Ինչպես ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը, այնպես էլ նրա մամուլի քարտուղարը (տեսանյութ)

Ինչպես իր հիստերիկ ելույթներով հայտնի, հոգեպես անհավասարակշիռ Փաշինյանն է մարդկանց նախկինում սպառնացել պատերին ծեփել, ասֆալտին փռել և այլն, այնպես էլ նրա մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն է երեկ Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Թամոյանին (Բորիս Մուրազիին), ըստ վերջինիս կողմից իր ֆեյսբուքյան էջում կատարած լայվով, սպառնացել 500 հազար տուգանելով` ասելով, որ կարող է նրան 500 000 դրամ տուգանել, ապա նրա մոտ ոստիկաններ ուղարկելով` ասելով, եթե օրենքով ենք շարժվում, ուրեմն ձեզ մոտ կգան ոստիկաններ և կպահանջեն, որ նյութը հեռացնեք: Ի՞նչ է` մենք արդեն Թուրքիայում կամ Ադրբեջանւմ ենք ապրում, բայց դեռ գլխի չե՞նք ընկել…

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ճիշտ և ճիշտ գտել է իրեն միանգամայն համապատասխանող մամուլի քարտուղարի, և այս առումով Փաշինյանի մամուլի քարտուղարի սպառնալիքները բնավ զարմանալի չեն:

Մանե Գևորգյանը սպառնացել է կատարել գործողություններ, որոնք իր լիազորությունների շրջանակից դուրս են, սպառնացել է անամոթ, հանդուգն կերպով, և այն բանից հետո, երբ Բորիս Թամոյանին ներկայացնելով Գյումրիում մահացած մի բնակչի` նոր կորոնավիրուսով հնարավոր վարակվածության վերաբերյալ վերոնշյալ կայքում հրապարակված նյութը կայքից հանելու պահանջ, ստացել է մերժում:

Որպեսզի ընթերցողին ամեն ինչ հասկանալի լինի, նախ ներկայացնենք Politik.am-ի հրապարակած «Մահվան դեպք Գյումրիում. հանգուցյալի մոտ կորոնավիրուս է կասկածվում» վերտառությամբ խնդրո առարկա տեղեկատվությունը

«Քիչ առաջ Գյումրու մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ քաղաքում 70-ն անց մի քաղաքացի է մահացել։ Ըստ նախնական սիմպտոմների տարեց տղամարդը հիվանդ է եղել կորոնավիրուսով։ Քաղաքացու դիակը տեղափոխվել է «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ։ Մեր աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ լաբարատորիայում չեն դիահերձում մահացածին և մարմինը հրաժարվել են հանձնել հարազատներին, քանի դեռ մայրաքաղաք Երևանից փորձաքնության արդյունքները չեն ստացել։ Ըստ մեր աղբյուրի՝ Երևանից նաև հատուկ արտահագուստ պետք է հասցնեն դիահերձող բժիշկներին, որպեսզի նրանք չվարակվեն։

Կապ հաստատեցինք նաև «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա»‰ ՓԲԸ-ի հետ։ Այստեղից մեր տեղեկատվությունը հաստատեցին։ Բժիշկ Մելիքյանի տեղեկացմամբ՝ կա հանգուցյալ, որին կասկածում են կորոնավիրուսով վարակված լինելու մեջ, բայց վերջնական հաստատումը դեռ չեն ստացել։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացու վիճակ ծայրահեղ ծանր է»:

Փաստ 1-ին. կայքը ներկայացնելով տեղեկատվությունը, ըստ որի, «քաղաքում 70-ն անց մի քաղաքացի է մահացել։ Ըստ նախնական սիմպտոմների տարեց տղամարդը հիվանդ է եղել կորոնավիրուսով», նախ այդ տեղեկատվության առնչությամբ հղում է կատարել Գյումրու իր աղբյուրների վրա` հստակ նշելով, որ նրանցից է ստացված, ինչից պարզ է դառնում, որ այդ տեղեկատվությունը կայքի կողմից դեռ պարզված, ճշտված չէ, այսինքն` այդ տեղեկատվությունը դեռ չի կարելի ընկալել իբրև ճշտված, ստույգ, իրականությանը համապատասխանող:

Փաստ 2-րդ. Գյումրիում այդ հրապարակումից առաջ, իրոք, տարեց մի քաղաքացի է մահացել, ինչն անժխտելի է:

Փաստ 3-րդ. քաղաքացու դիակը, իրոք, տեղափոխվել է «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ։

Փաստ 4-րդ. Political-ը բարեխղճորեն փորձել է պարզել իր աղբյուրներից ստացած տեղեկատվության իսկությունը` կապ հաստատելով «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ի հետ։

Փաստ 5-րդ. ըստ կայքի հրապարակման, վերոնշյալ ՓԲԸ-ի «Բժիշկ Մելիքյանի տեղեկացմամբ՝ կա հանգուցյալ, որին կասկածում են կորոնավիրուսով վարակված լինելու մեջ, բայց վերջնական հաստատումը դեռ չեն ստացել»։

Ընթերցողի համար իրականությանը համապատասխանողը հենց այս վերջինն է` պաշտոնական աղբյուրի հայտնածը, ինչը կայքը ներկայացրել է ընթերցողներին:

Փաստ 6-րդ. Politician-ն այդպիսով ներկայացրել է ոչ թե ՀՀ կառավարության կողմից արտակագ դրություն հայտարարելու մասին որոշման մեջ նշված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքի և դրանց վերաբերող տվյալների վերաբերյալ հրապարակում կամ տեղեկատվական նյութ, այլ իր աղբյուրներից ստացած տեղեկատվության առնչությամբ «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ի բժշկից ճշտածը` «կա հանգուցյալ, որին կասկածում են կորոնավիրուսով վարակված լինելու մեջ, բայց վերջնական հաստատումը դեռ չեն ստացել»։

Նկատի ունենալով վերը շարադրվածը, Politician-ը որևէ պարտավորություն չուներ պարետատան տրամադրած տեղեկատվության վրա հղում կատարելու: Մանավա՛նդ, որ պարետատան կողմից մինչ այդ հրապարակված պաշտոնական տեղեկությունների շարքում տվյալ տեղեկատվությունը չկա (քանի որ չկա, ինչի վրա պետք է հղում կատարվեր), 2-րդ` այն չի հակասում պարետատան կողմից մինչ այդ հրապարակված որևէ տեղեկատվության, 3-րդ` այն իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն չէ:

Եթե Politician-ը նույնիսկ ամենակոպիտ կերպով խախտած լիներ ՀՀ կառավարության 2020 թ. մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման հավելվածի 23-րդ կետի պահանջը, ապա որևէ պարտավորություն չուներ տվյալ հրապարակումը կայքից հանելու, քանի որ նույն կետի համաձայն, պարտավոր էր ընդամենը հրապարակել պարետատան կողմից այդ հաղորդման մեջ պարունակող տեղեկությունների վերաբերյալ տրամադրված, հրապարակված հերքումը կամ պարզաբանումը: Բայց, փաստորեն, պարետատան հերքումը կամ պարզաբանումը հրապարակելու պարտավորություն էլ չուներ, քանի որ տվյալ հրապարակմամբ չէր խախտել կառավարության հիշյալ որոշման 23-րդ կետի պահանջը: Այնուհանդերձ, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մամուլի քարտուղարը հիշյալ սպառնալիքների, այսինքն` հոգեբանական ճնշման միջոցով հասել է նրան, որ Politik.am-ը երեկ «Հերքում. Պարետատունը հայտնում է, որ Գյումրիում մարտի 26-ին արձանագրված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ» վերտառության ներքո հրապարակել է պարետատան հետևյալ հերքումը».

«Politik.am կայքում «Մահվան դեպք Գյումրիում. հանգուցյալի մոտ կորոնավիրուս է կասկածվում» վերնագրով նյութում տեղ գտած տեղեկատվությունը մինչ հրապարակվելը չի ճշտվել Պարետատան կամ Առողջապահության նախարարության հետ: Պարետատունը հայտնում է, որ Գյումրիում մարտի 26-ին արձանագրված և վերը նշված նյութում հիշատակված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդության հետ:

Վստահեցնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված ցանկացած տեղեկատվություն Պարետատունը և Առողջապահության նախարարությունը հրապարակում են պատշաճ և օպերատիվ կերպով՝ համապատասխան հարթակների միջոցով: Լրատվամիջոցներին կոչ ենք անում հետևել և տարածել պաշտոնապես հաստատված տեղեկությունները:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության կողմից Արտակագ դրություն հայտարարելու մասին որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան տրամադրած տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման)։

Զանգվածային լրատվության միջոցների կողմից սույն որոշման 23-րդ կետով նախատեսված հաղորդումներն առանց պաշտոնական տեղեկատվության հիմքի հրապարակելու դեպքում՝ ԶԼՄ-ները պետք է հրապարակեն պարետատան կողմից այդ հաղորդման մեջ պարունակող տեղեկությունների վերաբերյալ տրամադրված, հրապարակված հերքումը կամ պարզաբանումը՝ այն ստանալուց/հրապարակվելուց հետո 2 ժամվա ընթացքում։ Միաժամանակ, ԶԼՄ-երը պետք է ապահովեն վերջինիս տարածումը նույն հարթակներով, ինչ կիրառվել է հաղորդման հրապարակման ժամանակ»։

Պարետատունը վերը շարադրվածն առավելագույնը պետք է ներկայացներ որպես պարզաբանում, բայց ոչ իբրև հերքում, քանզի ի՞նչն է հերքում` հիշյալ ՓԲԸ բժշի կողմից դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ ասա՞ծը` ա՞յն, որ հանգուցյալի մոտ կորոնավիրուս է կասկածվում, բայց վերջնական հաստատումը դեռ չի ստացվել: Պարետատունն այդ որտեղի՞ց իմացավ, որ Գյումրիում մարտի 26-ին արձանագրված և վերը նշված նյութում հիշատակված մահվան դեպքը պայմանավորված չէ կորոնավիրուսային հիվանդությամբ… Այս «հերքում»  կոչվածի մեջ բառ անգամ չկա այն մասին, որ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայի կողմից վերջնական հաստատումն արդեն ստացվել է և փարատվել է հանգուցյալի` նոր կորոնավիրուսով վարակված լինելու կասկածը: Չէր էլ կարող լինել, քանի որ Գյումրիում մարտի 26-ին մահացածի դիակից համապատասխան նմուշի լաբորատոր հետազոտությունը բավական ժամանակ է պահանջում, հետևաբար դրա արդյունքը չէր կարող հայտնի դառնալ կայքի կողմից հիշյալ տեղեկատվության հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց: Այս առումով տվյալ «հերքումը» զուրկ է արժանահավատությունից և անձամբ ինձ համար 0-ի արժեք ունի:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը