Ո՞ր իրավունքները չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, թե որ իրավունքները չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ:

«Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը կազմակերպվում է արտակարգ ռեժիմով: Դիտարկումը և բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում և չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ: Խոսքը վերաբերում է այդ իրավունքներից հետևյալ հիմնականներին՝

◾ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը,

◾ դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը,

◾ արդար դատաքննության իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և անմեղության կանխավարկածը,

◾ դատապարտվածի բողոքարկման իրավունքը, ներման խնդրանքի իրավունքը,

◾ մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը,

◾ ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը և խոշտանգման արգելքը,

◾ օրենքի առջև ընդհանուր հավասարությունը,

◾ ամուսնանալու ազատությունը,

◾ երեխայի իրավունքները,

◾ կրթության իրավունքը (բացառությամբ մրցութային հիմունքներով կրթության իրավունքը),

◾ մտքի և կրոնի ազատությունը»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ: