Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ մենք բոլորս պայքարում ենք կիսատ-պռատ, հետևաբար չզարմանանք, եթե այստեղ էլ լինի Իտալիայի վիճակը

Այո, Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-2019) հետագա տարածումը, դրանով մարդկանց վարակման նորանոր դեպքեր թույլ չտալու համար մենք բոլորս կիսատ-պռատ ենք պայքարում: Բոլորս, այսինքն` և՛ իշխանությունները, և՛ հասարակությունը: Այս պնդմանս փաստարկումը սկսեմ իշխանություններից, մասնավորապես` «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի 24.03.2020թ. N 14 որոշման հավելվածից:

Ինչպես արդեն հայտնի է, նշված որոշմամբ ՀՀ ամբողջ տարածքում ժամանակավորապես, մինչև 2020թ. մարտի 31-ը ժամը 23:59-ն արգելվում է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը, բացառությամբ՝ սույն որոշման հավելվածով սահմանված տնտեսական գործունեության տեսակների: Տրամաբանությունը և ազգային անվտանգությունը հուշում են, որ իշխանություններն եթե իսկապես ուզում են մարել սկսված ու գնալով ահագնացող այս «հրդեհը», այսինքն` կանխել COVID-2019-ով մարդկանց հետագա վարակման դեպքերը, ապա պետք է ՀՀ ամբողջ տարածքում ժամանակավորապես ու խստորեն արգելեին տնտեսական գործունեության այն բոլոր տեսակներով զբաղվելը, որոնք կենսապահովման հետ կապ չունեն, խիստ անհրաժեշտություններ չեն, ինչպես, օրինակ, հացի արտադրությունը, դեղատների, հիվանդանոցների, սննդամթերքի խանութների գործունեությունը և այլն: Սակայն իրականում բոլորովին էլ այդպես չէ: Ահավասիկ…

Ծանոթանալով պարետի վերոնշյալ որոշման հավելվածին, տեսնում ենք, որ դրանում տնտեսական գործունեության խիստ անհրաժեշտ տեսակներին զուգահեռ, թույլատրված են նաև այնպիսի տեսակներ, որոնց թույլատրումը պետության ու հասարակության համար խիստ անհրաժեշտություն չլինելով, ոչ միայն, մեղմ ասած, տարակուսանք է հարուցում, այլև մեծացնում է ՀՀ-ում նոր կորոնավիրուսի հետագա տարածման ռիսկը: Օրինակ` հավելվածի 4-րդ կետով նախատեսված խմիչքների արտադրությունը (քանի որ որոշման հավելվածում տարբերակված չէ, ուրեմն և՛ ալկոհոլային, և՛ ոչ ալկոհոլային): Մի՞ թե այն այդքան կարևոր է, մարդը խմիչքներով է սնվում կամ բուժվում: Ինչպես հայտնի է, ՀՀ պարետի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ 24.03.2020թ. N 16 որոշման մեջ հարսանիքի և անգամ մահացածի հոգեհացին մասնակցելու նպատակով այնտեղ մեկնելու համար բացառություն սահմանված չէ, այդ առումով միակ բացառությունը վերաբերվում է հոգեհանգստի և հուղարկավորության վայր մեկնելուն:

Եթե նույնիսկ համարենք «հուղարկավորության վայր» ձևակերպման ներքո նկատի է առնված նաև դրանից հետո հոգեհացի վայր մեկնելը, ապա, միևնույն է, սահմանված է, որ հուղարկավորության մասնակիցների քանակը 20-ից չպետք է անցնի: Այս պարագայում եթե խմիչքի կանխատեսելի պահանջարկին գումարենք նաև որևէ արարողության չմասնակցող անձանց խմիչքի պահանջարկը, ապա այն բավարարելու համար Հայաստանի խանութներում և տեղական արտադրողների պահեստներում եղած խմիչքների քանակությունը ոչ թե 1-2 շաբաթ, այլ դրանից ավելին կբավականացնի: Ի վերջո, իրենց եկամտից զրկված այն մարդիկ, որ մինչ այսօր օրավարձով էին աշխատում, ոչ թե խմիչք, այլ սննդամթերք գնելու մասին են մտածում:

Անթույլատրելի, բայց կատարված բացառություններից է նաև հավելվածի 7-րդ կետով նախատեսված փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը, որոնք ախտահանիչ միջոցներ և արտակարգ դրության իրավիճակում անհրաժեշտություններ չեն: Նույնը վերաբերվում է նաև հավելվածի 27-րդ կետով օծանելիքի և կոսմետիկական միջոցների մեծածախ առևտրի թույլատրմանը, 54-րդ կետով մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում թույլատրելուն, 56-րդ կետով օտարերկրյա կազմակերպությունների տնտեսական գործունեությունը թույլատրելուն, կարծես օտարերկրյա կազմակերպությունների աշխատողները, ի տարբերություն հայաստանյան կազմակերպությունների աշխատողների, չեն կարող վարակվել ու վարակել նոր կորոնավիրուսով:

Ավելին. անհասկանալի է, թե իր մեջ ինչ է ներառում հավելվածի 50-րդ կետով թույլատրված սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեությունը, պարետն ինչու է թույլատրված տնտեսական գործունեության տեսակների թվում հավելվածի 52-րդ կետով նշել պետական կառավարում և պաշտպանությունը, պարտադիր սոցիալական ապահովությունը, 53-րդ կետով նաև` բնակչության սոցիալական սպասարկումը` այն դեպքում երբ 52-րդ և 53-րդ կետերով նշվածներն, իհարկե, թույլատրելի լինելով, ամենևին տնտեսական գործունեության տեսակներ չեն:

«Պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 14-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ պարետի 25.03.2020թ. N 16 որոշմամբ տնտեսական գործունեության թույլատրելի տեսակներ են համարվել նաև կրի, գիպսի և գաջի արտադրությունը, ալյումինի արտադրությունը, որոնք նույնպես, հաշվի առնելով վարակի ներքին տարածման մեծ վտանգը, արտակարգ դրության պայմաններում անհրաժեշտություններ, էլ չենք ասում` խիստ անհրաժեշտություններ չեն:

Տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակների նկատմամբ սահմանափակումներ սահմանված չեն, հետևաբար ՀՀ պարետի N 16 որոշմամբ տնտեսական գործունեության այդ տեսակներով զբաղվողների համար տեղաշարժի սահմանափակումներ նույնպես սահմանված չեն` պայմանով, որ նրանք իրենց մոտ ունենան N 16 որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկ և անձը հաստատող փաստաթուղթ: Այս երկուսը լիովին բավարար են համարված:

Բնականաբար, հարց է առաջանում` իսկ դժվա՞ր է ՀՀ պարետի N 16 որոշման կատարումն ապահովել փորձող ոստիկանին ասել, թե աշխատում եմ N 14 որոշմամբ սահմանված բացառությունների ցանկում նշված, ասենք, սննդամթերքի կամ խմիչքի արտադրությունում, սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների արտադրությունում, օճառի և մաքրող, լվացող միջոցների արտադրությունում, սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր իրականացնող խանութում, դեղատանը, հյուրանոցում, խմբագրությունում և այլն, և այլն, կամ ասել, թե, օրինակ, սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով զբաղվող գործակալ եմ… Անշուշտ, դժվար չէ, ընդամենը խղճի, ազնվության, պատասխանատվության և ռիսկի հարց է: Ոստիկանն ինչպե՞ս է պարզելու` տվյալ անձը ստո՞ւմ է, թե՞ ոչ, եթե նրանից N 16 որոշմամբ ընդամենն արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկ և անձը հաստատող փաստաթուղթ է պահանջվում, աշխատանքային վկայականի կամ, եթե այդպիսին չունի, տվյալ հաստատության աշխատակիցը լինելու վերաբերյալ հիմնարկ-ձեռնարկության, կազմակերպության ղեկավարի կողմից ստորագրված, կնիքված տեղականք ունենալու պահանջ չկա:

Պարոն Ավինյան, Ձեր N 14 N 16 որոշումներում համապատասխան փոփոխություններով ու լրացումներով շուտափույթ ուղղեք թույլ տված վերոնշյալ սխալները, լրացրեք կատարված բացթողումները, այլապես նշված որոշումները գրեթե ձևական են դառնում ու խիստ մասնակիորեն են ծառայելու N 16 որոշման 1-ին կետում նշված «այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու» նպատակին, որով պատճառաբանել եք տվյալ որոշման ընդունումը: Հակառակ պարագայում` կանխատեսելի հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրելու եք Դուք` ՀՀ վարչապետի հետ միասին:

Ավելին. Ձեր N 14, N 15 և N 16 որոշումներով մինչև 2020 թ. մարտի 31-ը, ժամը 23:59-ը սահմանված սահմանափակումներն ամենևին բավարար չեն ՀՀ-ում նոր կորոնավիրուսի հետագա տարածումը ու դրանով մարդկանց վարակվելը կանխելու համար, քանի որ որ նոր կորոնավիրուսի պարագայում ինկուբացիոն (գաղտնի) շրջանը 14 օր է, ոչ թե մեկ շաբաթ: Օրինակ, ինչպես արդեն նշել եմ այս թեմայով իմ նախորդ հրապարակմամբ, այսօր վարակված մարդն աշխատանքի չգնալուց և մեկ շաբաթ տանը մնալուց հետո աշխատանքի գնալով, կարող է դեռ չիմանալ, որ ինքը վարակված է, մինչև 2-րդ շաբաթվա ընթացքում հիվանդության այս կամ այն ախտանշանի ի հայտ գալը, այդ ժամանակահատվածում կարող է վարակել բազմաթիվ մարդկանց: Հետևաբար արգելքը պետք է սահմանել լիարժեք կերպով, բավարար ժամանակահատվածի համար, այլապես այն քաղաքացիներին, տնտեսվարողներին, պետությանը հսկայական վնասներ պատճառելով հանդերձ, ընդամենն ինչ-որ չափով ու ժամանակավորապես կդանդաղեցնի ՀՀ-ում վարակի հետագա տարածումը, սակայն չի լուծի դրա կանխարգելման խնդիրը:

