Եվ վերստին գալիս է խորհելու ժամանակը

  1. ԽԵԼԱՑԻ ԱՌԱՋԱՐԿ

Ինքնամեկուսացման այս օրերին հաճախ են հնչում կոչեր, թե եկեք այս ժամանակն արդյունավետ օգտագործենք և խորհենք պետական նշանակության հիմնախնդիրների լուծման մասին: Առաջարկը, ինչ խոսք, ողջունելի է, հատկապես, որ ամբողջ երեսուն տարի մեր քաղաքական դաշտը զլացել է մտածել ու տարվել է մակերեսային հարցերով:
Քաղաքական մտքի մակերեսայնությունը մեր միակ պրոբլեմը չէ. մենք մեկ այլ լուրջ, գերլուրջ խնդիր ունենք՝ մեզանում չի գործում քաղաքական մտքի ժառանգականության օրենքը, և մեր քաղաքական գործիչներն իրենց այնպես են պահում, ասես հայ ժողովուրդը 1990-ին է արարվել ու մինչ այդ քաղաքական մտածումներ չի ունեցել: Մինչդեռ իրականում մեր ներազգային խնդիրների շուրջ գրեթե ամենը մտածված է, մասամբ էլ՝ փորձարկված հարյուր տարի առաջ: Մեզ ընդամենը մնում է այդ մտածվածը հիմք ընդունել, լրամշակել՝ հավելելով այս հարյուր տարվա բերած ազդեցությունները և առաջ գնալ:

Ասվածն ապացուցող մի վառ օրինակ բերեմ:
Օրերս լրացավ Հովհաննես Թումանյանի մահվան 97-րդ տարելիցը: Մենք նրան գիտենք որպես բանաստեղծ, գրող, իսկ քանի՞սը գիտեն նրան որպես քաղաքագետ, քանի՞ քաղաքական գործիչ ու կուսակցություն գիտեք, որ հիմք են ընդունել նրա եզրահանգումները, առաջարկությունները: Միանգամից ասեմ՝ չկա նման կուսակցություն, որի պտճառով էլ մեր երկրի կյանքը քաոսային է և այդպիսին էլ կշարունակի մնալ, եթե չվերականգնենք քաղաքական մտքի ժառանգականությունը:
Իսկ ի՞նչ էր ասում Թումանյանը, որով էականորեն տարբերվում է մերօրյա քաղգործիչներից:

  1. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ

Բնությանը մերձ մեծացած լինելով՝ նա բնածին տեսանող էր, քննախույզ հայացք ուներ և կարողանում էր երևույթների խորքը տեսնել ու պատճառները բացահայտել:
Նա առաջինն էր մեր նորագույն պատմության մեջ, ով հասկացավ մեզ անբաժան ուղեկցող աղետի աղբյուրը՝
«շատ չարություն կա մեր հոգում»:

Ու նաև դրա պատճառը գտավ՝
«Ուրիշ ընղհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում»:
Եվ ապա եզրակացրեց՝
«Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի»։
Ու նաև ելքն ուրվագծեց՝
«Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։ Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։

  1. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Թումանյանը նաև բնածին պայծառատես էր, որը ժառանգական էր: Նա կանխատեսել էր իր ու իր շրջապատի հետ տեղի ունենալիք շատ իրադարձություններ: Նա նաև իր ազգի համար էր կանխատեսում արել, հավատալով, որ այն իրականանալու է՝
«Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին― Հույսի՜ հայրենիք, Լույսի՜ հայրենիք»:

  1. ՄԵՐ ՕՐԵՐ

Հիմա եկեք հարց տանք մեզ՝ քանի՞ կուսակցություն գիտեք, որ մեր կյանքի քաոսայնության հիմք է ընդունում Թումանյանի արած բացահայտումը, քանի՞սն են իրավիճակը շտկելու նրա նշած ուղիով գնում: Եթե հարցում անեք, ապա մեր քաղգործիչներից քանի՞սը կկարողանան պատասխանել այն հարցին, թե մեր ժողովուրդն այդ ի՞նչ խոսք է խոսում աստծու հետ, և ապա՝ այդ ի՞նչ մեծ խոսք է, որ մեր ժողովուրդը պիտի ասի աշխարհին:
Ինչպես ասացի վերևում, ես ողջունում եմ պետական նշանակության հիմնախնդիրների լուծման շուրջ խորհելու, մտածելու առաջարկը: Բայց եկեք նախևառաջ խորհենք մեզնից առաջ ապրածների եզրահանգումների վրա, այլապես այս տեղապտույտը վերջ չի ունենա…

Արծրուն Պեպանյան