Հայաստանի պարետ Ավինյանի որոշմամբ սահմանված 7-օրյա արգելքը բոլորիս լուրջ վնասներ պատճառելով, չի կանխարգելի վարակի հետագա տարածումը

Անհրաժեշտ է երկշաբաթյա արգելք` գումարած…

Երեկ գիշեր հանդես գալով ֆեյսբուքյան իր լայվով, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ աշխարհում պանդեմիան` կորոնավիրուսի, նոր թափ է հավաքում, և, ցավոք, մենք դրա որոշ արդյունքներ տեսնում ենք նաև Հայաստանի Հանրապետությունում»:

Խիստ համառոտ և իրականությունից մեծապես նվազ թվաքանակով ներկայացնելով աշխարհում նոր կորոնավիրուսով (COVID-2019) վարակվածության հաստատված դեպքերի քանակը, Փաշինյանն ասաց, որ շուրջ 300 000 մարդ համարվում է կորոնավիրուսով վարակված, ինչը, իսկապես, նշանակում է, որ աշխարհում կորոնավիրուսի վարակը նոր թափ է հավաքում: Իրականում ՀՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, ըստ մարտի 23-ի դեռ առավոտյան ժամը 12:01-ին հրապարակված տեղեկատվության, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի քանակն արդեն հասել էր 341 365-ի:

Շարունակելով իր խոսքը, Փաշինյանը ներկայացրեց իր և իր գլխավորած կառավարության հանցավոր անգործության արդյունքը.

«Այսօր 41 նոր դեպք ունենք հաստատված, ընդ որում, այս դեպքերի ծավալը և աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ է առաջացնում. Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել վարակի դեպք, Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել վարակի դեպք, Էրեբունի համայնքի, և մենք այս պայմաններում պիտի մի պահ, մի շաբաթով, նախնական տվյալներով, ավելի ընդարձակ սահմանափակող միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կարողանանք վիրուսի հետագա տարածումը կանխարգելել»:

Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանում 235 հոգուց (ում մոտ նոր կորոնավիրուսով վարակվածություն է հայտնաբերվել) 26-ն այդ պահի դրությամբ թոքաբորբ ունեն, բայց նրանց վիճակը վերահսկելի է:

«Եվ, ուրեմն, այս պայմաններում մեզ անհրաժեշտ է որոշակի ավելի խիստ սահմանափակումներ մտցնել և ավելի խիստ ձևով մոտենալ արգելքներին,- ասաց Փաշինյանը:- Մասնավորապես` վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի

ռեստորանների և սրճարանների գործունեությունը, իհարկե, բացառություններ կանենք առաքման ծառայությունների համար: Պետք է արձանագրել, որ շինարարական աշխատանքները որոշակի կդադարեն, կդադարեն նաև տեքստիլ արտադրական ձեռնարկությունները, թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը կդադարի»:

Փաշինյանն ասաց նաև, որ պարետատունն այսօր առավոտյան կհրապարկի գործունեության արգելված տեսակների ամբողջական ցանկը: Պարետատունն այսօր առավոտյան հրապարակեց «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» պարետի ս. թ.  մարտի 23-ի թիվ 2020 N 13 որոշումը, որի 1-ին կետով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել է տնտեսական գործունեության առանձին տեսակներով գործունեություն ծավալելը՝ համաձայն հավելվածի: Ընդգծենք, որ տվյալ հավելվածում նշված տնտեսական գործունեության առանձին տեսակները խիստ սահմանափակ և անբավարար ընդգրկում ունեին, հետևաբար չէին կարող լուծել ՀՀ-ում նոր կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելու խնդիրը:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: Տիգրան Ավինյանն ասել է.

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես տեղյակ եք, այսօր քննարկելու ենք որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներ, որոնց մասին արդեն իսկ երեկ հայտարարեց վարչապետը: Այսօր այս քննարկումից հետո հստակ ցանկը կհրապարակվի:

Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ընդհանուր առմամբ մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել:

Հետևապես նաև ուզում եմ տեղեկացնել, որ տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար և մենք յոթ օրվա ընթացքում պետք է հնարավորինս փորձենք պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Այդ իսկ պատճառով, այս ցանկի հրապարակումից հետո մենք նոր մեխանիզմներ կներդնենք, որոնք մեզ թույլ կտան Հայաստանի Հանրապետությունով քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս սահմանափակել և մեր քաղաքացիներին կոչ կանենք մնալ ինքնամեկուսացված, որպեսզի մենք ունենանք ժամանակ արդիականացնելու մեր գործիքակազմը և շարունակելու արդյունավետ պայքարը կորոնավիրուսի դեմ»:

Նիստի մասնակիցները մանրամասնորեն քննարկել են տնտեսական գործունեության սահմանափակումներին, կանխարգելիչ շարունակական քայլերին ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր»:

Դրանից որոշ ժամանակ հետո պարետը կայացրել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» նոր` 24.03. 2020թ. N 14 որոշումը, որը հրապարակման պահից, այսինքն` արդեն իսկ ուժի մեջ է: Որոշման 7-րդ կետով Ավինյանն ուժը կորցրած է ճանաչել իր իսկ 2020 թ. մարտի 23-ի N 13 որոշումը։ Նոր որոշման առաջին կետով արգելված է ՀՀ ամբողջ տարածքում ժամանակավորապես, մինչև 2020թ. մարտի 31-ը ժամը 23:59-ը տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը, բացառությամբ՝

1) Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (այսուհետ՝ ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի՝ սույն որոշման հավելվածով սահմանված տնտեսական գործունեության տեսակների.

2) Սույն որոշման հավելվածով չնախատեսված տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելը այն դեպքում, եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով.

3) Սույն որոշման հավելվածով չսահմանված՝ հանրային սննդի հետ կապված տնտեսական գործունեության այն տեսակների, որոնք իրականացվում են առաքման միջոցով (խոհանոցների գործունեություն), ինչպես նաև՝ պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպությունների գործունեությունը (ՏԳՏԴ կոդ՝ «56.21.0»): Թույլատրվում է սույն որոշման հավելվածով տնտեսական գործունեության տեսակներ իրականացնող սուբյեկտների տարածքներում գործող ճաշարանների գործունեությունը (ՏԳՏԴ կոդ՝ «56.29.1» — Կազմակերպություններին կից ճաշարանների և խորտկարանների ծառայություններ)՝ պահպանելով սանիտարական նորմերի պահպանման պարտադիր պահանջը.

4) Պարետի պահանջով և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվերով կամ պահանջով ՀՀ-ում նոր կորոնավիրուսային

հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետևանքների վերացման կարիքներից ելնելով կամ այլ առանձնահատուկ նպատակներով՝ սույն որոշմամբ արգելված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող առանձին սուբյեկտների կողմից համապատասխան աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը:

5) Սույն որոշման հավելվածով չսահմանված՝ ՏԳՏԴ «96.09.0» ենթադասի (Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներում) մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների,  կշեռքների, ճնշման չափման սարքվածքների, պահախցերի և այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայությունների.

  1. Սահմանել, որ սույն որոշմամբ չարգելված, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության որոշ տեսակների համար գործում են հետևյալ սահմանափակումները.

1) «61»-րդ (հեռահաղորդակցություն) խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումն իրականացնում են առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով.

2) «D» (Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում) և «E» (Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում) հատվածներին դասվող տնտեսվարող սուբյեկտները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով՝ անհետաձգելի և վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ֆիզիկական և իրավաբանական անձանցից հայտերն ընդունվում են բացառապես հեռախոսակապի միջոցով կամ առցանց.

3) «K» հատվածին (Ֆինանսական և ապահովագրական գործունեություն) դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն իրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունը ապահովելու և քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով.

  1. ՏԳՏԴ «O» (Պետական կառավարում և պաշտպանություն. Պարտադիր սոցիալական ապահովություն) հատվածի գործունեության հետ կապված կարգավորումները սահմանվում են Պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշմամբ»:

Ավինյանի այս նոր որոշումը դեռ վերլուծության կարիք ունի, սակայն արդեն իսկ պարզ է, որ նրա և Փաշինյանի կատարած քայլերը չեն լուծելու Հայաստանում նոր կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելու խնդիրը` այն պարզ պատճառով, որ նոր կորոնավիրուսի պարագայում ինկուբացիոն (գաղտնի) շրջանը 14 օր է, ոչ թե մեկ շաբաթ: Օրինակ, այսօր վարակված մարդն աշխատանքի չգնալուց և մեկ շաբաթ տանը մնալուց հետո աշխատանքի գնալով, կարող է դեռ չիմանալ, որ ինքը վարակված է, մինչև 2-րդ շաբաթվա ընթացքում հիվանդության այս կամ այն ախտանշանի ի հայտ գալը, այդ ժամանակահատվածում կարող է վարակել բազմաթիվ մարդկանց: Հետևաբար արգելքը պետք է սահմանել լիարժեք կերպով, բավարար ժամանակահատվածի համար, այլապես այն քաղաքացիներին, տնտեսվարողներին, պետությանը հսկայական վնասներ պատճառելով հանդերձ, ընդամենն ինչ-որ չափով ու ժամանակավորապես կդանդաղեցնի ՀՀ-ում վարակի հետագա տարածումը, սակայն չի լուծի դրա կանխարգելման խնդիրը:

Հայաստանում COVID-2019-ի հետագա տարածումը կանխարգելելու խնդիրը հնարավոր չէ լուծել նաև առանց հասարակական տրանսպորտի, ներառյալ` մետրոպոլիտենի, տաքսիների աշխատանքը 2 շաբաթով դադարեցնելու (ի դեպ, օրինակ, Կիևում հասարակական տրանսպորտի աշխատանքն արդեն դադարեցված է), առանց առևտրի և այլ վայրերում ստացված թղթադրամների և մետաղադրամների պարբերական ախտահանման համապատասխան սարքերի միջոցով:

Արթուր Հովհաննիսյան