Ռուսաստանը և յոթ երկրներ խնդրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ կոչ անել չեղարկել իրենց նկատմամբ պատժամիջոցները. «ՌԻԱ Նովոստի»

ՄԱԿ-ում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Սիրիայի, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության, Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի մշտական ներկայացուցչությունները նամակ են հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին` խնդրելով նրան կոչ անել չեղարկել ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները, որոնք խանգարում են պայքարել կորոնավիրուսի դեմ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այսօր մենք ընդհանուր թշնամի ունենք` Covid 19-ը: Եվ ինչպես հասկանում եք, ժամանակն է պատրաստվելու, շտապելու, ակտիվանալու: Մեր կառավարությունները քաղաքական կամք ունեն շարժվելու այդ ուղղությամբ»,-նշված է նամակում:

Այնուամենայնիվ, նամակում նշվում է նաև, որ այդ գործը շատ դժվար, եթե ոչ անհնարին է այն երկրների համար, որոնք բախվում են իրենց նկատմամբ տարվող միակողմանի և ապօրինի պատժամիջոցներին, ինչով խստորեն խախտվում են միջազգային իրավունքն ու ՄԱԿ կանոնակարգը:

«Վերը նշվածից ելնելով՝ մենք հարգանքով կոչ ենք անում ձեզ՝ պահանջել տնտեսական ճնշման նման անհիմն և ապօրինի քայլերի չեղարկումը, որպեսզի ապահովվի միջազգային հանրության կողմից արդյունավետ և համապարփակ պատասխանը կորոնավիրուսին»,-նշված է նամակում:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 642 մարդ։