Աջակցություն կտրամադրվի 2019-ի ընթացքում 24 -500 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող կազմակերպություններին

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ ծրագիրը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ ծրագիրը ուղղված է փոքր բիզեսի աջակցությանը:

«Այս գործիքի շահառուներ են լինելու այն կազմակերպությունները, որոնք 2019 թ․ ընթացքում ունեցել են 24-500 մլն դրամ իրացման շրջանառություն։ Այստեղ մենք արդեն ունենք ոլորտային թիրախավորում, որովհետև փորձել են այս աջակցությունն ուղղել առավել խոցելի ուղղություններին, որոնք այս կարճ ժամանակահատվածում ունեն լիկվիդայնության խնդիրներ»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ այս ընթացքում ստացել են ազդակներ, որ կա լիկվիդայնության ռիսկեր մշակող արդյունաբերության, կացության ու հանրային սննդի կազմակերպման, փոխադրումների ու պահեստային տնտեսությունների կազմակերպման, զբոսաշրջային ծառայությունների ու սպասարկման ոլորտներում։ Տիգրան Խաչատչյանն ասաց, որ 3 տարվա այս աջակցության առանձնահատկություն այն է, որ կազմակերպություններն ընտրվում են իրենց բնորոշ այն օբյեկտիվ չափորոշիչներով, որոնք առկա են եղել 2019 թ․-ի ընթացքում: