Հայաստանի իշխանությունների գործողությունների և անգործության վերլուծությունը գուժում է` վիճակը կարող է ավելի ծանրանալ

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն իր 27.03.2020թ. N 20 որոշմամբ վեց ժամով արգելել է երևանյան մի քանի սուպերմարկետների գործունեությունը: Պարետի որոշման մեջ նշված է.

«Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) «ՍԻԹԻ» ՍՊԸ՝ ք. Երևան, Ավան, Հովհաննիսյան թաղամաս 24/7 շենք, ք. Երևան, Կոմիտասի պողոտա 46 շենք. 2) «Սաս Գրուպ» ՍՊԸ՝ ք. Երևան, Քաջազնունու փողոց 20/1 շենք․ 3) «Նոր Զովք» ՍՊԸ՝ ք. Երևան, Մուրացան 113/4»։

Արգելել է` հաշվի առնելով նաև ս.թ. մարտի 27-ին իրականացված մշտադիտարկման արդյունքում նկատված խախտումների հիման վրա կազմված արձանագրությունները: Լավ է արել, որ սրգելել է, բայց դա անհրաժեշտ լինելով հանդերձ, բնավ բավարար չէ: Սահմանված 6 ժամից հետո նշված սուպերմարկետները շարունակել են աշխատել, և ամենևին չկա վստահություն, որ այնտեղ կամ այլ սուպերմարկետներում խախտումները չեն շարունակվում կամ չեն շարունակվելու: Այդ վստահությունը կամ երաշխիքը չկա, քանի որ նշված սուպերմարկետների տերերին կամ դրանց պատասխանատուներին (գործատուներին) ավելի վաղ հայտնի էին և՛ ՀՀ-ում նոր կորոնավիրուսով (COVID-2019) պայմանավորված իրավիճակը, և՛ այդ կապակցությամբ հայտարարված արտակարգ դրությունը, և՛ ՀՀ պարետի № Ց/17-2020 ցուցմամբ հաստատված ուղեցույցով սահմանված պարտադիր պահանջները: Այնուհանդերձ, դրանցից որոշները կոպիտ կերպով խախտվել են: Այս կապակցությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարտի 25-ի հայտարարության մեջ նշված է.

«Դիտարկումների արդյունքում սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ

հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,

առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),

առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան և ջերմաչափ,

չի պահպանվել աշխատատեղերի և աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը,

արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում»։

Ճիշտ է, նշված սուպերմարկետների գործունեությունը 6 ժամով դադարեցնելը որոշակի տնտեսական վնաս պատճառել է նրանց, սակայն իրավիճակի լրջությունը հաշվի առնելով, առաջիկայում խախտումներ արձանագրելու դեպքում պարտադիր պետք է կիրառել նաև վարչական տուգանքներ, ընդ որում, օրենսդրական շուտափույթ նախաձեռնությամբ բարձրացնելով տուգանքների չափը:

Սուպերմարկետներից օգտվող յուրաքանչյուրը կարող է տեսնել, թե գոնե հիմա արդյոք ամբողջությամբ պահպանվո՞ւմ են հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների` պարտադիր շնչադիմակներ կրելու, աշխատատեղերի և աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջները: Ցավոք, շատ սուպերմարկետներում չեն պահպանվում: ԱԱՏՄ մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնը երևանյան սուպերմարկետներում վերստին արձանագրել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման՝ պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ։ Այս մասին ընդամենը մի քանի ժամ առաջ տեղեկացվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում.

«ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից։

Արձանագրված հիմնական խախտումներն են՝

Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,

Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),

Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան և ջերմաչափ։ Խախտվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի այլ կետեր ևս»։

Բոլորին կոչ ենք անում խախտումներ նկատելու դեպքում զանգահարել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարով` 8107։

Այնուհանդերձ, եթե վերոնշյալ և, ընդհանրապես, ՀՀ պարետի № Ց/17-2020 ցուցմամբ հաստատված ուղեցույցով սահմանված բոլոր պահանջները կատարվեն նույնիսկ 100 տոկոսով, դրանք ամենևին բավարար չեն ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխելու համար, քանի որ վերաբերվում են գործատուներին և աշխատակիցներին: Ինչ տարբերություն` նոր կորոնավիրուսային վարակը, ասենք, սուպերմարկետի աշխատակցի միջոցով է տարածվում, թե այնտեղ մտած հաճախորդի…

