Ուկրաինայում հայտարարել են Ռուսաստանից օգնություն խնդրելու անհրաժեշտության մասին. «ՌԻԱ Նովոստի»

Ուկրաինան պետք է օգնություն խնդրի Ռուսաստանից, NewsOne հեռուստաալիքի եթերում ասել է Գերագույն Ռադայի պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը:

Քաղաքական գործիչն այսպես է մեկնաբանել կորոնավիրուսի տարածման վիճակը երկրում:

«Այսօր մենք պետք է դադարենք սիրախաղը մեր բոլոր «ռազմավարական գործընկերների» հետ, որոնք մեզ բոլորիս հասկացրին, որ երկիրը մենակ է մնացել իր դժբախտության հետ, և մենք պետք է դիմենք նրանց, ովքեր կարող են մեզ օգնել: Կարծում եմ՝ այսօր պետք է ներողություն խնդրենք կոմունիստական Չինաստանից մեր հաղորդակցության դադարեցման համար: Նաև մենք պետք է օգնության համար դիմենք Ռուսաստանին. այստեղ ամոթալի ոչինչ չկա. երբ խոսքը մարդկանց կյանքի մասին է, դա պետք է արվի», – ասել է խորհրդարանականը:

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները երկրում մտցրել էին արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Վարակվածների թիվը Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ 156-ն է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է նոր կորոնավիրուսի COVID-19  համավարակի բռնկում: Ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ աշխարհում վարակվել է ավելի քան 414 հազար մարդ, մահացել է ավելի քան 18 հազարը: