Դալմայի այգիներում տխուր թաղամաս ենք ունենալու

Հարցազրույց ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ

– Երեք տարի առաջ՝ 2017 թվականի դեկտեմբերին, խորհրդարանն ընդունեց «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը, որի հետ ճարտարապետները մեծ հույսեր էին կապում։ Օրենքի թելադրանքով Ճարտարապետների միությունը վերակազմավորվեց Ճարտարապետների պալատի՝ ձեռք բերելով մի շարք կարևոր գործառույթներ ու լծակներ: Բայց վերջերս տարաձայնություններ են առաջացել քաղաքաշինության կոմիտեի հետ: Ի՞նչ հավակնություններ ունի կոմիտեն:  

– Ճարտարապետների միության ձևաչափը միությունից պալատի փոխեցին, քանի որ  կարգավորումներն էին պահանջում: Մենք ունենք փաստաբանների պալատ, և փաստորեն մեր միությունը` որպես այդ նույն ձևաչափով գործող կառույց, կոչվեց պալատ: Պետությունն այժմ մեզ գործառույթներ է տալիս, որոնց շնորհիվ ճարտարապետների պալատը, խորհուրդը, որակավորման հանձնաժողովներն իրենք են գնահատում իրենց ճարտարապետներին: Օրենքը կարևոր է նաև նրանով, որ ճարտարապետի դերն է բարձրանում: Նախկինում որևէ վաստակավոր, արհեստավարժ ճարտարապետի անունով ՍՊԸ-ն նախագծման իրավունք էր ձեռք բերում, իսկ հետո այդ թույլտվության հիման վրա հավաքագրում էր այլ մարդկանց և նրանց միջոցով նախագծեր անում: Այսինքն՝ թույլտվությունը, ճիշտ է, մասնագետի անունով էր տրվում, բայց ՍՊԸ-ինն էր, և տնտեսվարողը կարողանում էր մեքենայությունների գնալ, աշխատել այն թիմի կամ մասնագետի հետ, որը կհամաձայներ իր քմահաճույքներին: Ես նման բազմաթիվ դեպքեր գիտեմ և անգամ ինձ հետ է այդպիսի բան պատահել: Իսկ դա բազմաթիվ անօրինականությունների պատճառ էր դառնում: Ի վերջո օրենքը պատասխանատուներ չէր սահմանում, և ով ինչ ցանկանում էր, այն էլ անում էր: Կար ևս մեկ խնդիր՝ ճարտարապետների աշխատանքը չէր երևում, նրա անունը չէր նշվում նախագծում:

Բայց այսօր գոծող և ոլորտը կարգավորող օրենքով ճարտարապետն ու կոնստրուկտորը համարվում են նախագծի պատասխանատուն և նախագծի մեջ հեղինակների անունները անպայման նշվում են: Առաջ ճարտարապետի աշխատանքը փաստորեն չէր երևում, իսկ այսօր ճարտարապետն է նախագծում, դրա տակ իր ստորագրությունը դնում և դրա համար պատասխանատվություն կրում:

Այժմ թույլտվությունը տրվում է անմիջապես ճարտարապետին, և քանի դեռ նա իր արտոնագիրը չի կցել նախագծին, այդ նախագիծը չի կարող կյանքի կոչվել, և դրա շնորհիվ նա կարող է նաև իր մասնագիտական տեսակետը թելադրել: Այսպես յուրաքանչյուրն իր պատասխանտվությունն է զգում, ու ճարտարապետն էլ գիտի՝ եթե նախագծի հետ որևէ բան այն չլինի, ինքն է պատասխան տալու:

Որքան էլ տարօրինակ է, և որքան էլ մենք սպասում էինք, թե կարող են տարբեր գերատեսչություններից դժգոհություններ լինել պալատին նման արտոնություններ տալու համար, մեր ոլորտը կարգավորող պետական կառույցի՝ քաղաքաշինության կոմիտեի հետ տարաձայնություններ առաջացան: Քաղաքաշինության կոմիտեն փորձում է որոշակի չափով կաշկանդել ճարտարապետների պալատին: Մենք այժմ քաղաքաշինության կոմիտեին ճարտարապետների որակավորման ու արտոնագիր տրամադրելու համար քննության կարգ ենք ներկայացրել հաստատելու համար՝ նպատակ ունենալով համագործակցել պետական կառույցի հետ: Բայց նրանք չեն ընկալում օրենքի իրականացման կարևորությունը, մինչդեռ այդ օրենքով ոլորտում առկա մի շարք հարցեր հիմա կարգավորված են. պալատն ուսուցման գործընթաց է իրականացնում, որակավորման քննություններ ընդունում, մարդիկ ձգվում են, աշխատում բարձր պատասխանատվություն ցուցաբերել իրենց մասնագիտության նկատմամբ: Բայց քանի որ կոմիտեն մինչև հիմա չի հաստատել դեռ անցած տարվա սեպտեմբերի 20-ին մեր ներկայացրած կարգը, մեր աշխատանքը կաթվածահար է եղած.  40 մասնագետ ավարտել են ուսումնական գործընթացը, անգամ աշխատանքային փորձ են կուտակել և ցանկանում են իրենց արտոնագրերը ստանալ, բայց չեն կարողանում կոմիտեի հապաղման հետևանքով: Ասում են, թե կոմիտեն կարգը հաստատելու իրավունք չունի, քանի որ նախարարություն չէ և իրավական ակտեր չի կարղ ստորագրել: Ավելորդ քաշքշուկ է, և մենք անորոշ վիճակում ենք հայտնվել: Ես բազմաթիվ փաստաթղթեր ունեմ, որոնցով մեզ են ուզում մեղադրել ստեղծված իրավիճակի, անգործության, այսինչ բանը չանելու համար, աշխատանքում թերանալու համար: Մենք չենք ցանկանում ներքին հակասություններ, տարաձայնություններ լինեն պալատի և կոմիտեի միջև, այլ ցանկանում ենք հասկանալ խնդիրը, միասին լուծումներ գտնել: Արդեն իսկ պալատը 400 հոգու արտոնագիր է տրամադրել, նրանք դաշտում անարգել աշխատում են, հիմա ի՞նչ եղավ, չեմ հասկանում:

Իրենք ասում են՝ դուք որակավորեք մասնագետներին, լիցենզիան մենք տանք: Բայց մենք էլ ասում ենք, որ լիցենզիա հասկացություն որպես այդպիսին այլևս այս ոլորտում չի կարող լինել, մենք մեծածավալ արտադրողներ չենք՝ լիցենզիա ստանալու համար: Պալատի անդամները մասնագետներ են, որոնց որակավորման արտոնագիր է հարկավոր, որով նրանք կապացուցեն, որ ճարատարապետ են և կարող են այդ գործունեությամբ զբաղվել:

Եվ հետո այդկերպ պետության բեռը, պատասխանատվության բաժինը թեթևանում է: Մեր ոլորտի գերատեսչությունը պետք է զբաղվի օրենքներ, կարգեր մշակելով, նորմատիվ փաստաթղթերով, իսկ ճարտարապետների որակավորման գործառույթով պետք է պալատը զբաղվի, ինչպես զարգացած աշխարհում: Որտեղ, ի դեպ, ստեղծագործական, մասնագիտական միությունները բավականին կայացած ու հզոր կառույցներ են: Մենք միայն նոր ենք այդ ուղու վրա հայտնվել: Ուրեմն պետք է նպաստել, օգնել, որ այդ կառույցները կայանան, ոչ թե խոչընդոտել:

