Գործատուները կհատուցե՞ն իրենց աշխատակիցներին` կորոնավիրուսով անզգուշությամբ վարակվելու հավանականությունը չկանխելու համար

Հարցազրույց աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբան Արթուր Նարինյանի հետ

– Երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված` արտակարգ դրության հետևանքով կանխատեսվող սոցիալ-տնտեսական խնդիրները իրենց երկար սպասեցնել չտվեցին: Այս օրերին, երբ շատ տնտեսվարողներ պարզապես փակել են աշխատավայրի դռները` պահանջարկ չլինելու, ինչպես նաև արտակարգ դրության պահանջներին ենթարկվելու համար, իսկ որոշներն էլ ամբողջ ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում, արդեն իսկ աշխատողները բարձրաձայնոմ են գործատուների հետ ունեցած խնդիրների մասին: Մասնավորապես, որոշ հիմնարկներում, խանութներում, գրասենյակներում աշխատողներին գործատուները պարտադրում են իրենց հաշվին արձակուրդ տրամադրելու մասին դիմումներ ստորագրել, որոշներն էլ նշում են, որ գործատուներն իրենց հետ խզել են աշխատանքային պայմանագրերը: Դուք նման ահազանգեր ստացե՞լ եք, և որքանո՞վ է իրավաչափ գործատուների նման վարքագիծը:

– Մեր գրասենյակը, այո, նման ահազանգեր ստացել և ստանում է: Վերջին դեպքերից մեկը կապված էր «Սաս գրուպ» ընկերության հետ, որտեղ ըստ մեզ տրամադրած տեղեկությունների՝ աշխատակիցներին ստիպում են սեփական հաշվին արձակուրդի մասին դիմում գրել: Աշխատանքային օրենսգիրքն արձակուրդի երկու տեսակ է նախատեսում՝ վճարվող և չվճարվող: Վճարովի արձակուրդը տրամադրվում է տարեկան քսան օր՝ հինգ աշխատանքային օրվա դեպքում: Բացի դրանից, գործատուի և աշխատողի միջև կարող է պայմանագրով պայմանավորվածություն լինի, որ առավելագույնը 60 օր գործատուն կարող է աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրել: Այսինքն՝ աշխատողը կգնա արձակուրդ և չի վճարվի դրա համար: Բայց գործատուն չի կարող աշխատողին պարտադրել չվճարվող արձակուրդի դիմում ստորագրել, դա օրենքի խախտում է: Գործողությունը ստիպողաբար է կատարվում: Մեր կոչն է, հորդորը, որ աշխատողները հրաժարվեն նման դիմումներ ստորագրել, քանի որ դա իրավաչափ չէ և ի վերջո նրանք չեն վճարվելու և սոցիալական խնդիրների են բախվելու:

Մեզ դիմողները հիմնականում նշում են, որ գործատուներն այս ժամանակահատվածի համար իրենց հետ համատարած աշխատանքային պայմանագրեր են խզում՝ հղում անելով ֆորսմաժորային իրավիճակին: Ես անձամբ կարծում եմ, որ այս իրավիճակը ֆորսմաժորային համարվելու համար վիճահարույց է: Քանի որ գործատուն ինքն է որոշում, թե որ իրավիճակը կարող է ինքը համարել ֆորսմաժորային, այս դեպքոմ հնարավոր է, որ նա պարզապես ստեղծված վիճակը շահարկում է: Կարծում եմ՝ ֆորսամոժարային է այն վիճակը, երբ բնականոն աշխատանքի համար հնարավորություններ չկան, այսինքն՝ առհասարակ հնարավոր չէ աշխատանք կատարել: Բայց հիմա տեսնում ենք, որ շատ ոլորտներում մարդիկ աշխատում են առանց խոչընդոտի, շատերը տանից անգամ, մյուսները գնում են աշխատանքի: Մենք այս դեպքում տարբերակված մոտեցում ունենք. մի շարք ոլորտներում հեռավար աշխատանքի հնարավորություն կա կամ արգելված չէ, որ մարդիկ գնան աշխատանքի, և պահանջարկն էլ առկա է և նրանց համար դրությունը ֆորսմաժորային չէ: Բայց, օրինակ, բանվորուհու համար, որը աշխատանքը կատարում է գործարանում, իրավիճակը ֆորսմաժորային է հայտարարվում: Դա հետագայում վեճերի առիթ է լինելու: Մենք մեր վստահորդներին հորդորել ենք արտակարգ դրության ավարտից հետո իրենց փաստաթղթերով մոտենալ գրասենյակ, մենք բոլոր քայլերը կձեռնարկենք նրանց իրավունքների վերականգնման համար:

– Դուք չե՞ք ընդունում, որ նման պայմաններում նաև գործատուի իրավունքները պետք է պաշտպանվեն, քանի որ նաև արտակարգ դրությամբ պայմանավորված՝ շատ ոլորտներ պարտադրված են պարապուրդի մատնվել: Օրինակ՝ հասարակական սննդի օբյեկտների սեփականատերերի համար մեծ բեռ է լինելու աշխատողներին վարձատրել այն դեպքում, երբ տվյալ ժամանակահատվածում բացարձակ շահույթ չեն ստացել:   

– Եթե գործատուն տվյալ ժամանակահատվածի համար շահույթ չի ստացել, նշանակում է՝ նրա աշխատողները չվճարվող պարապուրդի են մատնվելու: Դա ստեղծված պայմաններում հերթական խնդիրներից մեկն է: Աշխատանքային օրենսգրքի 86-րդ հոդվածը նախատեսում է չվճարվող պարապուրդ, բայց եթե դա գործատուի մեղքով չէ. եթե աշխատողը աշխատանքի չի ներկայանում և աշխատանքը չի կատարում գործատուի մեղքով, դրա համար գործատուն պարտավոր է վճարել գոնե աշխատավարձի երկու երրորդի մասվ, իսկ եթե գործատուի մեղքով չէ, ինչպես որ հիմա, մենք այլ խնդրի առաջ ենք կանգնում: Ինչպե՞ս է այս հարցը լուծվելու: Մեկ նկատառում, այս դեպքում ևս առկա է տարբերակված մոտեցում, քանի որ բյուջետային աշխատողների համար խնդիրը միանշանակ լուծված է, այդ մարդիկ չեն զրկվելու իրենց աշխատավարձից՝ չնայած ֆորսմաժոր ենթադրող իրավիճակներին և հարկադիր պարապուրդին: Եվ վճարվելու են ամբողջական աշխատավարձի չափով: Իսկ մասնավոր հատվածում այդ խնդիրը կանոնակարգված չէ: Նախ ինչպես արդեն նշեցի՝ որոշ ոլորտների մասնագետների խնդիրը կշրջանցի, քանի որ նրանք տանից աշխատելու հնարավորություն ունեն և կվարձատրվեն, ովքեր  չունեն այդ հնարավորությունը, կբախվեն աշխատավարձից, անգամ աշխատաքից զրկվելու խնդրին: Իսկ հետո բյուջետային աշխատողներին դա չի վերաբերի, իսկ մասնավոր հատվածում աշխատողները չեն կարողանա դրանից խուսափել: Երկակի խտրական վերաբերմունք է:

Օրենքն այս դեպքում չի պաշտպանոմ աշխատողին, քանի որ գործատուն իրավունք ունի ոչ իր մեղքով պարտադիր պարապուրդի համար չվճարել աշխատողին: Այս դեպքում ամեն ինչ կախված է գործատուի հայեցողությունից. Նա կարող է մարդկային վերաբերմունք ցուցաբերել և որոշակի փոխհատոցում տալ իր աշխատողներին: Բայց արդյո՞ք բոլոր միջին ու փոքր ձեռնարկություններում, որոնք մեծ ֆինանսական շրջանառություն չունեն, կարող են այդ քայլին գնալ:

– Կառավարությունը հայտարարեց, որ նաև այդ նպատակով անտոկոս վարկեր են տրամադրելու գործատուներին, որպեսզի նրանք կարողանան վճարել իրենց աշխատողներին: Սա ձեր կարծիքով խնդրի լուծո՞ւմ է:

– Պետությունը դրանով ընդամենը պարտքով գումար է տալիս գործատուին, և նրա վրա ծանր ֆինանսական բեռ է դրվելու: Ի վերջո այդ գումարը ոչ թե անհատույց է տրվում, այլ որոշակի ժամանակահատվածում մարելու պայմանով: Դա, ինչպես նաև այն, որ շատ գործատուներ օրենքի տեսանկյունից իրավունք ունեն չվճարելու, չեն օգտվի պետության ընձեռած հնարավորությունից, չեն գնա այդ ռիսկին, չեն վճարի աշխատողներին: Անգամ վտանգ կա, որ աշխատողները կկորցնեն իրենց աշխատանքը՝ պարտադիր կրճատումների հետևանքով կամ գուցե իրենք տվյալ գործատուի հետ պայմանագրերը խզեն:

Մենք օրենքում բաց ունենք, քանի որ օրենքում նախատեսված չեն նման դեպքերը, թե համաճարակի ժամանակ մասնավոր հատվածի աշխատողների վարձատրությունը ինչպե՞ս է կազմակերպվելու այն դեպքում, երբ նրանք չեն աշխատելու ոչ իրենց և ոչ էլ գործատուի մեղքով: Այդ դեպքում ի՞նչ է լինելու: Հայաստանի պատմության մեջ երեք արտակարգ դրություն է եղել՝ երեքն էլ ռազմական, բայց այդ հարցն այդպես էլ չի կարգավորվել: Մենք աշխատանքային իրավունքների ոլորտի մասնագետներով տվյալ հարցն ենք քննարկում՝ արդյո՞ք այս իրավիճակը իրավական լուծում ունի: Այժմ միայն մեկ իրավական լուծում կա՝ գործատուն ոչ իր մեղքով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար իրավունք ունի չվճարելու աշխատողներին: Եվ սրա արդյուքնում տխուր հետևանքներ են լինելու այնքանով, որ ամբողջ ամիս չվճարվող անձն իր վարկերը, կենցաղային ծախսերը չի կարողանալու վճարել: Եթե վարկերը որոշակի ժամանակահատվածի համար որոշվեց հետաձգել, ապա կենցաղային ծառայությունների համար վճարները հետաձգված չեն: Աշխատավարձ չստացած քաղաքացին ինչպե՞ս է վճարելու դրանք, մանավանդ նկատի ունենալով, որ նա շաբաթը յոթ օր և քսանչորս ժամ տանն է եղել, հետևաբար ծախսերը ավելի շատ են եղել՝ էլեկտրէներգիան, ջուրը, գազն ավելի շատ է օգտագործել:

– Լավ, իսկ պետությունը կարո՞ղ է այդ դեպքում նման քաղաքացիների հատուցման բեռը նույնպես իր վրա վերցնել, որպեսզի չծանրաբեռնի տնտեսվարղներին, չթուլացնի նրանց և կանխի գործազրկության թվի ավելացումը: Թե՞ դա բյուջեի համար վնասակար կլինի և ամբողջ երկրի տնտեսությունը կոլապսի կենթարկի:

– Միանշանակ դա բյուջեի վրա մեծ բեռ կլինի: Բայց եթե դիտարկենք պարգևավճարների տեսանկյունից, ապա կարելի է ասել, որ գոնե այս ամիս այդ ճոխ պարգևավճարներից օգտվող պաշտոնյաները, պատգամավորները կարող են հրաժարվել դրանցից և փոխանցել մասնավոր հատվածի աշխատողներին գոնե երկու երրորդ աշխատավարձի չափով: Դա հարցի որոշակի լուծում կլինի:

– Վարակի կասկածի համար երկու շաբաթով մեկուսացված և անգամ հեռավար աշխատելու հնարավորություն չունեցող անձանց աշխատանքային իրավունքները նույնպե՞ս օրենքով կարգավորված չեն:

– Այն անձինք, որոնք վարակված են կամ վարակի կասկածով մեկուսացված են և առհասարակ աշխատելու հնարավորություն չունեն, մեծ հաշվով չեն տարբերվում այն քաղաքացիներից, որոնք առողջ են, բայց չեն աշխատում: Նրանց կարող են չվարձատրել, քանի որ նա նույնպես պարտադիր պարապուրդում է, որի համար գործատուն մեղավոր չէ: Գործատուն կարող է հայեցողական վճարել նրան, բայց օրենքն այդպիսի պարտադիր դրույթ չունի: Եվ կամ էլ այդ երկշաբաթյա ժամանակահատվածը պետք է ձևակերպվի որպես արձակուրդ ստուգումներ անցնելու համար, որը հետագայում կհատուցվի վճարովի արձակուրդի հաշվին: Այսինքն՝ տարեկան նախատեսված 20-օրյա արձակուրդից 14 օրը այդպես կարող է անցկացնել, դրա դիմաց վճարվել:

– Մենք գիտենք, որ այսօր թե հիվանդների և թե մեկուսացածների մեջ կան մարդիկ, աշխատողներ, որոնք վարակվել են իրենց հիմնարկում հենց գործատուի անզգուշության հետևանքով. գործատուն ընդունել է Իտալիայից ժամանած գործընկերների, որոնք հնարավոր է վարակված լինեին և իր աշխատողներին չի ապահովել պաշտպանիչ անհրաժեշտ միջոցներով՝ վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար: Այս դեպքում օրենքը կարո՞ղ է պարտադրել գործատուին ոչ միայն աշխատավարձ, այլև աշխատողի առողջությանն անզգուշությամբ վնաս հասցնելու համար հատուցում տալ:

– Այն ժամանակ, երբ արտադրամասի աշխատողների վարակի դեպքն արձանագրվեց, գործատուների վրա դեռևս պարտավորություն դրված չէր աշխատակիցներին ապահովել հնարավոր վարակից: Բայց ես գիտեմ խոշոր ընկերություններ, որոնցում գործատուներն իրենց նախաձեռնությամբ աշխատողներին նախնական զննում էին իրականացնում՝ հսկիչ անցագրային կետում ջերմաչափում անում և այլն: Մինչ արտակարգ դրություն հայտարարելը գործատուներին նման հրահանգ չի եղել: Բայց անկախ ամեն ինչից, աշխատանքյաին օրենսգիրքը նախատեսում է, որ գործատուն պարտավոր  է աշխատողների առողջության համար անվտանգ աշխատանք ապահովել, հետևել աշխատողների առողջությանը, աշխատանքի այնպիսի միջավայր և պայմաններ ստեղծել, որ աշխատանքի ընթացքոմ նրանց առողջությանը վնաս չհասցվի և այլն: Պայմանագրերում ևս սահմանվում է, որ գործատուն պարտավոր է աշխատողին ապահովել բոլոր հնարավոր միջոցներով նրա աշխատանքը անվտանգ իրականացնելու համար: Այս դեպքում օրենքի պարտադրանքը ուժ կունենա՞, թե ոչ, վիճելի է: Մենք պատրաստ ենք ստանձնել  նաև այդ մարդկանց իրավունքների պաշտպանությունը, և եթե հաստատվի գործատուի մեղքը, նա պարտավորված է լինելու փոխհատուցել աշխատակցին նրա առողջությանը պատճառած վնասի համար: Եթե չհաստատվեց, բնականաբար փոխհատուցում չի լինի:

Ցավոք, Հայաստանում աշխատանքային իրավահարաբերությունները շատ խոցելի են, ոլորտում առկա շատ խնդիրներ կան, ամենաթողություն չասեմ, բայց շատ քիչ վերահսկվող ոլորտ է: Արտակարգ դրության պայմաններում էլ խնդիրներն ավելի են ի հայտ գալիս: Իսկ աշխատողների իրավունքները վերականգնելու առումով էլ բախվում ենք դատարանների ծանրաբեռնվածության խնդրին, երբ աշխատողների խնդրի լուծումը, դիցուք աշխատավայրում վերականգնելը, կարող է տարիներ տևել:

Զրուցեց Թագուհի Ասլանյանը