Խիզախումն ու հոսանքներին դեմ գնալը բնորոշ են արցախցուն

Մինչ աշխարհն իրար խառնված պատերազմում է COVID-19 անտեսանելի թշնամու դեմ, Արցախը, այնուամենայնիվ, որոշեց գնալ ընտրությունների: Պետք է խոստովանենք, որ առկա իրավիճակում համապետական ընտրություններ անցկացնելը բավականին խիզախ քայլ է:

Խիզախումն ու բոլոր տիպի հոսանքներին դեմ գնալը, իհարկե, բնորոշ է արցախցուն: Պատմության ընթացքում այն հաճախ եղել է Արցախի ժողովրդի հաջողության գրավականներից մեկը: Տա աստված, որ այս ընտրությունները ևս նոր հաջողություններ, ուժ և հավատ ավելացնեն Արցախի ապագային ու անկոտրում պայքարին:

Այս ընտրությունները միակն են լինելու աշխարհում, և գուցե հենց իրավիճակի ոչ միանշանակ լինելը ստիպի աշխարհին ևս մեկ անգամ լսել ու հիշել Արցախի մասին: Աշխարհի բոլոր անկյուններում համաճարակն ահաբեկում է մարդկանց, իսկ Արցախում քաղաքացիները ընտրում են իրենց նախագահին և խորհրդարանը: Համաձայնեք, որ համաշխարհային մամուլը, եթե անդրադառնա այս երևույթին, գուցե Արցախ/Ղարաբաղ անվանումը շատերի հետաքրքրությունը շարժի:

Այսինքն, դեռևս միջազգայնորեն չճանաչված պետությունը, ամրապնդելով իր պետականության կայացման հաջորդական քայլերը, առաջնորդվելով իրավական պետությանը հարիր նորմերով, կարևորելով իր անվտանգության ու անկախության բոլոր հնարավորությունները՝ գնում է ապացուցելու աշխարհին, որ հաստատակամ է և ոչ մի պարագայում չի նահանջելու ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ունենալու իր պայքարից:

Էպիդեմիաները, բնական ու տեխնածին աղետները կանցնեն, սակայն Արցախի ու Հայաստանի անվտանգության, չավարտված պատերազմի կամ չսկսված խաղաղության պահանջը մեզ միշտ լրջության կոչ է անում: Վստահ եմ, որ Արցախը գնալու է հենց այդ լրջության, խոհեմության, կշռադատված ու հիմնավորված ընտրության ճանապարհով: Պոպուլիզմն ու օտարածին խաղերն արցախցուն չեն շեղելու իր անցած ճանապարհից, իր մղած պատերազմից, իր ձեռք բերած հաղթանակից և իր հայտարարած նպատակից:

Այդ պայքարին հավատարիմ մնալով, հերթական անգամ Արցախն ընտրելու է իրեն արժանի նախագահ և խորհրդարան: Նախագահ, ով անցյալի, ներկայի ու ապագայի ամուր երաշխավորն է լինելու, և խորհրդարան, որը միտք ու իմաստ է տալու արցախյան քաղաքական կյանքին ու խնդիրներին:

Արցախի ընտրությունը նաև Հայաստանի ընտրությունն է, աշխարհասփյուռ հայերի ընտրությունն է: Թող այն դառնա համընդհանուր հաջողության գրավականներից մեկը: Արցախի ընտրություններից չպետք է շահած դուրս գան միայն մի խումբ մարդիկ կամ կուսակցություններ:

Թող Աստված բարին առաջնորդի և հաղթանակած ժողովրդին հարիր՝ անվնաս ու խաղաղ ընտրություններ լինեն Արցախ աշխարհում:

Բարին ընդ Ձեզ և Աստված պահապան բոլորիս:

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

ԽԻԶԱԽՈՒՄՆ ՈՒ ՀՈՍԱՆՔՆԵՐԻՆ ԴԵՄ ԳՆԱԼԸ ԲՆՈՐՈՇ Է ԱՐՑԱԽՑՈՒՆՄինչ աշխարհն իրար խառնված պատերազմում է COVID-19 անտեսանելի…

Опубликовано Արտակ Զաքարյան Artak Zakaryan Воскресенье, 29 марта 2020 г.