«Տնտեսությունը չի կարող կանգ առնել»․ Բրազիլիայի նախագահը քննադատել է կորոնավիրուսի պատճառով ճանապարհներ փակելու որոշումը

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն քննադատել է նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ցամաքային և օդային ճանապարհներ փակելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Տնտեսությունը չի կարող կանգ առնել, ձեռնարկատերերը չեն կարող դադար վերցնել, քանի որ արտադրելու շատ բան ունենք»,- հայտարարել է Բոլսոնարուն մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա քննադատել է այլ իշխանությունների՝  ճանապարհներ ու օդանավակայաններ փակելու մասին որոշումները, քանի որ, ըստ նրա, այդ սահմանափակումները ոչ միայն խոչընդոտում են տնտեսությանը, այլև բնակչության շրջանում խուճապ են առաջացնում։

Այսպիսով` նա քննադատել է իր քաղաքական հիմնական հակառակորդներից մեկին՝ Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Ուիլսոն Վիտցելին, որի հրամանագրում նախատեսվում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայան միջազգային չվերթների ժամանման արգելքը։

Globo պորտալի տվյալներով՝ Բրազիլիայում նոր տեսակի կորոնավիրուսով գրանցվել է վարակման 904 դեպք, որից 11-ը` մահվան ելքով։

Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 276 462 դեպք է գրանցվել, որից 11 417-ը` մահվան ելքով։ Ապաքինվել է ավելի քան 91 954 մարդ։

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: