Արցախցին իր խոհեմ ընտրությամբ կխառնի թշնամու խաղաքարտերը

Անտեսելով աշխարհը սարսափի մեջ պահող կորոնավիրուսի վտանգը, Արցախն այնուհանդերձ որոշեց չհետաձգել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Վաղը՝ մարտի 31-ին, արցախցին ընտրելու է իր նախագահին և իր օրենսդիր մարմինը:

Արցախը գնում է ոչ սովորական ընտրության, ավելին, այն հայ ժողովրդի պատմության մեջ կմնա որպես աշխարհաքաղաքական առումով կարևորագույն իրադարձություն, ինչի արդյունքները վճռորոշ են լինելու հայության համար:

Արցախի հեռավոր գյուղերում ապրող, աշխարհի դավերին անտեղյակ հասարակ արցախցին գուցե չի էլ գիտակցում, թե որքա՜ն կարևոր է վաղվա իր ձայնը, գուցե չի էլ պատկերացնում, թե որքան ճակատագրական կարող է լինել իր սխալ ընտրությունը հայության ու հայկական պետականության համար: Քանզի արցախցու վաղվա ընտրությունը միայն Արցախինը չէ, այն Հայաստանինն է, Սփյուռքինն է, այն ողջ հայության ապագայի ընտրությունն է:

Ինչպես գրել էինք ավելի վաղ, Հայաստանի հեղափոխական-պոպուլիստական իշխանությունների ձեռամբ Արցախը հայտնվել է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների շահերի բախման կիզակետում: Սրանով իսկ վաղվա ընտրությունները դադարում են Արցախի ներքին հարցը լինելուց:

Արևմտյան, իսկ ավելի հստակ՝ անգլոսաքսոնական ուժերի պլաններում հայության դեմ հերթական դավադիր սցենարն է իրագործվում, որն ստացավ «Բոլթոնի պլան» անվանումը: Այս անգամ ևս, ինչպես մեկ դար առաջ, սցենարը թելադրված է նավթագազային շահերով: Նպատակը ռուսական ազդեցության նվազեցումն է՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելը, որպեսզի վերջինս իր տարածաշրջանային ներկայությամբ սպառնալիք չդառնա բրիտանական նավթամուղների ու գազատարների համար: Նաև Ռուսաստանին Իրանի սահմանից հնարավորինս հեռու պահելն է. այս դեպքում խոսքը Արցախ-Իրան 135 կմ սահմանի մասին է, ինչը ռազմավարական նշանակություն ունի նախ և առաջ Արցախի համար:

Ի դեպ, տարիներ առաջ իրանցի քաղաքական վերլուծաբան, լրագրող Սալար Սեյֆօլդինն իր վելուծություններից մեկում գրել էր. «Արցախը մեկն է մեր հարևաններից, որի հետ մենք մոտավորապես 135 կմ ընդհանուր սահման ունենք։ Միգուցե շատ իրանցիներ չգիտեն, որ նման հարևան ունենք, քանի որ այն քարտեզի վրա տեսանելի չէ…»։

Արևմուտքի սցենարիստները կարծում են, թե իրենց նավթատարներն ու գազատարները կարող են առավել ապահով լինել, եթե Արցախը գտնվի ՆԱՏՕ-ական Թուրքիայի փոքր եղբոր՝ Ադրբեջանի վերահսկողության տալ: Եվ ահա, շրջանառության մեջ դրվեց, այսպես կոչված՝ «համատեղ բնակության» ծրագիրը ու ակտիվացավ, այսպես կոչված՝ «ադրբեջանական համայնքի» թեման: Ծրագրի անվանումից արդեն իսկ պարզ է, թե ինչի մասին է խոսքը. հայերն ու ադրբեջանցիները պետք է համատեղ բնակվեն Արցախում:

Ասեմ, որ սա նոր սցենար չէ, այն դեռ մեկ դար առաջ՝ 1920-ականներին է գործարկվել: Հիշյալ հայատյաց ծրագրի հետևանքը եղավ այն, որ Արցախի հայկական գյուղերը հայտնվեցին ադրբեջանական շուրջկալի մեջ… ու ադրբեջանացան: Պատմությունը կրկնվում է:

Չնայած այս սցենարի մասին ՀՀ իշխանությունները դեռ լռում են, սակայն հակահայկական սցենարն արդեն գաղտնազերծված է: Ժնևյան բանակցությունների ժամանակ այն դրվել է հայկական կողմի առաջ: Այս մասին ահազանգ հնչեց թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից: ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը և Արցախի հերոս, գեներալ-մայոր, Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը հանդես եկան հայտարարությամբ, որ Ժնևում բովանդակային բանակցություններ են ընթանում, ուր առանցքային հարցերից են Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը և առաջին հերթին դրված է Շուշիի բնակեցման հարցը:

Հիշեցնենք, որ ժնևյան բանակցություններին զուգահեռ, Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպեց Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ: Այսպիսով, ծրագիրը ենթադրում է փուլ առ փուլ Արցախի վերադարձ Ադրբեջանին: Արցախի հարցում Հայաստանի իշխանության կողմից իրականացվող քաղաքականությունը թույլ է տալիս ասել, որ ժնևյան բանակցություններից կողմերը հեռացել են սցենարի շուրջ ձեռքբերված համաձայնությամբ:

Վերջերս Միացյալ Նահանգների կառավարությունը չեղարկեց Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որն ուղղվում էր շատ կարևոր գործի՝ ականազերծման աշխատանքներին: Ամենևին պատահականություն չէր ԱՄՆ կառավարության կողմից այս ֆինանսական աջակցության չեղարկումը: Արցախը զրկվեց մարդասիրական օգնությունից, փոխարենը Ադրբեջանին շարունակում են տրամադրել մեծածավալ ֆինանսական աջակցություն: Չկարծեք, թե սա զուտ ֆինանսական հատկացումների խնդիր է: Ամենևին: Սա քաղաքական որոշում է, որով ԱՄՆ-ը ցույց տվեց Հայաստանի և Արցախի նկատմամբ իր դիրքորոշման փոփոխության մասին: Այն ուղղակիորեն առնչվում է ներկայիս աշխարհաքաղաքաղական գործընթացներին ու հստակ մեսիջ էր: Եվ սա ևս վկայում է Արցախի հարցում հակահայկական սցենարի իրականացման մասին:

Ասեմ ավելին, վերջերս նաև պարզվեց, որ Արցախին՝ ականազերծման համար տրամադրվող ֆինանսական աջակցությունը փոխակերպվել է «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագրով: Օրենսդրական հարցերով պետքարտուղարի օգնական Մերի Էլիզաբեթ Թեյլորը և ԱՄՆ ՄԶԳ օրենսդիր և հանրային հարցերով կառավարչի օգնական Ռիչարդ Ք. Փարկերը այս առիթով գրեցին. «…մեր գործակալությունները տեսնում են հնարավորություն ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության ֆինանսավորման համար, որը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, օրինակ՝ որպես բնակչությանը խաղաղության նախապատրաստում: Առաջ նայող ծրագրերը, որոնք աջակցում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և հիմք են դնում ավելի բարեկեցիկ ապագայի համար, հույս են ներշնչում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար երկարաժամկետ հեռանկարում»:

Ահա, թե ինչպես են այսօր ԱՄՆ-ում պատկերացնում արցախյան հիմնահարցի լուծումը: Նույն սցենարի իրականացմանը լծվել է նաև Հայաստանի հեղափոխական իշխանությունը՝ Փաշինյանի ղեկավարությամբ:

Նոր իրողությունները փաստում են, որ Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ: Չավարտված պատերազմ, անորոշ խաղաղություն. իրավիճակը կարելի է այսպես բնութագրել:

Ու նորից առաջ է մղվում հայկական երկու պետությունների, հայ ժողովրդի անվտանգության, ինչու ոչ՝ լինելիության հարցը: Սթափության պահն է: Քաղաքական շահերից վերն ու բարձրագույնը հայրենիքի շահն է: Նժարին ամենաթանկն է: Այս գիտակցմամբ Արցախը վաղը պետք է ընտրի նախագահ ու խորհրդարան:

Արցախցու խոհեմության վրա երբեք չեմ կասկածել, այսօր էլ համոզված եմ, որ այս վճռորոշ պահին նա կդրսևորի իրեն հատուկ խոհեմություն ու հեռատեսություն: Եվ Արցախի նախագահի պաշտոնը կփոխանցի իր արժանավոր զավակին, նրան, ում նախագահությամբ պաշտպանված կլինի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:

Համոզված եմ, Հայաստանի փրկությունը Արցախից է գալու:

Հաղթանակը չի՛ վաճառվում:

Արմինե Սիմոնյան