Հայաստանում որևէ քաղաքացի, պաշտոնյա չի կարող հայտարարել, որ ինքը չի ընդունում դատարանի ակտը և չի կատարելու այն․ ԲԴԽ նախագահը՝ Արսեն Թորոսյանի մասին. 168.am

Հայաստանում չի կարող որևէ մեկը, որևէ պաշտոնյա հայտարարել, թե ինքը չի ընդունում դատարանի կայացրած ակտը և չի կատարելու այն, այս մասին 168.am–ի հետ զրույցում հայտարարել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԲԴԽ–ն մեկնաբանում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններն այն մասին, որ ինքը չի պատրաստվում կատարել դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որովհետև դատարանները չեն վայելում ժողովրդի վստահությունը։

«ԲԴԽ-ում արձագանքել-չարձագանքելու հարցը քննարկվել է…Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի հայտարարությանը, ես ժպիտով եմ վերաբերվում այդ հարցին: Բոլորս տեսնում ենք Արսեն Թորոսյանի այսօրվա ծանրաբեռնվածությունը և այն աշխատանքը, որը նա կատարում է: Այդ հոգնածությունը հասկանում ենք: Դրա հետ մեկտեղ՝ նաև հասկանում ենք նրա վրդովմունքը, զայրույթը, որ գործ է պարտվել դատարանում: Բայց չի կարող Հայաստանում որևէ քաղաքացի, որևէ պաշտոնյա հայտարարել, որ ինքը չի ընդունում դատարանի ակտը և չի կատարելու այն: Իհարկե կատարելու է: Չի կարող կառավարության անդամը դատական ակտը չկատարել: Ընդամենը այսքանը»,– ասել է նա:

ԲԴԽ նախագահը նշել է, որ եթե Թորոսյանը չկատարի, ապա հետևանքներ կլինեն: «Դրա պատասխանատուն ԲԴԽ-ն չէ: Դրա պատասխանատուն դատական իշխանությունը չէ: Եթե մյուս կողմը կատարողական թերթ վերցնի և ներկայացնի Հարկադիր կատարման ծառայությանը, նրան կպարտավորեցնեն դա անել: Ի վերջո, քաղաքացիական դատավարությունը մրցակցային դատավարություն է, բայց մեծ առումով համարում եմ, որ չի կարող որևէ մեկը ՀՀ-ում որոշել, որ ինքը չի կատարելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»,– ասել է նա:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը որոշել է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է հրապարակային հերքի և ներողություն խնդրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանից՝ «Ֆեյսբուքի» իր էջում ուղիղ հեռարձակմամբ արած արտահայտությունների համար: Վճռաբեկի որոշումից հետո Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ դատական համակարգը չի վայելում ժողովրդի մեծամասնության համակրանքը և կարիք ունի բարեկարգումների:

Նյութ ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։