Խորհրդարանում կազմակերպվել են «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով լսումներ

ԱՀ Ազգային ժողովում այսօր կայացել են «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով խորհրդարանական լսումներ:

Խորհրդարանական լսումներին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արարատ Օհանջանյանը կարևորել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումները և նշել, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ձեռնարկվող միջոցառումները պետք է կրեն շարունակական բնույթ:

ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել: Նախարարը նշել է, որ մարտի 14-ից սկսած՝ Արցախի բոլոր 4 սահմանային անցակետերում իրականացվում են հանրապետություն մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափում:

«Վարակի հնարավոր դեպքերի բուժման համար նախատեսվել է Շուշիի շրջանային բուժմիավորումը, որը զինվել է անհրաժեշտ բոլոր պարագաներով: Բացի դրանից, կան առանձնացված հյուրանոցային համալիրներ, որոնք նախատեսված են մեկուսացման համար: Բոլոր շրջաններում ևս պատրաստվել են հիվանդասենյակներ և բուժհիմնարկներ՝ հիվանդներին սպասարկելու նպատակով»- նշել է Ա. Բաղրյանը:

Նախարարը նշել է, որ չնայած Արցախում վարակը ստուգելու նպատակով փորձանմուշների թեստավորում չի իրականացվում, սակայն օպերատիվ կերպով ՀՀ-ից ստացվում են փորձանմուշների պատասխանները:

Իր հերթին ԱՀ ոստիկանապետ Լևոն Մնացականյանն ասել է, որ օտարերկրացիների մուտք Արցախ արգելվել է, և այդ առումով անձնագրային ստուգումներ են տարվում բոլոր անցակետերում: Նա տեղեկացրել է, որ 14 օրվա ընթացքում ամենօրյա զանգերի միջոցով ոստիկանության ծառայողները կապ են հաստատում անցակետերում ստուգման ընթացքում ջերմություն ունեցած քաղաքացիների հետ և տեղեկանում վիճակից: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանն էլ տեղեկացրել է, որ ծառայության կողմից կազմավորվել են 5 խմբեր, որոնք այժմ իրականացնում են հերթապահություն և իրենց կողմից ևս իրավիճակը վերահսկվում է:

Իսկ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ դեռևս փետրվարից սուր շնչառական վարակների ակտիվացման հանգամանքը հաշվի առնելով՝ ընդունվել է դասապրոցեսը դադարեցնելու որոշում, ինչի արդյունքում մինչ այդ արձանագրված 50% բացակայությունների ցուցանիշը նվազել է՝ հասնելով 8,8%-ի:  Այնուհետև ՀՀ-ում կորոնովիրուսի վարակի արձանագրված դեպքերից հետո, որոշում է կայացվել հետաձգել դասերը մինչև ապրիլի 14-ը:

Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության հետ մեկտեղ անցկացնում են հեռավար կրթության ծրագրեր, ներդրվում են հեռավար ուսուցման նոր համակարգեր՝ ուսումնական ծրագրերից հետ չմնալու նպատակով:

Խորհրդարանական լսումներին ոլորտի պատասխանատուները պատասխանել են պատգամավորների առաջադրած հարցերին: