևավորման համար: Կարող ենք ասել, որ մենք նախապես գիտեինք, թե ինչպես պետք է պայքարել նոր վիրուսի դեմ»,- մեկնաբանել է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ Պիտսբուրգի համալսարանի (ԱՄՆ) դոցենտ Անդրեա Գամբոտոն:

Անցած ամսվա ընթացքում շատ երկրների գիտնականներ հայտարարել են նոր տեսակի կորոնավիրուսի պատվաստանյութերի տարբեր տեսակների փորձարկումների մեկնարկի մասին: Նրանցից ոմանք փորձարկում են կենդանիների, իսկ մյուսները՝ կամավորների վրա: Այս դեղերի մեծ մասը հիմնված է վիրուսի РНК բեկորների վրա, որոնք մարդկային բջիջներին ստիպում են սինթեզավորել SARS-CoV-2-ի մեծ քանակությամբ սպիտակուց:

Ինչպես նշում է Գամբոտոն, սա համեմատաբար նոր մոտեցում է, որի արդյունավետությունը դեռ լիովին ապացուցված չէ: Հետևաբար Պիտսբուրգի համալսարանի գիտնականներն առաջնորդվել են ավելի աշխատատար միջոցներով, բայց արդեն իսկ ապացուցված մեթոդաբանությամբ: Նրանք պատվաստանյութ են մշակել ՝ հիմնվելով վիրուսի S-սպիտակուցի պատրաստի բեկորների վրա, որը վիրուսն օգտագործում է մարդու թոքի բջիջները մտնելու համար:

Դրա արտադրության համար գիտնականները աճեցրել են բջիջների հատուկ դաս, որոնք արտադրում են հսկայական քանակությամբ S-սպիտակուցներ, ինչպես նաև ստեղծել են մարմնում դրանց ներդրման համար հատուկ համակարգ`սպեղանի, որը ծածկված է բազմաթիվ նանո-ասեղներով: Այս համակարգերը կարող են ներթափանցել մաշկի խորքը, լուծվել և արձակել պատվաստանյութ՝ ստիպելով իմունային համակարգին նրա հետ փոխազդեցության մեջ մտնել:

Առաջին քայլը պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ

Գիտնականները այդ սպեղանիների աշխատանքը փորձարկել են մի քանի լաբորատոր մկների վրա: Պատվաստանյութը մաշկի մեջ ներարկելուց երկու շաբաթ անց մկների իմունիտետը սկսել է մեծ քանակությամբ հակամարմիններ արտադրել, որոնք կարող են  միանալ վիրուսային մասնիկներին և չեզոքացնել դրանք:

Գիտնականները նշել են, որ նրանք դեռ չեն փորձել կրծողներին վարակել իրական կորոնավիրուսով: Այնուամենայնիվ, նմանատիպ MERS պատվաստանյութով նրանց նախորդ փորձերը ցույց են տալիս, որ նման ընթացակարգը պետք է կենդանիներին պաշտպանի SARS-CoV-2 հարձակումներից ամբողջ տարվա ընթացքում:

Մոտ ժամանակներս Գամբոտոն և նրա գործընկերները նախատեսում են սկսել այս տեսակի փորձարկումներ: Գիտնականները նաև ցանկանում են սկսել կամավորների վրա կլինիկական փորձարկումների առաջին փուլը, եթե թույլտվություն ստանան ԱՄՆ կառավարությունից: Նրանք հույս ունեն, որ այս միջոցները, հնարավորություն կտան գործնականում առաջին ընդունելի պատվաստանյութն ստեղծել մի քանի ամսում, և ոչ թե մեկուկես տարում, ինչպես սովորաբար լինում է:

Թարգմանեց  Ծովինար Մանուկյանը