Երկրում տիրում է համատարած հանգստություն, սա ծայրահեղություն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին անդրադառնալով կորոնավիրուսով հաստատված դեպքերի այսօրվա ցուցանիշին՝ նշեց, որ մեկ օրվա տվյալով պետք չէ հետևություն անել, բայց մենք դեպքերի աճի տեմպի որոշակի վտանգի առաջ ենք կանգնած:

Նա ընդգծեց, որ թեստավորման քանակները մեծացնում են և ցանկանում են հնարավորինս շատ դեպք ախտորոշել: Վարչապետը նշեց, որ իրավիճակը դեռևս վերահսկելի է:

«Կա երկու ծայրահեղություն, մեկը խուճապն է, որի կարիքը չկա, երկրորդ ծայրահեղությունը համատարած հանգստությունն է: Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապային երևույթները, բայց ոնց հասկանում եմ, չափից ավելի շատ ենք կանխել և հիմա չենք կարողանում հանրությանը հետ բերել հավասարակշիռ վիճակի, քանի որ երկրում տիրում է համատարած հանգստություն, որը համաճարակային տեսակետից պրոբլեմ է: Սիրելի հայրենակիցներ, ես խնդրում եմ այդքան հանգիստ մի վերաբերվեք այս պրոբլեմին»,-ասաց նա և նշեց, որ հիվանդների 80 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:

«Եթե սա լիներ մեզ հայտնի գրիպ, մեր այսօրվա հիվանդների 80 տոկոսին ուղղակի կասեինք՝ գնացեք տուն, թեյ խմեք, հեղուկ շատ օգտագործեք»,-ասաց նա:

Վարչապետը ևս մեկ անգամ նշեց, որ վիրուսն առավելապես վտանգավոր է ավագ սերնդի ներկայացուցիչների համար, սակայն սա չի նշանակում, որ ավելի երիտասարդները երաշխավորված են վիրուսից: