«Ֆիլմը թիմային աշխատանքի արդյունք էր»․ Հարություն Հարությունյան

Դե ինչ, կայացավ «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Արձագանքներից հասկանում եմ, որ մեծ հավանության է արժանացել:

Սիրելի բարեկամներ, զգացված եմ չդադարող շնորհավորանքների և մաղթանքների համար: Իմ համար ավելի հուզիչ է և պարտավորեցնող, որ պրեմիերան տեղի ունեցավ «5-րդ ալիքով» և որ մենք այդքան դիտող ունենք: Սա իրոք պարտավորեցնող է : Ուզում եմ շնորհակալություն հայտնել «5-րդ ալիքի» ողջ անձնակազմին, քանզի մինչ Ձեր շնորհավորանքները, նրանց աշխատանքն էր պարտավորեցնում, իսկ երբ նշաձողը դրված է և անընդհատ բարձրացվում էր, հնարավոր չէ այլ կերպ աշխատել: Նշաձողի դիրքը ամեն օր, ամեն րոպե, հավատացեք, ամեն վայրկյան իրենց նվիրվածությամբ և աշխատանքով երբ բարձրացնում են լրագրողները, ռեժիսորները, օպերատորները, բոլորը, դու ուղղակի չես կարող օրվա սանդղակը չնկատել, չհարգել և չենթարկվել պարտադրանքին: Ֆիլմը թիմային աշխատանքի արդյունք էր, և առանց մեր հրաշալի թիմի՝ դիմահարդարից մինչև մաքրուհի, ծրագրերի պատասխանատուից մինչև վարորդ, բոլորը անխտիր արժանի են գովասանքի: Մենք դժվար ժամանակներում հայտնվեցինք եթերում, և այն հարձակումների տարափը, որ թափվում էր մեր գլխին, թշնամուս չեմ ցանկանա: Այսօր մենք սիրված ենք և այդ սերը վաստակեցինք մեր համառ և նպատակաուղղված աշխատանքի արդյունքում: Իսկ այն փաստը, որ վավերագրական ժանրը կարող է այդքան ունկնդիր ունենալ, հույս է տալիս, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Ինքս ֆիլմում թերություններ տեսել եմ, արագության հևքի մեջ եղան նաև որոշակի բացթողումներ: Կարելի էր ավելի լավ անել, բայց Ձեր արձագանքները հաշվի առնելով՝ ֆիլմին այլևս ձեռք չեմ տա: Ինչպես արդեն ասել եմ «Հայլուրի» տաղավարում, կաշխատենք նոր՝ օտարալեզու հանդիսատեսի համար հավաքել ավելի դինամիկ մի տարբերակ: Արտերկրում պետք է իմանան՝ ի՞նչ է եղել 2016-ի ապրիլին, և ինպես են մեր տղաները դիմակայել բորենիներին:

Բազմաթիվ զանգեր և նամակներ եմ ստանում ֆիմի կրկնության, նաև այն համացանցում տեղադրելու մասով:

Մենք պլանավորել ենք այն կրկնել կիրակի, մեր ամենօրյա դոկումենտալ ֆիլմերի ժամին՝ 19:30 -ին, որից հետո այն կտեղադրենք համացանցում: Չի բացառվում, որ վաղը ծրագրերի ղեկավարի հետ քննարկենք կրկնությունը առաջ բերելու հարցը: Հասկանում եմ օր առաջ դիտելու Ձեր ցանկությունը, բայց միանձնյա որոշում չեմ կարող կայացնել: Մեզ մոտ այդպես ընդունված չէ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար մի փոխեք ալիքը, մնացեք 5-ի հետ, այն վաղուց դարձել է ընտանեկան ալիք և հաստատ հաճելի հյուր յուրաքանչյուրիդ օջախում:

Շնորհակալություն: Մենք սիրում ենք մեր հեռուստադիտողին, մենք չենք կարող չսիրել խելացի, մտածող մարդկանց: Մենք Ձեր կարիքը զգում ենք:

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Դե ինչ, կայացավ «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Արձագանքներից հասկանում եմ, որ մեծ հավանության է…

Опубликовано Harutyun Harutyunyan Четверг, 2 апреля 2020 г.