Տարիներ շարունակ ձեր նշած անօրինությունների, քմահաճույքների գերակայության առկայության պայմաններում քաղաքաշինական բազմաթիվ խնդիրներ են առաջացել մեզանում՝ սկսած մայթերի բացակայությունից, մինչև անկանոն ձեղնահարկերի կառուցում, մինչև կանաչապատ տարածքների վերացման հաշվին բազմահարկ շենքերի, ամբողջ թաղամասերի կառուցում: Հնարավո՞ր է արդյոք այս խնդիրներին լուծում տալ, և ինչպե՞ս եք դա պատկերացնում՝ օրենքի շրջանցմամբ կառուցված շինությունները հողին հավասարեցնելո՞վ, դառնալի՞ են արդյոք քաղաքին հասցված վնասները:

-Դրա համար ժամանակ է հարկավոր, հնարավոր չէ այդ ամենը միանգամից անել, որքան էլ բոլորս դա ցանկանանք: Մեկ անգամ եթե քաղաքային իշխանությունները բոլորի աչքի առաջ քանդեին անօրինականորեն կառուցված շինությունները, մարդիկ, ներդրողները կխուսափեին զարտուղի ճանապարհներով շինթույլտվություն ձեռք բերելուց կամ առանց դրա շինարարություն անելուց: Բայց նման բան չարվեց, բոլորը սիրալիր միմյանց ժպտացին: Փորձեր եղան: Օրինակ, Օպերային թատրոնի հարակից տարածքում կառուցված սրճարանները քանդելու, բայց սեփականատերերը դիմեցին դատարան, և քաղաքային իշխանություններն ընկրկեցին: Իսկ երբ Նոր Նորքում քաղաքապետի որոշմամբ կառույց քանդեցին, դատարանն արդարացրեց սեփականատիրոջը: Նաև այսպիսի խնդիր ունենք: Արդյունք ստանալու համար թերևս համալիր մոտեցում է հարկավոր:

-Այսօր շատ է խոսվում Երևանի աղավաղված դիմագծի մասին. պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերի քանդում, իրենց երբեմնի նշանակությունը կորցրած և ճարտարապետական հորինվածքին անհամատեղելի գործառույթներ ձեռք բերած հայտնի կառույցներ, ինչպես օրինակ՝ Փակ շուկան կամ «Այրարատ» կինոթատրոնը, կենտրոնի խիտ կառուցապատում, շենքերի կցակառույցներ և վրակառույցներ, անավարտ շինություններ, սնկի նման աճող ռեստորանա-սրճարանային օբյեկտների ցածրաճաշակ կառույցներ, զավթված զբոսայգիներ, կանաչապատ գոտիների փոխարեն՝ բետոնապատ տարածքների ավելցուկ, մայթերին կառուցված շինություններ ու բենզալցակայաններ և այդ պատճառով շատ հատվածներում՝ մայթերի իսպառ բացակայություն… Ինչպիսի՞ն է Ճարտարապետների պալատի նախագահի գնահատականը Երևանի քաղաքաշինական իրավիճակին: Ի՞նչ լծակներ ունի կամ պետք է ունենա պալատը՝ մայրաքաղաքը զերծ պահելու այդ շարունակական աղավաղման գործընթացից, գոնե ինչ-որ չափով շտկելու ինչ հնարավոր է և փրկելու գեթ այն արժեքները, որոնց գոյությունն արդեն իսկ վտանգված է:

-Այդ բոլորը նրանից է, որ օրենքը ոտնատակ է տրվել, այլապես օրենքը ամեն ինչ կարգավորում է: Բայց մեզանում ոչ թե օրենքն է առաջնային եղել, այլ անձի շահը: Սրա մասին արդեն խոսեցինք: Միայն այն, որ Հաղթանակ զբոսայգու ծառաշատ տարածքում մասնավոր հյուրանոց է կառուցվել, խորհրդանշում է մեզանում տարիներ շարունակ եղած ամենաթողությունն ու անպատժելիությունը: Իսկ յուրաքանչյուր անպատժելիություն նոր անօրինականությունների պատճառ է դարձել, խրախուսել ներդրողներին հենց այդպիսի կամայական, հանրության, քաղաքի շահը կոպտորեն ոտնահարող ծրագրեր իրականացնել: Երկար տարիներ այստեղ որոշողը բիզնես շահն է եղել:

Մենք մեր առաջին ճարտարապետի գործը ոչնչացրինք՝ Բունիաթյանի նախագծած Սևան հյուրանոցը: Այլ երկրներում իրենց առաջին ճարտարապետի գործը, անգամ եթե դա կրպակ է, պահպանում են: Բունիաթյանն էլ դժվարին ժամանակներում է աշխատել՝ Ալեքսանդր Թամանյանի հրավերով, մեծ նվիրվածությամբ և Սևան հյուրանոցն էլ շատ գեղեցիկ կառույց էր, յուրօրինակ: Քանդեցին, թե նոր հյուրանոց ենք կառուցելու: 30 տարի է կառուցում են: Նույնը Երիտասարդական պալատը:

Իսկ եթե չենք քանդում, աղավաղում ենք, նսեմացնում, արժեզրկում: Փակ շուկան կամ ինչպես այլ կերպ ասում են Ծածկած շուկան նման տխուր ճակատագրի արժանացավ: Երբ նայում եմ շուկայի հին նկարները, հասկանում եմ՝ ինչ մեծ արժեք մենք նսեմացրինք, ըստ էության ոչնչացրինք: Բայց այսօր էլ դեռ կարելի է այն վերականգնել շատ հեշտությամբ, ժամանակակից տեխնոլոգիաներն այդ հնարավորությունը տալիս են, միայն թե դրա համար քաղաքական կամք ու պարտադրանք է հարկավոր: Ես հիշում եմ, երբ ժամանակին գիտական աստիճան ունեցող զբոսաշրջիկներ, մասնագետներ ու հյուրեր էին գալիս Երևան, նրանց նախ տանում էին Մատենադարան, հետո Փակ շուկա:

Բայց դեռևս Երևանի փոքր կենտրոնը գրավիչ է, տեսարժան սքանչելի վայրեր ունենք, թեև դրանք էլ աստիճանաբար ոչ ակնահաճո են դառնում: Կարծում եմ, որ վերջին տարիներին իրականացված ծավալային շինարարության հետևանքով մենք փչացրինք Շահումյան հրապարակի տեսքը, ներդաշանակությունը միջավայրի հետ: Հրապարակի աջ և ձախ կողմերում կառուցված ծավալային շենքերը հրապարակն ամբողջությամբ նսեմացրեցին, խեղճացրին: Զարգացած երկրներում այն հանգույցները, որոնք մարդկանց համար հարմարավետ, հաճելի և ընդունելի են, անձեռնմխելի են մնում, դրանցում նոր շինարարություն չի իրականացվում:

Ինչպես նշեցի, նման հետագա զարգացումներից զերծ մնալու համար միայն մեկ բան է հարկավոր՝ օրենքի գերակայություն, կիրառում և՝ բոլորի համար: Այսինքն՝ օրենքը չպետք է խտրական կիրառվի, մեկի համար գործի, մյուս համար, որը գումար, ազդեցություն ունի, չգործի: Պալատի լծակը նույնպես օրենքն է: Եթե բոլորս ենթարկվենք օրենքին և դիմացինից էլ նույնը պահանջենք, ապա հնարավոր կլինի խուսափել նախկինում ձևավորված շատ արատավոր երևույթներից: Բայց այդ ամենի կառավարիչն ու հսկողը պետությունն է, կառավարությունը: Եթե վերևից վերացվի հովանավորչությունը, կոռուպցիան և օրենքը գարակա համարվի, հարգվի ու կիրառվի, ապա ավելի ներքևում ոչ ոք չի համարձակվի այլ կերպ վարվել: Իսկ եթե վերևում այդ կամքը չլինի, ապա մենք անզոր կլինենք որևէ բան փոխել, կարգավորել ու վերահսկել:

Այո, քաղաքը տասնյակ տարիների ընթացքում վերափոխվել է, այստեղ տեղի ունեցած անօրինականությունների հետևանքով շատ բան մենք կորցրել ենք և շատ բան մեր սրտով չէ: Որքանո՞վ են դառնալի այդ խնդիրները, չգիտեմ, ժամանակը ցույց կտա, բայց այսօր իսկ որոշ անօրինականություններ շտկելու համար քաղաքային իշխանությունները խոչընդոտների առաջ են կանգնում, որոնց մասին արդեն նշեցի:

-Թեև նախկինում քննադատվում էր արատավոր այն պրակտիկան, երբ պատմամշակութային հուշարձանը հողին էին հավասարեցնում՝ այդ հատվածում նոր կառուցապատում իրականացնելու համար, այսօր էլ կարծես թե նույն ավանդույթը շարունակվում է։ Դալմայի պատմական այգիներում մեծածավալ շինարարություն է ընթանում կառուցում են նոր բնակելի շենքեր, Դիսնեյ լենդ, փոխարենը պատմություն է ոչնչացվում։ Կառուցապատման ընթացքում անգամ անզգուշաբար գինու հին հնձանը ոչնչացվեց, քանի որ պատկան գերատեսչությունն այն չէր ներառել պատմական հուշարձանների ցանկում և չէր հաշվառել։ Մյուս կողմից էլ կարծես որպես արդարացում հնչում է հետևյալ արտահայտությունը՝ ամբողջ Երևանը, ամբողջ Հայաստանը պատմության մի էջ է, ամեն մի հողակտորի վրա պատմություն է կերտվել, ուրեմն ոչ մի նոր բան չպե՞տք է կառուցենք։ Իսկապես, ինչպե՞ս վարվել նման դեպքերում, որպեսզի նորը չավերի հինը, իսկ հինը չխոչընդոտի նորի կառուցմանը։

-Դալմայի այգիների և այլ նախագծերի վերաբերյալ ասեմ, որ մեր երկիրը աղաչում է, որպեսզի այստեղ ներդրողներ գան, ներդրումներ արվեն: Ամերիկյան փոքր, 50-60 հազար բնակչությամբ քաղաքաներ կան, որոնց բյուջեն Երևանի բյուջեի չափ է, բայց երբ դրանցից մեկի քաղաքապետից մի առիթով հետաքրքրվեցինք՝ եթե ներդրողները ցանկանան կանաչ տարածքում կառուցապատում անել, կընդառաջե՞ն նրանց, նա պատասխանեց՝ եթե շատ քաղցած լինենք, սրտի ցավով պետք է համաձայնության գանք: Այս խնդիրը միայն մեզանում չէ: Լավ կլիներ, եթե մեր պետությունը ֆինանսապես ինքնաբավ լիներ և նման զոհողությունների չգնար, բայց մենք այդպիսի հզոր տնտեսություն չունենք: Իսկ անգամ ամենահզոր վարչական մամլիչը որևէ ուժ չունի փողի նկատմամբ, փողն ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում ամենազորեղն է: Եվ Դալմայի այգիներում իրականացվող մեծածավալ շինարարությունը այդ տեսության ապացույցն է: Մենք կարող ենք այդ տարածքում շատ տխուր թաղամաս ունենալ. այլ բան է հինգհարկանիների տխրություն, այլ բան բարձրահարկ շինությունների տխրություն: Մոսկվան դա զգացել է, և այնտեղ արդեն արգելում է բարձրահարկերի կառուցումը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքը 30-35 հարկանի շինություններով արդեն ծանրաբեռնվել է:

Դալմայի այգիներում մենք նաև վերացրինք հնագույն գինու հնձանները՝ չհասկանալով, որ պատմամշակութային հերթական հուշարձանն ենք հողին հավասարեցնում: Բայց կարելի էր դրանք թողնել ու թաղամասին դրա շնորհիվ խորհրդավորություն հաղորդել: Մեզանում հիմա հողի դաժան պատերազմ է գնում, որը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: Վերանում են նաև դեռ մնացած կանաչ տարածքները՝ հակառակն անելու փոխարեն:

Թագուհի Ասլանյան