Լավ լուր. կորոնավիրուսը հալեցնում է քաղաքական սառույցը

Երեկ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել, որից մասնակիցները հեռացել են ծանր տպավորություններով և իրար մեջ ասել են, թե չեն ճանաչում իրենց իմացած Նիկոլ Փաշինյնին: Իսկ նման տարակուսանքի պատճառը եղել է հետևյալը. Փաշինյանն ասել է, թե երկրում ստեղծված ծանր վիճակը պահանջում է փոխել իշխանությունների վարքը: Նա ասել է, մասնավորապես, որ հարկավոր է դադարեցնել ժողովրդին սևի և սպիտակի բաժանել, պահանջել է բոլոր տեղերից հեռացնել Այո-ի երգը, քանի որ այնտեղ օգտագործվում է հրոսակ բառը, հրահանգել է դադարեցնել ՍԴ անդամների, հատկապես դրա նախագահի վարկաբեկումները և քննչականից պահանջել է փակել այդ թեմայով բոլոր գործերը՝ ասելով՝ բան էր, արել ենք:

Կրթության նախարարին կշտամբել է հայոց պատմության դասավանդումը բուհերից հանելու առաջարկի համար՝ ասելով, որ բուհը մասնագետից բացի, նաև իր ազգի պատմությունն իմացող, ազգային մտածողութամբ քաղաքացի պիտի պատրաստի: Ապա նա ասել է, որ անձամբ նամակ կգրի ու մեծ խորհրդակցության կհրավիրի ՀՀ բոլոր լուրջ քաղաքագետներին, տնտեսագետներին, հոգեբաններին, սոցիոլոգներին, անկախ իրենց քաղաքական հայացքներից, և կհորդորի միասնական ջանքերով մշակել երկիրն այս վիճակից հանելու ծրագիր: Նա սաստել է Ստեփան Սաֆարյանին հանրային խորհրդի նախագահի պաշտոնում քաղաքական չեզոքություն չպահպանելու և կյանքի գնով իրեն պաշտպանելու ջանքերի համար:

Արսեն Թորոսյանից պահանջել է հրապարակավ ներողություն խնդրել ժողովրդից այն բանի համար, որ ինքն ասել էր, թե կորոնավիրուսը լուրջ հիվանություն չէ և լուրջ քայլեր նախաձեռնելու կարիք չկա. Նա նաև նախարարից պահանջել է իր երեխաներին դպրոց ուղարկել, ինչպես որ հայտարարել էր ժամանակին: Իսկ ինչ վերաբերում է իրեն, ապա նա հայտարարել է, որ ինքը ևս հրապարակային ներողություն կխնդրի պինցետի և շան համար: Ինչ վերաբերում է շնաբարո դուրսպրծուկ, լիզել և նման բառերին, ապա նա Լեզվի կոմիտեին հանձնարարել է դրանք այլևս հեռացնել բոլոր բառարաններից և մոռացության մատնել:

Նա ասել է նաև, թե հերիք է անիմաստ ընկնենք Ռոբերտ Քոչարյանի հետևից, քանի որ եթե մարդ ենք նստացնում սահմանադրական կարգը տապալելու համար, ապա հարկավոր սկսել ԼՏՊ-ից:

Նա մտահոգություն է հայտնել, որ Արցախում նախագահ չի ընտրվել Բալասանյանը, քանի որ, ինչպես ինքն է ասել այդ փակ ժողովում, ճիշտ է, ինքը չունի Բալասանյանի հետ, բայց միայն նա կարող էր ապահովել Արցախի անառիկությունը:

Փաշինյանը դիմել է համապատասխան կառույցներին, որպեսզի գտնեն հնար Մելի մասին ֆիլմի նկարահանմանը ՀՀ մասնակցությունը չեղարկելու համար, քանի որ նշել է, որ հինավուրց հայ ժողովրդին պատիվ չի բերում այլասերումներին ընդառաջելը, և թե հայ պատանին պիտի դաստիարակվի առողջ ազգային արժեքներով: Նույն նպատակով պահանջել է արմատապես դադարեցնել ԼԳԲՏ քարոզը երկրում, ասելով, որ ժողովուրդը դրա համար չէր ելել պայքարի: Նրա այս պահանջից խորհրդակցության մասնակիցների մեծ մասին քրտինք է պատել:

Փաշինյանը պահանջել է ԱԺ «Իմ քայլի» պատգամավորներից ու նաև կոնկրետ մի մարզպետից այլևս առանց մտածելու չմոտենալ բարձրախոսին, ինչի առիթով իրեն զգուշացրել են, որ այդ դեպքում ԱԺ-ը կդառնա համրերի դպրոց: Այդ դեպքում, ասել է Փաշինյանը, կհետևենք քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի դեռևս 2019 թ. հունվարին արած առաջարկին և ԱԺ նիստերը կանենք դռնփակ՝ առանց լրագրողների:

Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին հանձնարարել է վերջ տալ միակողմանիությանը և իր հաղորդումներում ապահովել քաղաքական բոլոր բևեռների հավասար մասնակցությունը, ինչից վերջինիս սիրտը վատացել է:

Փաշինյանն ասել է, որ ներողություն է խնդրելու այն ամուսիններից, որոնք գիշերը քնում են իրար ծոցում, բայց զրկված են եղել նույն տաքսիով տեղաշարժվել: Այդ միջոցին պարետը ձևացրել է, թե գրիչը ցած ընկավ:

Վերջում Փաշինյանն ասել է, որ ինքը դադարելու է ամեն հարցով լայվ մտնել կամ ստատուս գրել: «Հերիք է ես ձեր բոլորի տեղ աշխատեմ,- հոխորտացել է նա,- ոլորտ եք ղեկավարո՞ւմ՝ բարի եղեք նաև հրապարակային խոսք ասել սովորել»:

Ստանալով այս լուրը, այն ճշտելու նպատակով կապվեցինք հայտնի քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանանի հետ, պարզելու համար, թե արդյոք ինքը ևս մեծ խորհրակցության մասնակցելու հրավեր ստացե՞լ է: Նա ասաց, որ այո, այսօր առավոտյան իրեն զանգել են կառավարությունից, ներողություն են խնդրել, որ չեն արձագանքել 2018-ի ամռանը Նիկոլ Փաշինյանին ուղարկած իր երկու անչափ կարևոր նամակներին և առաջարկել են մեծ ժողովի առաջիկա նիստին ներկայացնել երկրի վերափոխման իր տարբերակը:

Հ.Գ. Այս խորհրդակցության հետ կապված լուրերի հոսքը շարունակվում է, և մենք առաջիկայում լրացուցիչ նորություններ կհայտնենք ձեզ:

Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան էջից

01.04.2020

ԼԱՎ ԼՈՒՐ. ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱԼԵՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԱՌՈՒՅՑԸ Երեկ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել,…

Опубликовано Արծրուն Պեպանյան Вторник, 31 марта 2020 г.