Մեր պետականության հանդեպ ոտնձգություններ իրականացնելու փորձեր կատարողները կզսպվեն օրենքով. Բակո Սահակյան

«Ի սկզբանե ստեղծվել են ու այսօր էլ կան բոլոր պայմանները, որպեսզի ընտրությունները սահմանված չափորոշիչներով հասցվեն իրենց տրամաբանական ավարտին»։ Այս մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով հետընտրական գործընթացների վերաբերյալ հարցին:

Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր հետևել են նախընտրական փուլին, նկատել են, որ քարոզարշավի ընթացքը եղել է բաց և ազատ մրցակցային:

«Օրենքից դուրս հավանական զարգացումների դեպքում՝ մենք պարտավոր ենք զսպել դրանք: Բոլոր նրանց հանդեպ, ովքեր կփորձեն ոտնձգություններ իրականացնել մեր պետականության դեմ կամ արհեստական լարվածություն ստեղծել մեր հայրենիքում, պարզ է, կգործադրենք օրենքով սահմանված միջոցները: Բայց քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գիտակցումը եղել է դժվարությունները հաղթահարելը և հաջողությունների հասնելը, համոզված եմ, որ այս քաղաքական գործընթացն էլ բացառություն չի լինելու: Մենք համոզված ենք նաև, որ այդպիսի զարգացումներ չենք ունենալու»,-ընդգծել է Արցախի Հանրապետության նախագահը:

Այն հարցին, թե կցանկանա՞ր արդյոք մնալ քաղաքական դաշտում և որևէ պաշտոն զբաղեցնել, ԱՀ նախագահը պատասխանել է, որ նման քննարկումներ որևէ մեկի հետ չի ունեցել, և որ պաշտոնաթող նախագահը կոչված է անտարբեր չլինելու երկրի ներսում այս կամ այն զարգացումների հանդեպ, ճիշտ հակառակը՝ նա պետք է փորձի իր հնարավորությունների սահմաններում օգտակար լինել ոչ միայն իշխանությանը, այլև հայրենիքին: