Ոչ ոք իրավունք չունի Անդրանիկ Մարգարյանի և անկախության մարտիկների պայքարով նվաճված անկախ Հայաստանը պառակտել

Արդեն 13 տարի է, ինչ մեզ հետ չէ Անդրանիկ Մարգարյանը: Պետական-ազգային-քաղաքական գործիչ, մարդ, ում անցած ուղին՝ պայքարի անձնազոհ ճանապարհը, հայրենիքի, հողի, համերկրացու հանդեպ սերն ու նվիրումը համոզել է ինձ ու հարյուրավոր երիտասարդների ընտրել քաղաքականությունը և Հանրապետական կուսակցությունը՝ որպես հայրենիքին ծառայելու միջոց:

1960-ականերին, երբ անկախության մասին խոսելն արգելված էր, նա խոսում էր, իսկ այն ժամանակ, երբ խոսելը բոլորի համար դարձավ հնարավոր և մատչելի, նա սկսեց լուռ գործել: Եվ այդ ճանապարհին հայրենիքի ազատության գաղափարը երբևիցե չածանցվեց անձնականին՝ անգամ ամենաթանկին՝ ընտանիքին:

Նրա համար ամենաթանկը Հայաստանն էր և նրա վերածնունդը: Եվ այդ վերածննդի համար վճարեց սեփական կենսագրությամբ. ընդհատակյա պայքար, ազատազրկում, մշտապես վտանգի եւ ՊԱԿ-ի մամլիչի ճնշումների ներքո՝ աննահանջ պայքար, մասնակցություն Արցախյան գոյամարտին և պետականաշինությանը, նվիրում մինչև վերջին պահը, մինչև վերջին բջիջը՝ իր մեջ կրելով ազգի գենետիկ, դարավոր նյարդը, որի առողջացման համար դրեց իր երիտասարդությունը, տարիները, առողջությունը, ընտանիքի անվտանգությունը :

Անդրանիկ Մարգարյանը վարչապետ դարձավ պետության համար դժվարին և ծանր ժամանակաշրջանում. Վերցրեց վիթխարի բեռը՝ չթերագնահատելով բարդ իրավիճակն ու մարտահրավերները:

«Մենք մեր երկրում հակառակորդներ չունենք». սա էր Անդրանիկ Մարգարյան վարչապետի գործունեության գլխագրերից մեկը, ինչի շնորհիվ Հոկտեմբերի 27-ից հետո դարձավ այն բանակցողը, համադրողը և փոխզիջումների գնացող, համբերատար ու հանդուրժող մերանը, որ պիտի երկխոսեր, բոլորի հետ լեզու գտներ, համերաշխության ու հաշտության եզրեր գտներ՝ առանց որևէ մեկին նսեմացնելու, առանց իմ ու քո անելու, առանց երկիրը մերոնքների ու ձերոնքների բաժանելու, ամեն կերպ ու ամեն գնով երկիրը ազգակործան պառակտումների սպառնալիքից հետ պահելով: Հասկանում էր, որ բաժանումը չի բխում երկրի անվտանգության և պետականության շահերից:

Անգամ երբ զրպարտում էին, ցավ էր ապրում, բայց չէր պատասխանում: Հասկանում էր՝ հասարակությունը սխալ կընկալի, եթե վարչապետը ամեն օր վիճի:

Արժևորելով նախորդներին, իր կառավարությունը հռչակելով նախորդների ժառանգորդը՝ նա մնաց որպես չքանդող, այլ կառուցող վարչապետ: Չընկրկեց դժվարությունների առջև: Իր կառավարման 7 տարիներին Հայաստանի տնտեսությունը զարգացավ երկնիշ թվերով: Նրա կառավարումն իսկապես հաջողված էր:

Նա ցույց տվեց, որ կարելի է լինել բարձրաստիճան պաշտոնյա, միաժամանակ լինել մարդ:

«Իմ նախնիները Մուշից են եկել, և ես Հայաստանից ոչ մի տեղ չեմ գնա»,-ասում էր Անդրանիկ Մարգարյանը՝ անուղղակիորեն ուսուցանելով հայրենիքի անփոխարինելիության գաղափարը: Գաղափար, որը երկրի վրա հավիտենական ընթացքի իրավունքը իր նվիրյալների կյանքով է վաստակել:

Անդրանիկ Մարգարյանի գաղափարները չեն մահացել: Ոչ ոք իրավունք չունի Անդրանիկ Մարգարյանի և անկախության մարտիկների պայքարով նվաճված անկախ Հայաստանը պառակտել: Ոչ ոք իրավունք չունի նսեմացնել այդ Հայաստանը, որքան էլ ոմանց ոտքերը կտրվեն իրականությունից։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Արդեն 13 տարի է, ինչ մեզ հետ չէ Անդրանիկ Մարգարյանը: Պետական-ազգային-քաղաքական գործիչ, մարդ, ում անցած ուղին՝ պայքարի…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Вторник, 24 марта 2020 г.