«Քվեարկել եմ հանուն Արցախի ապագայի, համերաշխության, խաղաղության և առողջության». Արայիկ Հարությունյան

Ստեփանակարետի 1/22 ընտրատարածքում այսօր՝ մարտի 31-ին՝ ժամը՝ 11:00-ին, կնոջ և դստեր հետ իր քաղաքացիական պարտքն է կատարել «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճապազրույցում Ա. Հարությունյանն ասել է, որ քվեարկել է՝ հանուն Արցախի ապագայի, համերաշխության, խաղաղության և առողջության:

«Շատ լավ եմ գնահատում ընտրությունների ընթացքը: Ակտիվությունը կա քաղաքացիների կողմից, և սա Արցախի քաղաքացիների բարձր գիտակցության աստիճանի հերթական հիմնավորումն է, որի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:

Խոսելով աշխարհում տարածված նոր կորոնավիրուսի մասին՝ ԱՀ նախագահի թեկնածուն նշել է․ «Այսօր ավելի մեծ մարտահրավերն են սպասվում, և պետք է միավորվել ազգովին՝ դիմակայելու ոչ միայն համաճարակին, այլև սպասվող տնտեսական աղետին: Դրա համար Արցախում պետք է ունենալ լեգիտիմ իշխանություն, որը, Հայաստանի իշխանությունների հետ համատեղ, կարողանալու է իրականացնել այն կարևոր առաքելությունը, որ սպասվում է մեզ»:

«Համոզված եմ, որ մեր բոլոր քաղաքական ուժերի վճռականությունն այնքան բարձր է լինելու երկրի ապագայի նկատմամբ, որ մենք ունենալու ենք ավելի համախմբված Արցախ: ԱՀ նախագահի բոլոր թեկնածուներն էլ ինձ համար հարազատ են, և գրեթե բոլորի հետ ունեմ անցած ճանապարհ: Ճանաչելով նրանցից յուրաքանչյուրին՝ համոզված եմ, որ վաղը լինելու ենք միասնական: Հայաստանի իշխանությունների կողմից բոլորն էլ ունեն աջակցություն: Արցախում ինձ բոլորն էլ բարեկամ են, և պատրաստ եմ բոլոր թեկնածուների հետ համագործակցել»,- հավելել է Ա. Հարությունյանը: