Հրաժարվել սևի և սպիտակի հակադրումից

«Պրոպագանդան պիտի հաշվի առնի լսարանի պատրաստվածության աստիճանը և սահմանափակի քարոզչության ինտելեկտուալ մակարդակը: Տարրական «սևը սպիտակի դեմ»-ը ավելի նախընտրելի է ծանր մտքերից… Լավ խառնեք ատելությունն ու զայրույթը և պահեք կրակի վրա այնքան ժամանակ, քանի դեռ բազմությունը չի հասել ինքնամոռացության»,- սրանք մարդկության պատմության թերևս ամենահզոր հռետորի՝ Ադոլֆ Հիտլերի խոսքերն են:

Մեր քաղաքական դաշտը սույն հռետորի անունը լսել անգամ չի ուզում, բայց  կյանքը ցույց է տալիս, որ ակամա և անշեղորեն հետևում են նրա խորհրդին: Հետևում են` մոռանալով, որ «սևը սպիտակի դեմ»-ը թեպետ զանգվածներին գրավելու լավ միջոց է, բայց բավարար չէ իրավիճակի արմատական փոփոխություն, իրական հեղափոխություն անելու համար: Իրական հեղափոխության համար գաղափարախոսություն է պետք ունենալ, կյանքը վերակառուցելու նոր սկզբունքներ:

Երրորդ հանրապետության քաղաքական կյանքը հարուստ է բողոքական բազմամարդ շարժումներով, քաղաքական պայքարի ծայրահեղ դրսևորումներով: Եկեք հիմա, տարիների հեռվից. մի կողմ թողնելով նախադիրքորոշումները, քննենք տեղի ունեցածն ու մեր անցած ճամփան: Գնանք  իննսունական թվականներ ու մտաբերելով անցյալը՝ հարց տանք ինքներս մեզ. մնայուն ի՞նչ հիշողություններ են պահպանվել Վազգեն Մանուկյան ընդդիմադիր առաջնորդի ելույթներից, գաղափարական ի՞նչ  դրույթներ են մտապահվել մեզ մոտ: Սևը և սպիտակը հիշում ենք, իշխանություններին տրվող կոշտ գնահատականները հիշում ենք, բայց ահա գաղափարախոսական տեսանկյունից որևէ թեզ վերհիշել-վերարտադրել կդժվարանանք: Նույն պատկերն էր նաև հետագա, արդեն պատմություն դարձած, ընդդիմադիրների մոտ` Ստեփան Դեմիրճյան, Արկադի Վարդանյան, Արամ Կարապետյան: Անգամ կդժվարանանք տարբերություն գտնել նրանց ելույթների մեջ:

Գանք-հասնենք Լևոն Տեր-Պետրոսյան ընդդիմադիր առաջնորդին: Առաջինը, որ հառնեց ձեր հիշողության մեջ, ի՞նչն էր: Իհարկե, Ազատության հրապարակի հարթակից հնչեցված, նախորդներին էականորեն գերազանցող կոշտ բնութագրումներն իշխանությունների հասցեին: Իսկ մտաբերո՞ւմ եք արդյոք նրա կողմից ներկայացված  գաղափարախոսություն, երկրի կյանքը վերակառուցելու նոր սկզբունքներ: Երբեմնի նախագահը, ով ինքն էր արժանացել ընդդիմադիրների հրետակոծությանը, նորություն չբերեց քաղաքական պայքարում, այն չդարձրեց գաղափարների, պետության կյանքի կազմակերպման մոտեցումների մրցակցություն: Դրա փոխարեն, ակամա հետևելով Հիտլերի օրինակին, նախորդներից ավելի վարպետորեն խառնեց ատելությունն ու զայրույթը և պահեց կրակին այնքան ժամանակ, որ բազմությունը հասներ ինքնամոռացության: Դա, ինչ խոսք, օգնեց նրան հալեցնել իր անձի հանդեպ հանրության մի մեծ հատվածի մոտ եղած, անցյալով պայմանավորված, սառը վերաբերմունքը և ապա պայքարին հաղորդել աննախադեպ սրություն, բայց և ակնհայտ է, որ պայքարի ու ցնցումների այդ փուլը ևս ոչինչ տվեց հայ քաղաքական մտքի զարգացմանը, և միակ  «ձեռքբերումը» եղավ իշխանութունների հանդեպ հնչեցված գերկոշտ բնորոշումները: Գաղափարախոսական ոչ մի դրսևորում, իրավիճակը պայմանավորող ռեալ պատճառների վերհանման ոչ մի փորձ, հանրության պատմությանը ոչ մի անդրադարձ… Ու եթե մեր առջև խնդիր դնենք պարզելու, թե քաղաքագիտական տեսանկյունից արմատական ի՞նչ տարբերություն կար Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Մանուկյանի գլխավորած շարժումների միջև, ապա, որքան էլ հարթակը նվաճած այդ առաջնորդները քաղաքական հայացքներով տարբերվում են իրարից, միևնույն է՝ նրանց մարտավարությունների միջև էական տարբերություն, զանազանություն կդժվարանաք գտնել: Նրանք, փաստորեն, երկուսով մեկուկես տասնամյակ զբաղեցնելով քաղաքական ընդդիմության ասպարեզը, քիչ բան ժառանգեցին հետագա ընդդիմադիրներին: Լավ հիշում եմ տասը տարվա վաղեմության այս դիպվածը՝ ՀԱԿ երևելիներից մեկը «մինչև չձևակերպվի հաջորդ համակարգը և հաստատ չիմացվի, թե ովքեր և ինչպես են ղեկավարելու Հայաստանի հաջորդ իշխանությունը, անիմաստ է այս իշխանությունը փոխել, որովհետև հաջորդը կարող է ավելի վատը լինել» դիտարկմանն այսպես արձագանքեց՝ «հաջորդ իշխանության մասին չենք կարող մտածել, մինչև այս իշխանությանը դուրս չշպրտենք»: Այսինքն` նրանք ի վիճակի էին գործել բացառապես «սևը սպիտակի դեմ» մեթոդի շրջանակներում և բարդ հարցերի վրա գլուխ ցավացնելու ցանկություն չունեին:

Եվ ահա Ազատության հրապարակի հարթակը նվաճած Րաֆֆի Հովհաննիսյանը, նախորդ առաջնորդներից ստանալով քաղաքական մտքի զրո ժառանգություն և «սևը՝ սպիտակի դեմ» մեթոդի առանձնակի ջատագով չլինելով, դատապարտված էր անհաջողության, ինչի մասին հրապարակայնորեն տեղեկացնում էի իրեն:

2015-ից ընդդիմադիր դաշտը, ինչպես և սպասելի էր, հոգեվարքի մատնվեց: Ազգի ու պետության համար շահեկան կլիներ, եթե դադարի այդ ժամանակահատվածն օգտագործվեր անցյալը վերլուծելու, սխալներն ու վրիպումները վերհանելու,  հասարակության ու պետության կյանքը վերափոխելու, հիմնավորված քայլերի համակարգ ստեղծելու համար, սակայն, ինչպես հետո ակնհայտ դարձավ, դա անելու փոխարեն ընտրվել էր ատելությունն ու զայրույթն ավելի՛ մոլեռանդորեն խառնելու և կրակի վրա ավելի՛ շատ տաքացնելու ուղին: Այո, հաջողվեց բազմությանը հասցնել ինքնամոռացության և իրականացնել իշխանափոխություն: Բայց… Բայց կա մի սահման, որ եթե դրանից ավելի ես խառնում ատելությունն ու զայրույթը և օգտագործում որպես քաղաքական պայքարի գործիք, ապա ակամա դու ինքդ ես վարակվում դրանով և այդ ախտից ազատվել այլևս չես կարող իշխանության գալուց հետո, երբ արդեն ստեղծաբար գործելու ժամն է գալիս: Այդ վարակն ավելի է ահագնանում ու կլանում, եթե ընդիմադիր ժամանակ չես խորհել երկիր կառավարելու դժվարությունների ու նրբությունների մասին, չես պարզել իրականության քաոսայնության իրական պատճառներն ու այն հաղթահարելու եղանակը: Այսօրվա իշխանություններն ահա այս վիճակում են, և նրանց օդուջրի պես անհրաժեշտ են սևերը՝ նրանց գոյությամբ պայմանավորելու համար դժվարությունները:

Այս իշխանությունները շատ արագ հասկացան, որ երկրի կառավարման գործում շոշափելի հաջողություններ գրանցելն անհնարին է և, պետականաշինության ստեղծարար աշխատանքին անցնելու փոխարեն, նոր թափ հաղորդեցին սևի ու սպիտակի հակադրությանը: Սկզբում սևի բաստիոն հռչակվեց ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, և ատելությունն ու զայրույթը կրակի վրա պահելով՝ մարդկանց հավատացրին, թե բավական է այն փշրվի, ապա ներդրողները միմյանց ոտնատակելով կլցվեն Հայաստան, ու կյանքը կդառնա դրախտ: Բաստիոնը փշրվեց, ներդրողներ չեկան: Ի՞նչ էր հարկավոր անել. Այո՛, սևերի նոր բաստիոն պեղել՝ հանձին ՍԴ-ի:

Նիցշեն ասում էր, որ եթե իշխանւթյունները ներքին կյանքում թշնամի են հռչակում, ապա հետո ամեն ինչ անում են, որ այդ թշնամին միշտ լինի..
Ժողովուրդը հետզհետե դուրս է գալիս ինքնամոռացության վիճակից, ու քանի որ,  հատկապես վիրուսային վիճակով պայմանավորված, սոցիալ-տնտեսական հաջողություններ չեն նշմարվում, սպասելի են բողոքի նոր շարժումներ, նոր առաջնորդներ: Բայց մտահոգիչն այն է, որ կարծես թե մեր ներկայիս ընդդիմադիր շերտին չի հաջողվում ձերբազատվել սևի ու սպիտակի հակադրումից, և քաղաքական անցանկալի տեղապտույտի հավանականությունը մեծ է:
Մեզ կամք և խոհեմություն է հարկավոր կործանարար այդ որոգայթից ելնելու և միտք կրող քաղաքական հոսանքներ հիմնելու համար:

Արծրուն Պեպանյան