Իմ համոզմամբ՝ բնակչության հիմնական մասը կվարակվի վիրուսի թեթև ձևով և ձեռք կբերի իմունիտետ. պրոֆեսոր Վաչագան Այվազյան

Սիրելի հայրենակիցներ

Ամբողջ աշխարհում սրընթաց տարածվում է կորոնավիրուսը: Հայտարարված է պանդեմիա: Պանդեմիան չի նշանակում, որ վիրուսը շատ սարսափելի է: Դա նշանակում է` վիրուսի տարածումը ընդգրկում է երկրների մեծ մասը: Նրա վտանգավորությունը կայանում է նրանում, որ այն տարածվում է շատ արագ: Առողջապահական համակարգի նպատակը ոչ թե այն ամբողջությամբ կանգնեցնելն է, այլ՝ կանգնեցնել նրա սրընթացությունը: Եթե վիրուսի տարածման ճանապարհին խոչընդոտներ չստեղծվեն, ապա ոչ մի երկրի առողջապահական համակարգ չի կարող հաղթահարել հիվանդների միաժամանակյա նման մեծ հոսքը: Օրինակ կարող են հանդիսանալ Եվրոպայի շատ երկրներ:

Մեր՝ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, հաշված օրերի ընթացքում վերապրոֆիլավորվեց կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժում իրականացնող ինֆեկցիոն հիվանդանոցի: 3 օրվա ընթացքում ծավալվեց 140 մահճակալ նշված հիվանդների համար, ինչպես նաև 16 մահճակալ՝ վերակենդանացման ծառայության կարիք ունեցող հիվանդների համար: Ընդհանուր առմամբ՝ 156 մահճակալ: Բերվել են թոքերի արհեստական շնչառության նոր ապարատներ՝ թվով 16 հատ, նոր ֆունկցիոնալ մահճակալներ, մոնիտորներ, վերակենդանացման բաժանմունքը ապահովվել է թթվածնի կենտրոնական մատակարարաման համակարգով, բոլոր բաժանմունքներում տեղադրվել են մաքուր և վարակված գոտիները տարանջատող դռներ և միջնապատեր, վերանորոգվել է 1 բաժանմունք՝ 20 մահճակալով, ավելացվել են սանհանգույցներ, տեղադրվել է նոր հզոր դիզելային գեներատոր և այլն (բոլորը հնարավոր չէ թվարկել): Ապահովվել է վիրահատական սրահի առկայությունը՝ անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսով հիվանդներին վիրահատական միջամտություն իրականացնելու համար:

Այս ամենը հնարավոր եղավ՝ շնորհիվ հանրապետության ամենատարբեր ծառայությունների համատեղ աշխատանքի, որը համակարգվում է առողջապահության նախարարի կողմից նշանակված համակարգող մասնագետի կողմից:

Բուժկենտրոնի բոլոր անհրաժեշտությունները ապահովվում են հաշված ժամերի ընթացքում:

Նշեմ, որ գործնականորեն ողջ կոլեկտիվը պատրաստակամություն է հայտնել աշխատել և օգտակար լինել Ձեզ, ինչի համար ես շատ շնորհակալ եմ բոլորին: Գրեթե բոլոր աշխատակիցները ապահովվել են աշխատանքով: Կատարված աշխատանքի համար վարձատրությունը զգալիորեն բարձրացվել է:

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այլ բուժհաստատությունների բուժաշխատողներին, բժիշկներին, բժշկական համալսարանի ուսանողներին, բուժքույրերին և կրտսեր բուժանձնակազմին: Նրանք բոլորը արագ, կարճ վերապատրաստումից հետո անցել են աշխատանքի:

Մի քանի օրվա ընթացքում մեր կենտրոնը ընդունել է 98 հիվանդ «Նորք» ինֆեկցիոն ԲԿ-ից, և մենք անընդհատ սերտ համագործակցության մեջ ենք վերոնշյալ կենտրոնի հետ:

Բոլոր հիվանդները ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և 3-անգամյա սնունդով:

Բազմաթիվ կազմակերպությունների կողմից ստացվում է բարեգործական օգնություն:

Իսկ այժմ՝ ամենակարևորի մասին: Ինչպես արդեն նշեցի, առողջապահական համակարգի նպատակն է՝ դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը: Իմ համոզմամբ՝ բնակչության հիմնական մասը կվարակվի վիրուսի թեթև ձևով և ձեռք կբերի իմունիտետ: Հնարավոր են կրկնակի բռնկումներ, բայց դրանք արդեն ավելի քիչ վտանգավոր կլինեն, և չի լինի ծանր հիվանդների մասսայական հոսք, այն կլինի կառավարելի:

Կորոնավիրուսի տարածման դեմ անհրաժեշտ է պայքարել միահամուռ ուժերով, ուստի դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ խուճապի չմատնվել, անվերապահորեն կատարել ՀՀ կառավարության և առողջապահության նախարարության ցուցումները: Հետևել արտակարգ դրության ռեժիմի պահանջներին: Ռիսկի չենթարկել Ձեզ՝ վարակվել այս էտապում, երբ վիրուսը հատկապես վտանգավոր է: Այս ամենը հավերժ չի տևելու. կգա ժամանակ, և այս ծանր ժամանակաշրջանը բոլորիս համար հիշողություն կդառնա:

Մեր ազգը հաղթահարել է երկրաշարժի հետևանքները, պատերազմը, կհաղթահարենք նաև այս փորձությունը: Բոլորիցս է կախված, որ այս ամենը անցնի նվազագույն կորուստներով:

Այս շրջանում կտրուկ կրճատեք շփումները, պահպանեք հիգիենան և հետևեք առողջապահության նախարարության ցուցումներին: Դրանով դուք կփրկեք ձեզ և կթեթևացնեք մեր աշխատանքը: Բուժանձնակազմից շատերը, հնարավոր է, վարակվեն այս վիրուսի թեթև ձևով, և ես վստահ եմ՝ բոլորը կբուժվեն: Մենք գնում ենք այս ռիսկին՝ հանուն Ձեզ, սիրելի հայրենակիցներ: Մի տրվեք չստուգված տեղեկատվությանը, ամենատարբեր ֆեյքերի ինֆորմացիային:

Շնորհակալություն ըմբռնումի համար, պահպանեք ձեզ, բոլորին մաղթում եմ առողջություն:

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր

Վաչագան Պետրոսի Այվազյան

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրենՊրոֆեսոր Վաչագան Պետրոսի ԱյվազյանՍիրելի…

Опубликовано Vachagan Ayvazyan Суббота, 28 марта 2020 г.