Կառավարությունն աջակցություն կտրամադրի մի շարք ոլորտների աշխատակիցների

Կառավարությունն օժանդակություն կտրամադրի քաղաքացիներին, որոնք 2020թ․-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ՝

  • հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
  • հանրային սննդի ծառայություններ,
  • զբոսաշրջային ծառայություններ,
  • վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
  • մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող:

Բացառություն են այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է նաև սննդամթերք և/կամ ծխախոտ և/կամ դեղորայք և/կամ ալկոհոլային խմիչք:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ։

  • Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68 000 դրամը, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50 %-ը, բայց ոչ պակաս, քան 68 000 դրամը և ոչ ավելի քան 136 000 դրամը։
  • Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68 000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։
  • Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով։
  • Եթե նշված ժամանակահատվածում ԱՁ իրացման շրջանառության 10 %-ը գերազանցում է 68 000 դրամը, ապա աջակցության չափը կլինի ոչ պակաս, քան 68 000 դրամը և ոչ ավելի, քան 136 000 դրամը։

Ծրագրին դիմելու կարգը կներկայացվի մոտակա օրերին։

ՀՀ կառավարություն