Տանը չմնաս՝ Համալիր կգաս. կորոնավիրուսն ու իշխանության ուշացած քայլերը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում տեղադրված մեծաքանակ մահճակալների լուսանկարը ցնցել է մեր ժողովրդին: Ի դեպ, այն տարածվել է պարետատան գիտությամբ, ստացվում է՝ խուճապի տարածման դեմ պայքարող իշխանությունն իրականում ինքն է սրում խուճապը: Ինչո՞ւ է դա արվում: Լուսանկարի տակ իշխանական օգտատերերի կատարած գրառումից կարելի է հասկանալ, որ դա ժողովրդին ուղղված հաթաթա է՝ տանը չմնաս՝ Համալիր կգաս, տրամաբանությամբ:

Մինչդեռ սոցիալական, տնտեսական իրավիճակի լարվածությունը, կայացվող որոշումների անլրջությունը, իրավիճակը շտկելուն ուղղված անճարակությունը սասանել է մարդկանց հավատն առ իշխանությունը:

Մարդիկ հիշում են վարչապետի ու Առողջապահության նախարարի՝ «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է», «Մի ուռճացրեք», «Կորոնավիրուսը վտանգավոր հիվանդություն չէ, մենք միջոցառումներ չենք իրականացնելու» անլուրջ հայտարարությունները, և համադրելով վարակի սարսափելի աճի հետ, հարց են տալիս՝ էս ո՞նց եղավ…

Հայաստանում իշխանության եկած հեղափոխական-պոպուլիստների թիմը շատ է սիրում տարբեր հարցերում բերել հարևան Վրաստանի օրինակը. մենք էլ նույն կերպ, կորոնավիրուսի թեմային անդրադառնանք Վրաստանի օրինակով ու պատասխանենք ժողովրդի հարցադրմանը, թե՝ էս ո՞նց եղավ…

Այսպես. Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը հաստատվեց փետրվարի 26-ին, 2-րդը՝ փետրվարի 29-ին: Եվ այսօր՝ մեկ ամիս անց, վարակվածների թիվն այդ երկրում հասնում է 115-ի: Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին դեպքը հայտնաբերվեց փետրվարի 29–ին: Այսօր՝ մեկ ամիս անց, մեր երկրում այդ թիվը հասել է 571-ի:

Էս ո՞նց եղավ…

Վրաստանը չորս ուղղություններով բաց սահմանների և զբոսաշրջիկների մեծ հոսք ունեցող երկիր է: Մինչդեռ Հայաստանը համարվում է փակ սահմաններով պետություն, և տուրիզմի առումով էլ, բնականաբար, առաջ չի անցնում հարևանից: Փակ սահմանները լավագույն վիճակն են համաճարակների տարածումից խուսափելու համար, ու պետք է, որ այս հանգամանքը նպաստավոր լիներ մեր երկրի համար: Խելացի քաղաքականության դեպքում, կորոնավիրուսը կարող էր «սահուն քայլերով» անցնել մեր երկրի կողքով: Մինչդեռ պատկերը սարսափեցնող է. Վրաստանի 115 դեպքի դիմաց, Հայաստանում գրանցվել է 571-ը: Եվ դեռ աճը հախուռն տեմպերով շարունակվում է: Էս ո՞նց եղավ…

Հիմա տեսնենք, թե ի՞նչ քայլեր իրականացրեց Վրաստանի իշխանությունը վարակի առաջին դեպքի արձանագրումից հետո: Ի դեպ, վարակակիրը, որը 50 տարեկան տղամարդ էր, Վրաստան էր ժամանել Ադրբեջանից։ Դեպքի հայտնաբերումից հետո Վրաստանի Առողջապահության նախարարը հայտարարեց՝ «Վարակված տղամարդն անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց, տղամարդն այլ մարդկանց հետ չի հասցրել շփվել»։ Այսինքն՝ կարողացան արագ կանխել տարածումը՝ հենց առաջին դեպքից:

Ի՞նչ արեց ՀՀ իշխանությունը վարակի առաջին դեպքն արձանագրվելուց հետո: ՀՀ իշխանությունը թքած ուներ աշխարհացունց վարակի վտանգի տարածման վրա, մեր դուխով վարչապետը մարտի 1-ից մինչև մարտի 13-ը, առավոտից երեկո, ֆեյսբուքյան լայվերով ժողովրդին քարոզարշավի էր հրավիրում: Ոչ մի արտակարգ միջոցառում՝ մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար: Առողջապահության նախարար Թորոսյանն էլ ասում էր՝ միջոցառումների կարիքը չկա, ու այս անմիտ հայտարարությունն անելու համար մի ամբողջ ասուլիս հրավիրեց: Փաշինյանի համար առաջնայինը հանրաքվեի անցկացումն էր և «այո»–ի հաղթանակը ապահովելը:

Հիշում եք չէ՞, թե ի՜նչ մեծաքանակ հավաքներ էր կազմակերպում, բոցաշունչ ելույթներով մարդկանց տներից դուրս կանչում. արդյո՞ք, նման քայլով նա ուղղակիորեն չնպաստեց վիրուսի տարածմանը: Սա հարց է, որ դեռ պարզաբանման անհրաժեշտություն ունի:

Այն ժամանակ, երբ Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը պանդեմիա հայտարարեց, ամենից շատ վարակակիրներ ունեցող երկրի՝ Իրանի հետ Հայաստանի սահմանը շարունակում էր բաց մնալ, և Իրանից դեպի Հայաստան մարդկանց հոսքը չէր դադարում: Հիշենք, առաջին վիրուսակիրները հենց Իրանից եկան Հայաստան: Իտալիայում օր օրի աճում էին վարակակիրների թիվը, մինչդեռ ՀՀ իշխանությունը չչեղարկեց Միլան-Երևան չվերթը: Բռնցքամարտի հավաքականի պատվիրակությունը Լոնդոնից վերադարձավ Երևան, բայց այդ մարդիկ չմեկուսացվեցին: Հետո միայն պարզվեց, որ վարակված անձ կա թե՛ հավաքականի թիմում, թե՛ Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած անձանց մոտ: Այս մարդիկ, կրկնում եմ, չմեկուսացվեցին:

Նրանց, ովքեր մեկ ամսից ավելի է իշխանությանը կոչ էին անում փակել սահմաններն ու չեղարկել չվերթները, ինքնամեկուսացնել դրսից եկողներին՝ իշխանությունը ծաղրում էր կամ ժողովրդին խուճապահար անողներ որակում: Իսկ այսօր իշխանության ներկայացուցիչն ինքն է ԱԺ ամբիոնից հայտարարում՝ զանգվածային մահը չոքել է բոլորիս դուռը… Ո՞վ է սրա մեղավորը:

Կանխարգելիչ ոչ մի քայլ չարվեց հնարավոր ռիսկերը չեզոքացնելու համար, Հայաստանի իշխանությունն անտեսեց ու չզբաղվեց կորոնավիրուսի տարածման դեմ պայքարով: Սա անպատասխանատվություն է սեփական ժողովրդի հանդեպ, սա պետական հանցագործություն է…

Եվ այդ անլուրջ, անպատասխանատու, հանցագործ պահվածքի հետևանքն է այսօրվա պատկերը՝ Վրաստանում 115 դեպք, Հայաստանում՝ 571:

Հայաստանի իշխանությունը նույնպիսի անպատասխանատվություն ու անփութություն դրսևորեց նաև Արցախի հարցում: Այստեղ ևս քաղաքական շահն առաջ անցավ ժողովրդի շահերից: Փաշինյանը հայտարարեց՝ հիմքեր չկան հետաձգելու Արցախի ընտրությունները, այդկերպ մեսիջ ուղղելով ԱՀ իշխանությանը՝ չհետաձգել: Երեկ 500 դիտորդ ու լրագրող Հայաստանից մեկնեց Արցախ՝ ընտրությունները դիտարկելու, լուսաբանելու համար… Մնում է միայն հուսալ, որ կորոնավիրուսը չհասավ Արցախ…

Մեր երկիրն իրապես ծանր վիճակում է, սրվում է սոցիալ-տնտեսական իրավիճակը, ու դա կարող է շատ թանկ նստել պետության վրա: Մինչդեռ իշխանության քայլերը դարձյալ շարունակում են մնալ ոչ ադեկվատ: Օրեցօր ուժգնացող համաճարակի դեմ իշխանության ուշացած քայլերի շարքում են «Մնա տանը» կոչը, Մարզահամերգային համալիրը մահճակալներով լցնելը, ժողովրդի հեռախոսները գաղտնալսելը: Նման անարդյունավետ, անընդունելի քայլերն արվում են, ինչպես միշտ, ներկայացնելով հանուն ժողովրդի առողջության արվող գործողություններ: Մեծամտությամբ տառապող իշխանությունը չի ուզում լսել մարդկանց մասնագիտական խորհուրդները՝ միայն նրա համար, որ իրենց քաղաքական թիմից չեն:

Թե որքանով են արդյունավետ իշխանության գործողությունները՝ դատեք փաստերից: Հայաստանում արտակարգ դրություն հաստատվեց մարտի 16-ին, այդ ժամանակ երկրում կար 45 վարակակիր։ Սակայն 15 օր անց վարակված անձանց թիվը հասավ 571-ի, այսինքն գրանցվել է 12 անգամ ավելի աճ։ Հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք արտակարգ դրության ժամանակ իշխանությունը գործի դրեց արդյունավետ մեխանիզմներ: Իհարկե՝ ոչ: Ինչ վերաբերում թեստերին. օրերս տեղեկատվություն տարածվեց, որ իշխանությունը Հայաստան է ներմուծել էժանագին, անորակ թեստեր: Դրանք իրական պատկերը չեն ներկայացնում, այսինքն՝ հիմնականում ցույց են տալիս, որ մարդու մոտ վարակ չկա: Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունը չի ուզում փող ծախսել ու գնել որակյալ թեստեր, ինչն այս օրերին անում են բոլոր երկրները, այդ թվում մեր հարևան Վրաստանը: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունը ժողովրդի առողջության հաշվին փող է խնայում: Չենք բացառում, որ վաղը այս անխոհեմ քայլը ևս կներկայացնեն հանուն ժողովրդի արված քայլ:

Ահա, թե ինչու իշխանության ամբողջ հույսը՝ «Մնա տանը» մեթոդն է: Փաշինյանը փող չի ուզում ծախսել որակյալ թեստեր գնելու համար, ժողովրդին մեկուսացրել է, բայց հետն էլ չկարողանալով կանխել վարակի տարածումը՝ մեղադրում է ժողովրդին, թե լավ չես ինքնամեկուսանում, թե մեր ինքնագիտակցության ցածր մակարդակն է վարակի տարածման պատճառը: Մինչդեռ, տարբեր վերլուծաբաններ, հղում անելով Yandex ընկերության կողմից կատարված հետազոտությանը, հաստատում են, որ Երևանն ունի ինքնամեկուսացման ամենաբարձր գործակիցը:

Այնպես որ, իշխանության կողմից ժողովրդին թիրախավորելը ընդամենը սեփական մեղքերը թաքցնելու միջոց է:

Կորոնավիրուսը դիմակազերծեց այս իշխանության անկարողությունն ու վտանգավորությունը մեր ժողովրդի առողջության ու պետության ապագայի հարցում։

Արմինե Սիմոնյան