Աշխարհը դեռ չի ճանաչում կորոնավիրուսը

Օրերս տարբեր, այդ թվում ռուսաստանյան լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Չինաստանն ի վերջո հաղթահարել է կորոնավիրուսի համաճարակը և աստիճանաբար վերադառնում է կյանքի բնականոն հուն: Չնայած դրան, ամեն օր հեռուստատեսությամբ տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ Չինաստանում տեղաշարժվելիս դեռևս դիմակներ և այլ պաշտպանիչ միջոցներ կրում և ակամա հարց է առաջանում. եթե վարակի տարածումը կանխվել է, չինացիներն ինչի՞ց են զգուշանում: Պարզվում է, որ առայսօր էլ կորոնավիրուսի օջախը շարունակում է պայքարել վարակի տարածման դեմ և անգամ մտավախություններ կան, որ այնտեղ կարող է համաճարակի բռնկման երկրորդ ալիք սկսվել: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՉԺՀ շանհայյան համագործակցության կազմակերպության հետ ուղղակիորեն աշխատող լրագրող Պարույր Սինիավսկին, որի հետ մենք քննարկեցինք Չինաստանում այսօր առկա վիճակը՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման հետ:

Պարույր, ի՞նչ վիճակ է այժմ Չինաստանում, մենք լուրերով կադրեր ենք տեսնոմ, որ մարդիկ այնուամենայնիվ դուրս են եկել իրենց տներից, և ոմանք աշխատանքի են գնում, ոմանք ազատ տեղաշարժվում են, որոշ հաստատություններ բաց են արդեն: Եվ ինչո՞ւ էր նման տեղեկություն տարածվել, որ Չինաստանը թագավարակից ձերբազատման ճանապարհին է:

– Հայկական լրատվամիջոցներում Չինաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ տեղեկությունը հիմնականում ստանում են ռուսաստանյան հեղինակավոր լրատվական գործակալություններից: Եվ երեք օր առաջ «Ռիա Նովոստին» մի հոդված տպեց, որում նշվում էր, թե Չինաստանի իշխանությունները հայտարարել են իրենց երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին: Այդ նույն օրը ես կապ հաստատեցի ՉԺՀ ԱԳՆ դեսպանորդ-խորհրդական, բարեկամության, բարիդրացիության հարցերով շանհայյան համագործակցության կազմակերպության չինական կոմիտեի գլխավոր քարտուղար Չժան Վեյի հետ, որին անձամբ եմ ճանաչում և հետաքրքրվեցի, թե որքանով է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը: Նա, ինչպես նաև Սինհուա լրատվական գործակալության իմ գործընկերներն ինձ տեղեկություն ուղարկեցին, որում մեջբերված էր Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենի խոսքը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում: Մի Ֆենը նշել է, որ  «Չինաստանում համաճարակի տարածման հավանականությունը հարաբերականորեն բարձր է մնում: Ներկա պահին COVID-19-ի տարածումը Չինաստանում հիմնականում կանգնեցված է, բայց ոչ դադարեցված, իսկ վարակի դեպքերը նվազել են՝ հասնելով 3000-ի: Չինացիները չեն բացառում, որ այս պահի դրությամբ Չինաստանում կարող է հիվանդության բռնկման երկրորդ ալիք սկսվել, քանի որ արտասահմանից բերված դեպքերը երկրում շարունակում են աճել»:

Այսինքն՝ Չինաստանում համաճարակը հաղթահարված չէ, այնտեղ պարզապես նվազել է վարակվածների թիվը, սրանք տարբեր բաներ են: Մարդիկ նախկինի պես շատ քաղաքներում մեկուսացված են: Կարանտինն առաջվա նման շատ խիստ չէ, բայց փաստորեն Չինաստանը նախապատրաստվում է համաճարակի երկրորդ ալիքին. շատ արտասահմանցիներ սկսել են վերադառնալ Չինաստան, քանի որ այնտեղ առաջիկայում՝ ապրիլի կեսին և մայիսի սկզբին մարզական մի շարք միջոցառումներ են նախատեսված՝ ֆուտբոլային, բասկետբոլի, չինական ընկերություններում աշխատող օտարերկրա աշխատակիցեները նույնպես վերադառնում են աշխատանքի: Իհարկե, վերադառնալուց հետո նրանք 14-օրյա մեկուսացման պարտադիր պայմանը պահպանում են, սակայն անգամ դրանից հետո դեպքեր են եղել, երբ նրանք վարակակիր են եղել: Այնպես որ, խոսքի չի կարող լինել այն մասին, որ Չինաստանում համաճարակը հաղթահարված է: Հնարավոր է «Ռիա Նովոստին» սխալ է թարգմանել տեղեկությունը, սխալ է հասկացել:

Ինչ վերաբերում է բացվող հիմնարկներին, գործարաններին, ապա միայն հատուկենտ աշխատատեղեր են գործում՝ ըստ կարևորության: Պեկինում օրինակ մասնակիորեն վերաշահագործվել է պետպատվերով մեքենաներ ու ավտոբուսներ արտադրող BAIC գործարանը՝ ոչ ամբողջ հզորությամբ, փոստատունն է գործում,  պահեստներն են սկսել աշխատել, որոնք փոստային առաքումներ են ձևակերպում, երկրի ներսում ավիահաղորդակցությունն է աստիճանաբար վերականգնվում, մարդիկ նաև պատրաստվում են Չինաստանում ֆուտբոլի առաջնության առաջիկա խաղերին: Կան նահագներ, որտեղ կարելի է անգամ դպրոց գնալ, բայց մեծ մասամբ հեռավար պարապմունքներ են իրականացվում: Օրինակ, Պեկինում մարզական դպրոցը, որում ես սովորում եմ, հունվարի վերջից մեկուսացված է, դռները փակ են, իսկ սնունդը այնտեղ մեկուսացված աշակերտների ու ուսուցիչների համար առաքվում է մինչև դպրոցի դարպասներ:

Ի՞նչ վիճակ է այս պահին Չինաստանում վարակի տարածումը կանխարգելելու առումով, գիտենք, որ չինացիները նույնպես լծված են թագավարակի պատվաստանյութը գտնելու կարևոր գործին:

– Չինաստանում այս պահին բացի այն, որ աշխատում են պատվաստանյութը փնտրելով, նաև զբաղված են զրոյական բուժառուի որոնումներով, որպեսզի կարողանան հստակեցնել, թե երբվանի՞ց է այդ հիվանդության բռնկումը եղել: Համաճարակի հնարավոր բռնկման ահազանգով Չինաստանը ԱՀԿ էր դիմել դեկտեմբերի վերջին և համաճարակի սկիզբը համարվում էր հենց այդ ամիսը, այդ ժամանակահատվածը, բայց հետո թվագրումները փոխվեցին, նախ հայտարարվեց նոյեմբերը, հետո հոկտեմբերը: Բայց այս ժամկետները հաստատված չեն փաստերով, քանի դեռ զրոյական դեպքը չի հայտնաբերվել: Այս պահին չինական կողմը ուսումնասիրությունները շարունակում է, որպեսզի որոշի վարակի զարգացման համաճարակաբանական ժամանակացույցը:

Մոտ երկու ամսում հսկայական՝ 1.5  մլրդ-ից ավելի բնակչություն ունեցող Չինաստանը կարողացավ վերահսկելի դարձնել վարակը, մինչդեռ Արևմուտքը՝ Եվրոպան, ԱՄՆ-ը, նրանց փորձն անգամ աչքի առաջ ունենալով, տևական ժամանակ է, չեն կարողանում սանձել այն, ինչը օրական մարդկային հարյուրավոր կյանքեր է արժենում: Ի՞նչն է պատճառը, որ քաղաքակիրթ և հարուստ Արևմուտքը մնացել է կորոնավիրուսի ճիրաններում:

Չինաստանը կարողացավ շատ արդյունավետորեն ինքնակազմակերպվել: Դա բոլորովին այլ քաղաքական, հասարակական համակարգ է, որը շատ արագ է արձագանքում այն ամենին, ինչ տեղի է ունենում երկրի ներսում, քաղաքական իրադարձությունների, հավաքների, ցույցերի, մարզական միջոցառումների և այլ դեպքերում չինացիները շատ արագ են կողմնորոշվում իրենց քայլերում և քայլերը գործուն են լինում:

Նախ մեկուսացվեց ավելի քան 9 մլն բնակչություն ունեցող Ուհանը, որտեղից սկսվել էր վարակը և երբ հասկացան, որ այն արագ տարածվում է, քաղաքն արագ փակեցին, բնակավայրերը միմյանցից մեկուսացրեցին: Չինացիները կարգապահ են և հարկ եղած դեպքում հնազանդվում են իշխանություններին, դա ևս վճռական դեր ունեցավ: Նույնը կարելի է ասել կորեացիների մասին: Նրանք էլ են մարդ, նրանց մեջ էլ կան ծույլեր, անպատասխանատուներ, սեփական կարծիքին հետևողներ, բայց եթե կա հրաման, բոլորը ենթարկվում են դրան, և դա առանձին քաղաքակրթություն ու մշակույթ է, հասարակական վարքագծի մշակույթ: Բացի դա, Չինաստանում բավականին խիստ կարանտին էր հաստատված, հատկապես Ուհանում և միանգամից, մինչդեռ տարբեր երկրներ աստիճանաբար եկան դրան, երբ վարակը հասցրել էր բավականաչափ տարածվել: Այդ ամենը թույլ տվեց չինացիներին վերահսկել վարակը, նվազեցնել ռիսկերը, զոհերի թիվը, վարակվածների թիվը մեկուկես ամսվա ընթացքում:

– Մի պահ Չինաստանը սկսեց պաշտոնական հարթակներից մտահոգություն հայտնել և ԱՄՆ-ին մեղադրել վարակը Չինաստան հասցնելու և այնտեղ տարածելու մեջ՝ ասելով, թե ամերիկյան զինվորներն էին հոկտեմբերին Ուհան քաղաքում կայացած միջազգային ռազմական խաղերի ժամանակ վարակել այլ մարդկանց: Այսօր Չինաստանում դեռ այդ տրամադրությունները պահպանվո՞ւմ են:

– Ողջ այդ պատմությունը սկսվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրեց վարակը տարածելու մեջ: Չինացիներն էլ այդպես հակադարձեցին, որ ամերիկյան զինվորներն են հիվանդությունը տարել Չինաստան, այն զինվորները, որոնք ժամանել էին ԱՄՆ-ից, որտեղ  ռազմաբազա է գործում: Բայց Չինաստանի պաշտոնական պատասխանը հետևյալն է՝ այս պահին Չինաստանը և ԱՀԿ-ը պնդում են, որ որևէ երկիր մեղավոր և պատասխանատու չէ համաճարակի համար: Թե հետո ինչ կլինի, հայտնի չէ: Երկկողմանի մեղադրանքներն այս պահին երկրորդ պլան են մղվել:

Հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել, շատ տեղեկություն է հարկավոր, որը չկա, դավադրության ցանկացած տեսություն կազմելու համար առկա տեղեկությունը բավարար չէ, հետևաբար հիմնավոր չեն այդ տեսությունները:

Մյուս կողմից հակադարձեմ այն մարդկանց, ովքեր Չինաստանին մեղադրում են դիտավորությամբ վարակը ստեղծելու և տարածելու մեջ՝ իբրև հեռահար տնտեսական նպատակներով, ԱՄՆ-ին տնտեսապես խեղճացնելու և միազգային շուկայում առաջատար դեր զբաղեցնելու համար: Կամ նույն կերպ մեղադրում են ԱՄՆ-ին, իբր Իրանի դեմ դավադրության համար: Աշխարհի բոլոր պետությունները ծանր տնտեսական ճգնաժամի առաջ են կանգնած: Չինաստանի ինչի՞ն էր այդ վիճակը հարկավոր: Չինաստանի ամենամեծ ապրանքաշրջանառությունն ու հասույթը ԱՄՆ-ն է ապահովում, ոչ թե Եվրոպան կամ Ռուսաստանը: Նույնն էլ Ամերիկան, որը չինական շուկայի ամենամեծ սպառողն է: Եթե մի երկիր սնանկանում է, նշանակում է՝ մյուսն էլ է սնանկանում: Չինաստանի կամ ԱՄՆ-ի ինչի՞ն էր պետք սնանկացնել մի երկրի, որի արդյունքում ինքն էլ պիտի սնանկանա: Անզգույշ, անփույթ հետևություններ և վարկածներ են սրանք: Հիմա հատկապես գերտերությունները, տնտեսական հսկա պետությունները տրիլիարդներ պետք է ներմուծեն տնտեսություն՝ այն վերականգնելու համար, հսկայական կորուստներ կկրեն: Հանուն դրա՞ են ջանք թափել:

Ի՞նչ կանխատեսումներ կան Չինաստանում վարակի տևողության վերաբերյալ: Որքա՞ն այն դեռ կարող է շարունակվել:

– Երբ ես չինական կողմից հետաքրքրվեցի, թե որքանով են հավաստի այն տեղեկությունները, որ կորոնավիրուսով հիվանդացած և առողջացած մարդը կարող է նորից վարակվել, և ճի՞շտ է, որ հիվանդացած մարդը իմունիտետ ձեռք չի բերում հիվանդության նկատմամբ, ինձ պատասխանեցին, որ այդ հարցին հստակ պատասխան չունեն, դեռ ուսումնասիրությունները շարունակվում են ամբողջ աշխարհով:

Բայց երբ Ուհանի և այլ հիվանդանոցներում կորոնավիրուսով հիվանդների հետ մշտապես շփվող բժիշկներն իրենք էլ հիվանդանում էին, նրանց իմունիտետը թուլանում էր: Այդ պատճառով ենթադրվեց, որ հիվանդության նկատմամբ կայուն իմունիտետ չի ձևավորվում, բայց դա դեռ ապացուցված չէ, ընդհանրապես հիվանդության մասին այսօրվա դրությամբ շատ բան հայտնի չէ:

Զրուցեց Թագուհի Ասլանյանը