Կորոնավիրուսով վարակվածների մեջ կան դպրոցահասակ երեխաներ. բոլորի ինքնազգացողությունը լավ է. ԱՆ նախարար

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվում կան դպրոցահասակ երեխաներ, բոլորն իրենց լավ են զգում: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ վարակվածների թվում կա երկու ամսական երեխա, ԱՆ նախարարը պատասխանեց. «Երկու ամսական երեխա հաստատ չունենք, դպրոցահասակ երեխաներ կան, սակայն նրանք հիմա իրենց լավ են զգում, պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունեն, այսինքն՝ կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության ընթացք չէ»,-ասաց Թորոսյանը:

Նա նկատեց` աշխարհում մոտ 500 հազարի է հասնում կորոնավիրուսով վարակվածների թիվը, սակայն երեխաների շրջանում ծանր ընթացքի մասին որևէ հրապարակում կամ գիտական հոդված չկա: Թորոսյանը վստահեցրեց` նույնը մեր երկրում է:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա երեխաների շրջանում կա՞ ռիսկային խումբ, նախարարն ասաց, որ երբ նշում են որևէ տարիքային խմբի ավելի քիչ խոցելի լինելու մասին, նկատի ունեն այդ տարիքային խմբի առողջ երեխաներին: «Եթե կա իմունիտետի բնական կամ ձեռքբերովի դեֆիցիտ կամ որևէ այլ հիվանդության բուժման ժամանակ արհեստականորեն իմունոդեֆիցիտ են առաջացնում, նա ավտոմատ դառնում է ռիսկային որևէ ինֆեկցիոն հիվանդության, այդ թվում՝ այս հիվանդության համար»,-ասաց նախարարն ու նշեց` պետք է հավելյալ ջանքեր գործադրեն օրինակ քիմիոթերապիա ստացող երեխաներին պաշտպանելու առավել, քան պրակտիկ առողջ երեխաներին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ը:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Հայաստանում մարտի 25-ին ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի: