Բուժաշխատողներին ծափահարում ենք ու հետո ասում. եղունգ ունես` գլուխդ քորիր

Կորոնավիրուսի տարածման կանխման դեմ պայքարող բոլոր պետություններն են այս օրերին արձանագրում, որ կորոնավիրուսը լուրջ մարտահրավեր է մարդկությանը, որի դեմ իսկական պատերազմ է սկսվել և այդ պատերազմի առաջնագծում բուժաշխատողներն են: Նրանք վտանգում են իրենց կյանքը՝ անմիջականորեն շփվելով հիվանդների հետ և չխորշելով, որ վարակի հաջորդ զոհը կարող են իրենք լինել, աշխարհում այդ պատերազմում զգալի թվով բոժաշխատողներ ևս կորոնավիրուսի զոհ են դարձել՝ որբացնելով իրենց ընտանիքը: Նրանք տևական ժամանակ է՝ առանձնացված են իրենց ընտանիքից՝ մինչ շատերս մեր ընտանիքի անդամների հետ ապահով մեկուսացած ենք տանը, բնակարաններում, նրանց ծափահարում են, հանդիսավոր շնորհակալության և երախտիքի խոսքեր ասում: Բոլորս գիտակցում ենք, որ ծանր հիվանդների առողջությունն ու կյանքը, երկրի ապահովությունն ու անվտանգությունը հենց այդ մարդկանց ձեռքերում է: Ու դա գիտակցելով հանդերձ, երբ բանը հասնում է գործին, զլանում ենք բուժաշխատողների համար նաև համապատասխան հարմարավետություն ստեղծել, որպեսզի նրանք տարբեր կենցաղային և այլ տեսակի խնդիրների չբախվեն և կենտրոնանան իրենց առաքելության վրա:

Երեկվանից պարետի կարգադրությամբ դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը, որը մինչև այդ գործում էր, ըստ պարետատան հիմնավորման, հիմնականում այն մարդկանց համար, որոնց աշխատանքն արտակարգ դրության օրերին կենսական անհրաժեշտություն է բոլորիս համար: Բնականաբար, առաջինը բուժաշխատողներն են, հացթուխները, սննդի արտադրության ոլորտի աշխատակիցները և այլն: Բայց քանի որ հանրային տրանսպորտի շահագործումն ավելի շատ խնդիրներ էր առաջացնում, քան լուծում այդ խնդիրները, դրանցից մեծ թվով մարդիկ էին օգտվում՝ վարակի տարածման համար կատարյալ միջավայր ստեղծելով, ի վերջո որոշում կայացվեց ընդհանրապես այն ժամանակավորապես կասեցնել:

Կասեցրին, ինչը թերևս ողջունելի է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետության առումով, և դրա մասին անընդհատ բարձրաձայնում էինք՝ նաև հուշելով, որ պետական համակարգում աշխատող մարդկանց, ում աշխատանքը հնարավոր չէ դադարեցնել, և որոնք պետք է շարունակեն աշխատանքի գնալ՝ հանրային սպասարկման ոլորտում կարևոր ծառայություններ մատուցելու նպատակով, հատուկ մեքենաներ, ավտոբուսներ հատկացնեն: Բայց, ինչպես միշտ, արագ և ցեյթնոտային որոշում կայացնելուց առաջ, չգիտես ինչու, մեր հորդորների ու առաջարկների երկրորդ մասն անտեսվեց: Այսինքն հանրային տրանսպորտն արգելվեց, բայց նաև հոգ չտարվեց այդ մարդկանց անհրաժեշտ տեղաշարժի ու տեղափոխության համար: Հետո սկսեցին արդարացումներ հնչել, թե ամեն ինչ շատ արագ ենք անում ու չենք հասցնում ըստ պատշաճի իրականացնել: Ուստի ժամանակ է հարկավոր՝ հնարավոր հետևանքների մասին մտածելու ու վերացնելու համար: Համաշխարհային գլուխկոտրուկ էր՝ մարդկանց ավտոբուսներով կամ գոնե տաքսիներով տեղաշարժվելու համար գումարով ապահովելը, որի համար երկու օր է՝ գլուխ են կոտրում ու չեն կարողանում արդյունավետ լուծում գտնել: Կամ գուցե այդպես իրենց աշխատանքն են ավելի թանկացնում, արժևորում, որ հետո ստացած պարգևավճարների համար բոլորիս աչքում արդարանան, ասեն՝ տեսեք՝ ինչ մեծ խնդիրներ ենք կարողացել լուծել: Միանշանակ իշխանությունների հանդեպ անձնվեր սիրով կուրացածները հենց այդպես էլ կընկալեն նրանց արդարացումները, հոխորտանքները և դեռ մի բան էլ մեզ՝ խնդիրները բարձրաձայնողներիս հասցեին հայհոյանքներ ու անեծքներ կհնչեցնեն, թե չենք թողնում մարդիկ աշխատեն ու այս դժվարին օրերին արհեստական խոչընդոտներ ենք ստեղծում, առիթից օգտվելով՝ սևացնում ենք նրանց ու վարկաբեկում, ասես թե հենց իրենք չեն իրենց քայլերով ու հայտարարություններով վաղուց հեղինակազրկել իրենց ու հուսախաբ արել շատերին, որոնք այլևս այս իշխանությունների հետ որևէ հույս չեն կապում:

Ինչևէ: Ինչ վերաբերում է բուժաշխատողների տեղափոխման հարցին, ապա այն իհայտ եկավ արդեն երեկ երեկոյան, քանի որ առավոտյան դեռ գոնե մետրոն աշխատում էր, և ոմանք կարողացել էին աշխատանքի հասնել մետրոյով: Իսկ երեկոյան արդեն տուն վերադառնալն իրենց գրպանների հաշվին էր, շատերը տաքսիներով էին վերադարձել, մարդիկ, որոնց աշխատավարձը տատանվում է 100-150 հազար դրամի սահմաններում և ամսվա վերջին օրերին հավանաբար սպառել են իրենց ստացած աշխատավարձը և գուցե հոգեպահուստների հաշվին են ապրում: Հույս կար, որ գոնե այսօր առավոտից խնդիրը լուծված կլինի: Մանավանդ որ երեկ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջի գրառման տակ պատասխանելով օգտատետերից մեկի հարցադրմանը, թե բուժաշխատողների տեղափոխության մասին ինչու հոգ չեն տարել, խոսնակը գրել էր, թե քաղաքապետարանի իրավասության տակ գտնվող ամբուլատոր բուժհաստատությունների աշխատողների տեղափոխման հարցը քննարկվում է քաղաքապետարանում: Հույս էր հայտնել, որ կարճ ժամանակում լուծում կլինի: Թե որքան է այդ կարճ ժամանակը, հայտնի չէ, բայց գոնե մտածում ենք, որ արտակարգ դրության պայմաններում ամեն կորցրած ժամն էլ արժեքավոր է, և այս դեպքում խոսք պետք է լինի ոչ թե օրերի, այլ գոնե ժամերի մասին: Հակոբ Կարապետյանը խնդիրն աչքաթող անելը բացատրել էր արտակարգ դրության առանձնահատկություններով: Բայց որքանո՞վ է դա արդարացի հիմնավորոմ, թողնում ենք ձեր հետևություններին:

Իսկ հետաքրքիր է, թե ԱՆ պատկանող բուժհաստատություններում այդ խնդրի մասին ինչ են մտածում: Մենք փորձեցին այդ հարցը պարզելու համար կապ հաստատել ԱՆ մամուլի խոսնակի հետ, բայց ապարդյուն, զանգերը կամ անպատասխան էին մնում, կամ նա անհասանելի էր:

Եվ այս պայմաններում այսօր առավոտյան նորից առանց տեղափոխման հնարավորության մնացած բուժաշխատողներն իրենք են տարբեր եղանակներով հոգացել աշխատավայր հասնելու հարցը: Թե երեկոյան ինչպես են վերադառնալու՝ անորոշ է: Բայց այդ մարդկանց անօգնական և իրենց հույսին թողնելը, այն էլ նման օրերին և այն էլ ոլորտի աշխատողներին ցածր աշխտավարձ վճարելու դեպքում, անբարոյականություն է:

Թագուհի Ասլանյան