Եթե աշխատակիցները միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն (սոցիալական հեռավորություն) պահպանելու պահանջը նույնիսկ իդեալականորեն կատարեն (չկատարելու դեպքում գործատուի նկատմամբ կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ), բայց սուպերմարկետների հաճախորդները զանգվածաբար չհետևեն սոցիալական հեռավորություն պահպանելու իշխանության հորդորին (քանի որ դա ընդամենը հորդոր է, ոչ թե պահանջ` այն խախտելու համար սահմանված պատասխանատվությամբ), ինչի ականատեսն ենք սուպերմարկետներում և այլուր, ապա աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջի կատարումն ընդամենը չնչին կերպով կարող է դանդաղեցնել Հայաստանում նոր կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը:

Ելնելով վերը շարադրվածից, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին և կառավարությանը խնդրում, հորդորում ու նրանցից պահանջում եմ`

  1. Անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ` գոնե սուպերմարկետներում (ըստ մասնագետների, վարակի տարածման երկու առավել վտանգավոր վայրերից մեկը, մյուսը` հասարակական տրանսպորտն է) և գյուղատնտեսական մթերքների շուկաներում աշխատակիցների կողմից` միմյանց միջև, և հաճախորդների կողմից (բացառությամբ` միասին գնումներ կատարողների)` միմյանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքում տվյալ պահանջը խախտողների նկատմամբ վարչական պատասխանատվություն (տուգանք) սահմանելու համար:
  2. Համապատասխան որոշմամբ յուրաքանչյուր սուպերմարկետի և և գյուղատնտեսական մթերքների շուկայի կցել ոստիկանության անհրաժեշտ թվով աշխատակիցներ` սոցիալական հեռավորության պարտադիր պահպանման պահանջի կատարմանը հետևելու և այն խախտողների նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու համար:
  3. Ոստիկաններին տալ սուպերմարկետներում կատարվող տեսանկարահանումներին անվտանգության աշխատակիցների հետ միասին հետևելու իրավասություն:
  4. Սուպերմարկետների և գյուղատնտեսական մթերքների շուկաների պատասխանատուներից պահանջել աշխատանքի ողջ ընթացքում բարձրախոսով հաջորդաբար, 10 վայրկյան ընդմիջմամբ, հաճախորդներից պահանջել պահպանել սոցիալական հեռավորություն և զգուշացնել այն խախտելու համար նախատեսված վարչական տուգանքի մասին:
  5. Դիտարկել այլ վայրերում ևս սոցիալական հեռավորություն չպահպանելու համար վարչական տուգանք սահմանելու և դրա կատարմանը հետևելու նպատակով համապատասխան միջոցառումներ իրականացնելու հնարավորության հարցը:

Օրինակ, Սինգապուրում, ըստ Reuters-ի երեկվա տեղեկատվության, սոցիալական հեռավորությունը խախտելու համար անձը կարող է հայտնվել բանտում:  Ընդգծենք, որ Սինգապուրի բնակչությունը Հայաստանի բնակչության մոտ կրկնակին է (դեռ 2018թ. տվյալներով` 5 781 110, կանխատեսվում էր, որ 2019թ. ավարտին բնակչությունը հասնելու է 6 122 833-ի): Սինգապուրում COVID-2019-ով վարակվածության հաստատված դեպքերի քանակը, ըստ ՀՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության, այսօր ժամը 18:07-ին հրապարակված տվյալների համաձայն,  732-ն է, գրանցված է մահվան 2 դեպք: Հայաստանում, ըստ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվության, նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի քանակը մարտի 28-ի ժամը 10-ի դրությամբ հասել է 372-ի: Սինգապուրի բնակչության քանակը հաշվի առնելով ու համեմատելով ՀՀ բնակչության թվաքանակի հետ, պարզում ենք, որ այնտեղ COVID-2019-ով վարակվածության հաստատված դեպքերի քանակը Հայաստանից քիչ է, բայց, այնուհանդերձ, իշխանությունները երկրում համավարակի հետագա տարածումը կանխելու նպատակով, սոցիալական հեռավորությունը խախտելու համար նույնիսկ բանտարկություն են նախատեսել:

Դարձյալ Reuters-ի տեղեկացմամբ, Ավստրալիան այսօրվանից խստացրել է սոցիալական հեռավորության կանոնները չպահպանելու համար նախատեսված պատասխանատվությունը, ավելին` իշխանությունները նախազգուշացրել են ավելի խիստ միջոցներ ձեռնարկելու հնարավորության մասին: Տասնյակ ու տասնյակ երկրներ ճարակած համավարակի աղետի մեջ գտնվելով, ե՞րբ ենք սթափվելու…

Արթուր Հովհաննիսյան