Արվեստը նաև եկամտի աղբյուր է դառնում. երիտասարդ տիկնիկագործ

Մեկ տարի առաջ եմ սկսել զբաղվել տիկնիկագործությամբ, քանի որ նկատել եմ, որ մեր օրերում մարդիկ դժվարանում են հետաքրքիր ու յուրահատուկ նվերներ մատուցել:

Այս մասին «Արցախպրեսի» տեղեկացմամբ, ասել է Ստեփանակերտում «Տիկնիկներ Վիվիեն» ապրանքատեսականու հիմնադիր Սյուզաննա Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ տիկնիկագործություն սովորել է ինքնուրույն:

 

Արցախում շատերն են զբաղվում տիկնիկագործությամբ, սակայն Սյուզաննայի կերպարային տիկնիկները տարբերվում են իրենց ոճով ու ձևով:

«Շուկայում շատ դժվար է կատարածդ աշխատանքով տարբերվելը: Պետք է ձգտել նորամուծություն մտցնել: Որպես արվեստագետ՝ ունեմ երևակայություն և բազում գաղափարներ, որոնք էլ երևում են իմ ձեռքով պատրաստած աշխատանքներում: Տիկնիկներ պատրաստելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ անհրաժեշտ է ժամանակ՝ նվազագույնը երեք օր, եթե հումքը լրիվությամբ կա, ինչպես նաև տրամադրություն, որովհետև ամեն մի աշխատանք պետք է սիրով կատարել: Ամսվա կտրվածքով պատրաստում եմ մոտ 5 տիկնիկ, իսկ եթե պատվերները շատ են լինում, գրաֆիկը ծանրաբեռնվում է: Պատվերները ստանում եմ «Տիկնիկներ Վիվիեն» անունով ֆեյսբուքյան էջի միջոցով, հիմնականում Արցախից ու Հայաստանից, քիչ քանակությամբ նաև Ռուսաստանի Դաշնությունից և Եգիպտոսից: Գները տարբեր են՝ սկսած 10 հազարից»,-մասնավորապես ասել է երիտասարդ տիկնիկագործը՝ ընդգծելով, որ իր արվեստը նաև եկամտի աղբյուր է դառնում:

Անդրադառնալով «Տիկնիկներ Վիվիեն» անվանմանը, նա նշել է, որ «Վիվիեն»-ը ֆրանսիական կնոջ անուն է, որը թարգմանաբար նշանակում է կենդանի, ապրող, շնչող. այդ նշանակությունն էլ փորձում է տիկնիկների մեջ արտացոլել, որպեսզի դրանք հնարավորինս պահանջված լինեն հանրության շրջանում:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Սյուզաննան ասել է, որ ծրագրում է բացել խանութ-սրահ, որտեղ հնարավորություն կունենա ցուցադրելու գործերի ավելի լայն տեսականի: