Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերը մեկ օրում աճել են շուրջ 31 000-ով

Պետական պաշտոնյաներին կարելի՞ է խուճապային իրադրություն ստեղծելու իրական վտանգ պարունակող տեղեկություններ հրապարակել

Քանի որ նոր կորոնավիրուսով (COVID-2019) վարակվածության «հաստատված դեպքերի աճ ունենք, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը միակ տեղը չէ այլևս, որտեղ մեր քաղաքացիները բուժում են ստանում կամ գտնվում են, եթե բուժման կարիք չկա, մենք ունենք արդեն 5 բուժհաստատություն, ևս երկուսում` մարզային, կան հատուկենտ թվով, ավելի քիչ թվով պացիենտներ»: Այս մասին անցած կեսգիշերին մոտ ֆեյսբուքյան իր լայվով հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը:

Որո՞նք են մարզային այն երկու բուժհաստատությունները, որտեղ կան նոր կորոնավիրուսով վարակված կամ հիվանդ հատուկենտ թվով պացիենտներ, կամ գոնե որ մարզերում են գտնվում դրանք: Որո՞նք են մեր հանրապետության մյուս 5 հիվանդանոցները, որտեղ բուժվում կամ կարանտինացված են նոր կորոնավիրուսով վարակված անձինք, նրանցից քանի՞սն են հիվանդ, այսինքն` քանիսի՞ մոտ է արտահայտված COVID-2019-ի այս կամ այն ախտանշանը:

Թորոսյանը վերոնշյալ հարցերին չանդրադարձավ, դրանք թողեց անորոշ, սակայն շատ մարդկանց ոչ թե այդ անորոշությունը, այլ անհանգստացրեց այն, որ նա չհայտնեց, թե դեպքերը քանիսով են աճել, 136-ից քանիսն են դարձել: Նկատենք, որ այդ աճը կարող էր լինել ինչպես մեկով, այնպես էլ, Աստված մի արասցե, 100-ով կամ ավելի: Չեմ կարող ասել` այդ տեղեկությունը չհրապարակելը դիտավորության արտահայտություն էր, թե հոգնածության, անփութության կամ աննրբանկատությա՞ն, բայց առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողը պարտավոր էր ու պետք է հաշվի առներ, որ նման անորոշ, կիսատ-պռատ տեղեկատվությունը կարող է հասարակության անհանգստությունն առաջացնել կամ նույնիսկ տեղիք տալ խուճապի: Մարդիկ կարող էին մտածել` տեսնես քանի՞ դեպքով է աճել, որ նախարարը չի հայտնում, թաքցնում է…

Պարզվում է, պետական պաշտոնյաներին կարելի է ակնհայտ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու իրական վտանգ պարունակող տեղեկություններ հրապարակել, լրագրողներին և այլոց` չի կարելի: Սա է «Նոր Հայաստան» կոչվածի օրենքը, կարգը կամ արդարությունը:

Այո՛, խուճապի հանգեցնող տեղեկատվություն չի կարելի հրապարակել, և այդ արգելքը պետք է գործի բոլորի համար` շարքային քաղաքացուց մինչև նախարար, վարչապետ ու նախագահ, իսկ ինչ վերաբերվում է «խուճապային իրադրություն ստեղծելու իրական վտանգ պարունակող տեղեկություններ» ձևակերպմանը, որը կատարված փոփոխությամբ հայտնվել է արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշման մեջ, ապա այն դարձյալ անորոշ և ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին («Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ») հակասող լինելով, պարետատանը, ոստիկանությանը հնարավորություն է տալիս լռեցնել ազատ խոսքը, ԶԼՄ-ներից, լրագրողներից և այլ անձանցից պահանջել հեռացնել հասարակությանը հետաքրքրող, նրան անհրաժեշտ կամ նրա համար կարևոր, բայց իշխանություններին ոչ ձեռնտու տեղեկատվությունը` պատրվակելով, թե այն իբր խուճապային իրադրություն ստեղծելու իրական վտանգ է պարունակում: Ի գիտություն վարչապետի պաշտոնը զբաղեցնողին ու մյուսներին` կառավարության կողմից այս անորոշ սահմանափակումն իմ կողմից չի՛ ընդունվելու, մերժվելո՛ւ է:

Միայն այսօր առավոտյան հասարակությունը Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած տեղեկատվությունից իմացավ, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերը մարտի 21-ին, ժամը 10-ի դրությամբ հասել են 160-ի, մահվան դեպք չկա, առողջացած է մեկ հոգի: Միաժամանակ տեղեկացվում է, որ «Հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ»:

Թեև կատարված հրապարակմամբ տեղեկացված է, որ «Պարետատան աշխատակիցները 24-ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեր հարցերին», սակայն նշված հայտարարության ներքո զետեղված հարցերս` որո՞նք են մարզային այն երկու բուժհաստատությունները, որտեղ կան նոր կորոնավիրուսով վարակված կամ հիվանդ հատուկենտ թվով պացիենտներ, այժմ ի՞նչ վիճակում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող թոքաբորբով հիվանդները, նրանց քանակի փոփոխություն եղե՞լ է, որո՞նք են մեր հանրապետության մյուս 5 հիվանդանոցները, որտեղ բուժվում կամ կարանտինացված են նոր կորոնավիրուսով վարակված անձինք, նրանցից քանի՞սն են հիվանդ, այսինքն` քանիսի՞ մոտ է արտահայտված COVID-2019-ի այս կամ այն ախտանշանը, մնացին անպատասխան:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, ըստ այսօր առավոտ հրապարակված տվյալների, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերը հասել էին 275 469-ի` նախորդ օրվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 31 000-ով, մահվան դեպքերը հասել էին 11 402-ի: Դրանք մարտի 20-ի առավոտյան հրապարակված մահվան դեպքերի քանակին գերազանցել էին 1371-ով:

Այսօր Երևանի ժամանակով 17:25-ի դրությամբ նույն կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերն արդեն հասել էին 284 566-ի, մահվան դեպքերը` 11 868-ի: Եթե նկատի ունենաք Իտալիայի բնակչության թվաքանակի համեմատությունը Չինաստանի բնակչության քանակի հետ, ապա կարելի է ասել, որ աղետալի վիճակում է հատկապես Իտալիան, ուր վարակվածության հաստատված դեպքերն այդ պահին հրապարակված տեղեկատվության համաձայն, հասել էին 47 021-ի, մահվան դեպքերը` 4032-ի:

Արթուր Հովհաննիսյան