Պարոն Ավինյանը, վարչապետը, նաև ուրիշներ միգուցե ասեն` եթե մարդիկ խաբելու են, չեն կատարելու արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշման, ինչպես նաև ՀՀ պարետի որոշումների պահանջները, չեն ենթարկվելու դրանց, խոհեմություն, քաղաքացիական բարձր գիտակցություն, կարգապահություն կամ քաղաքացիական ինքնագիտակցություն չեն դրսևորելու, ապա մենք ինչ անենք, մեղքն իրենց վիզը… Խնդիրն այն է, որ այս դեպքում մեղը միայն իրենց վիզը չի լինելու, և այդպիսի անձանց անթույլատրելի գործողությունների, վարքի պատճառով կարող են տուժել, ընդ որում, նույնիսկ ճակատագրական կերպով, ոչ միայն իրենք, այլև բազմաթիվ ուրիշ մարդիկ: Հետևաբար իշխանությունները, պետությունը պարտականություն և անելիք ունեն դա թույլ չտալու համար:

Նրանք, ովքեր իրենց հույսը դրել են մարդկանց խոհեմության, քաղաքացիական գիտակցության կամ ինքնագիտակցության վրա, մի իրական դեպք ներկայացնեմ: Օրեր առաջ Երևանում թիվ 63 միկրոավտոբուսի ուղևորներից էի: Գարնան անուշ, տաք եղանակ էր, սակայն միկրոավտոբուսը երթևեկում էր փակ լուսամուտներով ու փակ «լյուկով» (գոնե մեկը բաց չէր), չնայած մինչ այդ մասնագետները բազմիցս ասել էին, որ նոր կորոնավիրուսով և, ընդհանրապես, օդակաթիլային եղանակով տարածվող ցանկացած վարակով վարակվելու հավանականությունը կտրուկ բարձրանում է փակ տարածքներում, ինչպիսին այդ պահին հենց միկրոավտոբուսի սրահն էր:

Մոտ 10-ի չափ ուղևորներից որևէ մեկը չբացեց գոնե մի լուսամուտ, որ մեքենայի սրահ դրսից թարմ օդ մտնի, եթե մեքենայում գտնվողների շարքում COVID-2019-ով վարակված մարդ կա, նոսրացնի սրահում նրա շնչառությամբ դուրս եկող վիրուսների քանակը և այդ կերպ գոնե ինչ-որ չափով նվազեցնի մյուսների վարակվելու հավանականությունը: Քանի որ ուղեբեռներով մեքենայի ետնամասում էի նստած, միկրոավտոբուս բարձրացող մի երիտասարդ աղջկա խնդրեցի բացել հենց այն դռան լուսամուտը, որի մոտ կանգնեց ինքը բարձրանալուց հետո: Բացեց: Որոշ ժամանակ հետո ինչ-որ մեկը (չնկատեցի ով) խնդրեց նրան փակել: Աղջիկը մասնակիորեն փակեց լուսամուտը` թողնելով 15-20 սանտիմետրի չափով մի բացվածք: Մոտ կես ժամ հետո երբ միկրոավտոբուսից իջնում էի, վարորդը ինձանից ոչ այն է խնդրեց, ոչ այն է պահանջեց լուսամուտը փակել: Այդ պահին պարզ դարձավ, որ աղջիկը նրան լսելով էր մասնակիորեն փակել պատուհանը: Դե, իհարկե, չփակեցի, ինչ-որ պետքն էր, ասացի վարորդին և իջա, սակայն գրեթե համոզված եմ, որ ինձանից հետո ինչ-որ մեկը նրա պահանջով փակել է:

Չգիտեմ` երթուղայինի վարորդն ինչո՞ւ այդպես վարվեց, գուցե, չնայած տաք եղանակին, մրսո՞ւմ էր, հիվա՞նդ էր, բայց այդ դեպքում վարորդի նշված վարմունքն արդեն կրկնակի վկայությունը կլինի նրա քաղաքացիական գիտակցության բացակայության, քանի որ փակ լուսամուտներով երթևեկելուց ու բացված լուսամուտը նույնիսկ փակելու պահանջ ներկայացնելուց բացի, նա հիվանդ վիճակում աշխատում էր, շփվում մարդկանց հետ, դրամ առնում-տալիս:

Այսօր առավոտյան Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած տեղեկատվության համաձայն, ՀՀ-ում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը մարտի 25-ի ժամը 10-ի դրությամբ 265-ն է, առողջացել է 16 քաղաքացի, մահվան դեպք չկա:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, աշխարհում COVID-2019վարակվածության հաստատված դեպքերի թիվը, ըստ այսօր ժամը 17:46-ին հրապարակված տեղեկությունների, արդեն հասել է 438 749-ի, գրանցվել է 19 675 մահ, առողջացել են 111 895-ը:

Արթուր Հովհաննիսյան