Հայաստանը հերթական բաժանման վտանգի առա՞ջ

Մեր այժմյան իրականության քաոսայնության պատճառները պարզելու ակնկալիքով ու նաև պատմավեպեր գրելու առիթով բավականին ուսումնասիրել եմ մեր ժողովրդի պատմությունը, և ինձ միշտ զարմացրել է Հայաստանի քանիցս բաժանման իրողությունը: Ողջ հարցն այն է, որ երկիրը հուժկու գրոհի չի ենթարկվել այդ ընթացքում, թեպետ եղել են արտաքին ազդեցություններ, բայցև կիսվել է՝ բաժին ընկնելով հարևաններին: Եվ ահա օրերս, զննելով մեր իրականությանը, այդ հարցում մի ուշագրավ հայտնագործություն արեցի: Այն գուցե թե գիտական չէ ու դեռ ապացուցման կարիք ունի, բայց համարձակվում եմ պնդել իմ վարկսծը: Իսկ այն հետևյալն է՝ ինչ-ինչ հանգամանքների բերումով (գերակշիռ մասով՝ արտաքին), հայ ժողովրդի մեջ առաջացել է երկու տեսակ` արմատապես հակոտնյա, մտածողություն, ճիշտ կլինի ասել՝ առաջացել է երկու հայ ժողովուրդ, որոնց համատեղ գոյությունը մեկ պետական միավորի մեջ անհնար է եղել: Կիսատված այդ ժողովուրդն անկարող է եղել պահպանել միասնական պետական կարգը ու, որպես դրա հետևանք, երկիրը կիսվել է, և միանման մտածողները հավաքվել են իրենց հարազատ կեսերում՝ արևելյան կամ արևմտյան:

Այս եզրահանգմանը գալ ինձ դրդեց նաև Ավետիք Իսահակյանի մի միտքը, որը նա գրառել է, ըստ ամենայնի, անցած դարի սկզբներին: Նա տխրությամբ նկատել էր.   «Հայաստանում երկու սերունդ է աճում կողք կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին,անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, մայրենասեր: Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն»:

Իսահակյանի կողմից այս մտքի գրառման պահին ներկայում ապրողների գերակշիռ մասը դեռ ծնված չի եղել կամ գտնվել է դպրոցական տարիքում, այսինքն պոետի նկատած խնդիրը մենք ինքներս չենք ստեղծել՝ այն ունի հնից եկող արմատներ: Իսկ թե որքա՞ն հին՝ դժվար է ասել: Համենայնդեպս, դա պարզելը դուրս է այս հոդվածի հետաքրքրության շրջանակից:
Այս երկու սերունդների, երկու հայ ժողովուրդների առկայությունն անզեն աչքով տեսանելի չէր խորհրդային շրջանի ավարտին և Երրորդ հանրապետության տարիներին: Ճիշտ է, առանձին սոցիալական շերտերի միջև նկատելի էր որոշակի լարվածություն, ագրեսիվություն, սակայն խրամատի գիծը հստակ չէր ու նկատվածը տեղավորվում էր հանրային կյանքի մասին եղած պատկերացումների մեջ:


2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո այս առումով տեղի ունեցան անցանկալի, մտահոգիչ զարգացումներ: Դա եղավ այն բանից հետո, երբ իրեն սիրո և հանդուրժողականության հռչակած շարժումն ատելության և անհանդուրժողականության մակընթացություն հարուցեց: Մարդկանց սևերի և սպիտակների բաժանելու հեղափոխությունների անբաժան ուղեկից դրսևորումն աստիճանաբար խորացրեց խրամատը երկրի զարգացման ուղիների նկատմամբ տարբեր տեսակետ ունեցողների միջև: Իշխանությունների անհավասարակշիռ պահվածքի հետևանքով այն ավելի խորացավ, և ժողովուրդն այսօր բաժանված է միմյանց հանդեպ թշնամաբար տրամադրված բևեռների, անհանդուրժողականությունը հասել է այն աստիճանի, որ համացանցում կարելի է հանդիպել այդ հողի վրա արտագաղթելու տրամադրությունների:
Սեփական թիմի խնդիրների լուծմամբ տարված իշխանությունները, որ իրենք են արձակել ատելության ջինը, ոչ միայն չեն նկատում երկրի անվտանգության տեսանկյունից  խնդրահարույց այս երևույթը, այլև սեփական վարկանիշը պահելու մտահոգությամբ շարունակում են ներքին թշնամու կերպարի ուռճացման գործընթացը: Եթե զգոնությունը չհաղթի, եթե իրական հանդուրժողականության հաստատման քայլեր չարվեն, ապա, ցավով պիտի ասեմ, որ երկիրը կհասնի նախակիսումային հերթական վիճակի, երբ վերջնականորեն կձևավորվի երկու հայ ժողովուրդ, որոնք միևնույն պետության մեջ իրար հետ ապրելու դժվարություն կունենան:
Մտածենք այս մասին:

Արծրուն Պեպանյան