Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հերթական ապատեղեկատվությունը. Արցախի ՊԲ

Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները «Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի», հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունից:

«Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն:

Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման»,- նշված է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ: