Կանադայի «Լույսի կտոր» վարչապետին հայկական գուլպա և կոնյակ նվիրած Փաշինյանի խայտառակ ֆիասկոն

ՀՀ վարչապետի բնորոշմամբ, ճշմարտության հաղթանակը խորհրդանշող Թրյուդոյի ղեկավարած Կանադան թքեց Արցախում կայացած ընտրությունների վրա

Փաշինյան, գուլպաները հետ ուզի, գուլպաները…

Թուրքիայում Կանադայի դեսպանության թվիթերյան պաշտոնական էջում կատարված գրառումից երեկ հայտնի դարձավ, որ Կանադան աջակցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ընտրությունները:

«Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում, այսպես կոչված, «ընտրությունները», որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին։ Այդպիսի «ընտրությունները» վտանգում են այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»,- նշված է դեսպանության վեոնշյալ գրառման մեջ։

Այս կապակցությամբ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Ջասթինի հայկական գուլպաները հետ պահանջեք։

Իսկ իրականում այս նախադասության համար Ադրբեջանի ԱԳՆ-ն լավ աշխատելա, ինչպես երևումա լրահոսից»:

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին հայկական դրոշի գույներն ունեցող հայկական գուլպաներ` հայկական կոնյակի հետ միասին, 2018թ. հոկտեմբերի 12-ին նվիրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելին` նրան ներկայացրել էր իբրև «լույսի կտոր», հետևաբար Ջասթինի հայկական գուլպաները հետ պահանջելու քաղաքագետի հեգնական կամ կծու կատակով առաջարկը, կարծում եմ, հենց Փաշինյանին է ուղղված ու ցույց է տալիս Արցախյան հիմնախնդրի առնչությամբ ՀՀ վարչապետի արտաքին քաղաքականության սնամեջ և անարդյունավետ բնույթը` ի տարբերություն իր երկրի պետական շահերն առաջ մղելու առումով Ալիևի և Ադրբեջանի ԱԳՆ-ի իրական քաղաքականության:

«Ես համարում եմ, որ Կանադայի մեծարգո վարչապետը, իմ բարեկամ Ջասթին Թրյուդոն խորհրդանշում է ճշմարտության հաղթանակը, և ես հավատում եմ, որ ճշմարտության հաղթարշավը շարունակվելու է աշխարհում»,- այն ժամանակ իր նստավայրում և իր անունից Ջասթին Թրյուդոյին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ ասել էր Փաշինյանը:

Վերջում իր խոսքն ուղղելով Թրյուդոյին, ՀՀ վարչապետն ասել էր նաև.

«Ես խմում եմ մեր երկրների բարեկամության համար, ես խմում եմ Կանադայի պետականության և ժողովրդի համար, ես խմում եմ Կանադայի վարչապետի կենացը և Կանադայի կառավարության կենացը: Ողջ լինես, սիրելի′ եղբայր»:

ճշմարտության հաղթանակը խորհրդանշող և «լույսի կտոր» Ջասթին Թրյուդոյի ղեկավարած Կանադան շարունակելով աշխարհում «ճշմարտության հաղթանակը», այսօր աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին կայացած, Թուրքիայում Կանադայի դեսպանության բնութագրմամբ, «այսպես կոչված, «ընտրությունները»», համարում է, որ այդպիսի «ընտրությունները» վտանգում են այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Փաշինյանը գոնե հիմա հասկանո՞ւմ է, թե որն է ճշմարտության հաղթանակը, թե՞ դեռ շարունակում է ապրել ողջ հայության համար վտանգավոր պատրանքների մեջ կամ դեռ 2018-ին շատ լավ իմանալով իրականությունը, այդպիսի պատրանքներով խաբում էր իրեն հավատացողներին:

Հիշենք նաև, որ Փաշինյան- Թրյուդո բարձր մակարդակի բանակցություններից հետո Կանադայի վարչապետը 2018թ. հոկտեմբերի 13-ին Փաշինյանի հետ հանդիպելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ու պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` «Ինչպե՞ս եք պատկերացնում հակամարտության կարգավորումը, մասնավորապես, հնարավոր բանակցությունների արդյունավետությունն ինչպե՞ս եք դիտարկում, եթե սահմանին անընդհատ կրակոցներ են հնչում», ասել էր հետևյալը.

«Կանադան կոչ է անում շարունակել երկխոսությունը և խաղաղ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Հուսով ենք, որ այն խաղաղ կհանգուցալուծվի բոլոր կողմերի միջև: Կոչ ենք անում շարունակել միջազգային գործընթացը, ինչպիսին է Մինսկի գործընթացը, և հուսանք՝ խնդիրը կլուծվի ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: Շնորհակալություն»:

Ստացվում է, որ, Կանադայի պատկերացմամբ, հայերն առաջիկայում բնաջնջվելու են, վերանալու են մեր տարածաշրջանի ժողովուրդների շարքից: Այլապես եթե նրանք լինելու են, Կանադայի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելը և այդ մասին հայտարարելը, Արցախի Հանրապետությունում ս. թ. մարտի 31-ին կայացած ընտրությունները չճանաչելը, «ընտրություններ» բառը չակերտավորելը, դրանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի համար վտանգավոր համարելը ոչ միայն այժմ չեն համապատասխանում, այլև ապագայում էլ չեն համապատասխանելու տարածաշրջանի ժողովուրդներից հայերիս շահերին, ուղղակի անհամադրելի են դրանց:

Հավելենք, որ Արցախում կայացած ընտրությունները չճանաչած, Հայաստանին «բարեկամ» պետություններից են նաև Ուրկրաինան ու Վրաստանը:

Արթուր Հովհաննիսյան