Արցախի բուժհաստատությունները շարունակում են վերին շնչուղիների սուր վարակների մշտադիտարկման գործընթացը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության բուժհաստատությունների կողմից շարունակվում է վերին շնչառական ուղիների սուր վարակների մշտադիտարկման գործընթացը:

Բուժհաստատությունների կողմից շարունակվում է վերին շնչառական ուղիների սուր վարակների մշտադիտարկման գործընթացը

Այս մասին տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից:

Այս պահի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունների դիմելիության քանակը կազմում է 85, որից 36-ը կամ 42%-ը՝ 0-18 տարեկան երեխաներ, ստացիոնար բուժում ստացող հիվանդների քանակը` 32, որից 22-ը կամ 68.8%-ը`0-18 տարեկան երեխաներ:

2019թ. մարտի 26-ի դրությամբ ամբուլատոր դիմելիությունը կազմել էր 121, որից 104 (86%) 0-18 տարեկան:Ստացիոնար բուժման մեջ են գտնվել 59 հիվանդ, որից 37-ը (63%)` 0-18 տարեկան: Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նկատվում է ստացիոնար և ամբուլատոր դիմելիության նվազում:

2020թ. փետրվար ամսում արձանագրվել է 4948 ՎՇՈւՍՎ դեպք, որից 3795 կազմել են 0-18 տարեկան երեխաները, 2019թ. նույն ժամանակահատվածում՝ 3447 ՎՇՈւՍՎ դեպք, որից՝ 2956 կազմել են 0-18 տարեկան երեխաները: Գրանցվել է 1501 դեպքով աճ, այդ թվում` 0-18 տարեկան երեխաների շրջանում` 839 դեպք:

Ըստ լաբորատոր հետազոտության արդյունքների՝ հանրապետությունում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը և գրիպի Բ տեսակի հարուցիչները:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.

✅ խուսափեք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

✅ եթե հիվանդ եք, մնացեք տանը՝ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

✅ եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ,

✅ մի օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

✅ հագնվեք եղանակին համահունչ,

✅ պահպանեք հազի և փռշտալու վարվելակարգը,

✅ օգտագործեք հնարավորինս շատ հեղուկներ,

✅ հաճախակի օդափոխեք փակ տարածքները,

✅ հետևեք անձնական հիգիենայի կանոններին։