Ինչո՞ւ է Արցախի իշխանությունը հապաղում երկրում արտակարգ դրություն հաստատել (տեսանյութ)

Արցախի Հանրապետությունում շարունակվում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը՝ մարտի 31-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ։ Բարեբախտաբար, կորոնավիրուսը չի ներթափանցել Արցախ, և առ այսօր չի գրանցվել վարակվածության որևէ դեպք: Սա էլ հիմք է տալիս  Արցախի իշխանությանը հայտարարել, թե արտակարգ դրություն սահմանելու անհրաժեշտություն չկա։

Սակայն իրավիճակով խիստ անհանգստացած է Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ  Վիտալի Բալասանյանը: Ըստ նրա, երկիրը պատրաստ չէ նման վտանգի հետ առերեսվելու, ասել է թե Արցախի համար նման համաճարակի տարածումը կարող է  խիստ վտանգավոր լինել: Հետևաբար, Արցախի հերոսը իշխանություններին կոչ է անում չհապաղել և  արտակարգ դրություն հաստատել երկրում այնպես, ինչպես Հայաստանում է:

Դեռ օրեր առաջ Վիտալի Բալասանյանը  դիմել էր ԱՀ նախագահ Բակո Սահակյանին ու  ներկայացրել կորոնավիրուսի տարածման վտանգավորությունը Արցախի համար, տրամադրել  համապատասխան վերլուծություն, փաստել, որ Արցախի  բնակչության 18% գտնվում է բարձր ռիսկային գոտում։

Թե ինչո՞ւ է Արցախի իշխանությունը հապաղում և  արտակարգ դրություն չի հայտարարում, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը մեկնաբանել է այսպես՝ դրա անհրաժեշտությունը դեռ չկա, քանի որ. «Չունենք գեթ մեկ վիրուսակիր։ Նման հարց կդիտարկվի, երբ ներթափանցի վիրուսն Արցախ և կրի մասսայական բնույթ»։ Անկեղծ ասած, պատասխանը զարմացնող է, ի՞նչ է, վիրուսը պետք է թափանցի երկիր, կրի մասսայական բնույթ, որ դրանից հետո միայն իշխանությունը տեղից շարժվի՞, մտածի կոնկրետ քայլերի մասին: Սա լուրջ մոտեցում չէ:  Հայաստանի իշխանության անտարբերությունն ու անլրջությունը, ինչը    պատճառ դարձավ վիրուսակիրների թվի աճի, պետք է սթափեցնի Արցախի իշխանությանը:

Իր  հայտարարության մեջ  Բալասանյանը տեղին հիշեցնում է, որ աշխարհի մի քանի պետություններ, չունենալով վարակման որևէ դեպք, վտանգը կանխելու համար սահմանել են արտակարգ դրություն: Հետևաբար չարժե նստել, սպասել, որ համաճարակը դուռդ թակի ու նոր միայն գործողություններ անես:

Արցախի նախագահի թեկնածու Վ. Բալասանյանն Արցախի իշխանությունից պահանջում է նաև հետաձգել մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Իր պահանջը գեներալը  հիմնավորում է՝ բերելով մի շարք երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի օրինակը: Այսպես, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված, ԱՄՆ-ը մի քանի նահանգներում հետաձգել է նախնական նախագահական ընտրությունների անցկացումը: Մեծ Բրիտանիայում ևս կառավարությունը որոշել է այս տարվա մայիսին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգել 12 ամսով: Ի վերջո, Հայաստանում ևս, պայմանավորված կորոնավիրուսի տարածման վտանգով, հետաձգվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

Ի՞նչն է խանգարում, որպեսզի Արցախը ևս գնա այդ ճանապարհով, ինչո՞ւ չանել հնարավոր կանխարգելիչ քայլը՝ ժողովրդին հեռու պահելով վտանգից: Արդյո՞ք քաղաքական հաշվարկներն ու  շահերն առավել առաջանային են, քան ժողովրդի անվտանգությունը: Ինչո՞ւ է Արցախի իշխանությունը հապաղում  արտակարգ դրություն սահմանելուց,  ի՞նչն է կաշկանդում Արցախի իշխանությանը հետաձգել ընտրությունները: Տպավորություն կա, որ կաշկանդվածության պատճառը  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս հնչեցրած հայտարարությունն է, թե Արցախում ընտրությունները չպետք է հետաձգվեն: Փաշինյանն ասել էր, թե ինքը դրա համար  հիմքեր չի տեսնում: Սա ի՞նչ է, եթե ոչ ուղղակի միջամտություն Արցախի ներքին գործերին, ի՞նչ է, եթե ոչ հստակ ուղղորդում: Իսկ պատասխանատո՞ւ է Փաշինյանը արցախահայության առաջ՝ կորոնավիրուսի տարածման վտանգի դեպքում: Թե՞ այդ անգամ էլ օգնության կգա դատարկ պուպուլիզմը, սուտն ու կեղծիքը, սեփական անձն ամեն կերպ արդարացնելու ճկունությունը` ինչով  օժտված է ՀՀ վարչապետը:

«Հայաստանն ու Արցախը իրարից մեկուսացված տարածքներ չեն, գտնվում են անվտանգության նույն համակարգի մեջ, չկա ազատ տեղաշարժի որևէ արգելք, բայց Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, սահմանադրության կետի վերաբերյալ հանրաքվեն հետաձգված է, իսկ Արցախում՝ ոչ»,- ասում է  Վիտալի Բալասանյանը: Մտահոգ է գեներալը՝ երկրի առջև ծառացել է ժողովրդի առողջության անվտանգությանն սպառնացող լրջագույն վտանգ, մինչդեռ. «Արցախի իշխանությունն ընտրում է արտակարգ դրություն չսահմանելու ճանապարհը։ Քաղաքական շահերը վեր են դասվում համամարդկային շահերից»։

Բալասանյանը  հիշեցնում է  ժողովրդի առաջ ունեցած պատասխանատվության մասին. «Ես հարց եմ ուղղում իշխանություններին և այն թեկնածուներին, որոնք պնդում են ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ քվեարկության օրը ընտրատեղամասերում ինչպե՞ս եք ապահովելու ընտրողների անվտանգությունը, ո՞վ է անձամբ ստանձնելու այդ պատասխանատվությունը»:

Տեղեկացնենք, որ  նախագահի թեկնածուն արդեն մեկ շաբաթ է, որ ամբողջությամբ դադարեցրել է ընտրողների հետ զանգվածային հանդիպումները։ Մենք տեղեկացանք նաև, որ նախագահի մի շարք թեկնածուներ ևս փոխել են  ընտրությունների քարոզարշավի բնույթն ու ընտրողների հետ առցանց ռեժիմով են  հանդիպում: Սա նշանակում է՝ քարոզարշավի ընթացքն արդեն իսկ խաթարված է:

«Ես պատրաստ եմ շարունակել նախընտրական քարոզարշավն առանց ընտրողների հետ զանգվածային հանդիպումների, ես վստա՛հ եմ իմ հաղթանակի մեջ»,- նշում է գեներալ Բալասանյանը, բայց միաժամանակ հավելում. «Երբ ամբողջ աշխարհը խոսում է պատերազմի և Մեծ դեպրեսիայի նման վտանգի մասին, ես չեմ կարող ինձ թույլ տալ անմասն մնալ, չեմ կարող լռել»:

Արցախի գեներալը իշխանությանը սթափության կոչ է անում ու վերստին հիշեցնում՝ որքան շուտ արտակարգ դրություն հայտարարվի, այնքան ավելի շատ կյանքեր կփրկենք:

Բայց  քանի դեռ Արցախի  իշխանությունը ձեռնպահ է մնում արտակարգ դրություն հայտարարելուց, Բալասանյանն իր կոչն ուղղում է ժողովրդին` կամավոր պահպանել արտակարգ  դրության  ռեժիմը. «Բոլոր նրանց, ովքեր լսում են ինձ, կոչ եմ անում` կամավոր պահպանեք կարանտինի ռեժիմը: Մեր կյանքը մեր ձեռքերում է: Աստված մեզ պահապան»:

Տեսանյութը՝

Ուղերձ 20.03.2020թ

Հարգելի՛ արցախցիներ,Այսօր քաղաքական հարցերը ձուլվել են գոյատևման հարցերին։ Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ակնհայտորեն ցույց է տալիս մեր անպատրաստությունը այդ վտանգի հետ առերեսվելու։ Այս պահին, երբ մեր առջև ծառացել է ժողովրդի առողջությանը սպառնացող լրջագույն վտանգ, Արցախի իշխանությունն ընտրում է, այնուամենայնիվ, արտակարգ դրություն չսահմանելու ճանապարհը։ Քաղաքական շահերը վեր են դասվում համամարդկային շահերից։Դեռևս կիրակի օրը ես դիմել եմ ԱՀ նախագահին՝ կորոնավիրուսի տարածման վտանգի լրջության մասին հայտարարությամբ և տրամադրել մանրամասն վերլուծություն, և ներկայացրել եմ թե ինչու է դա վտանգավոր հատկապես Արցախի համար, նշել եմ, որ մեր բնակչության 18% գտնվում է բարձր ռիսկային գոտում։Ընդամենը 4 օր առաջ Հայաստանում վարակված էր 28 մարդ, իսկ այսօր արդեն` 122։ Հիվանդացածների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր երկու օրը մեկ: Հաշվեք, թե որքա՞ն կլինի 4 օրից, 8 օրից:• Երեքշաբթի օրվանից մենք ամբողջությամբ դադարեցրել ենք ընտրողների հետ զանգվածային հանդիպումները։• Երեկ ես իշխանություններին կոչ եմ արել՝ սահմանել Արցախում արտակարգ դրություն, այնպես, ինչպես Հայաստանում է:Աշխարհի շատ երկրներ հայտնվել են նման իրավիճակներում։ Եկեք տեսնենք, թե ինչ են նրանք ձեռնարկում կորոնավիրուսի պատճառով:• Ամերիկայի Միացյալ Նահանգների մի քանի նահանգներ կորոնավիրուսի պատճառով հետաձգել են նախնական նախագահական ընտրությունները։• Մեծ Բրիտանիայում կառավարությունը որոշել է այս տարվա մայիսին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգել 12 ամսով:• Դեռևս չունենալով վարակման ոչ մի դեպք աշխարհի մի քանի պետություններ հայտարարել են արտակարգ դրություն: Նշեմ, որ այդ երկրներ վիրուսը, միևնույն է, ներթափանցել է:• Հիշեցնեմ, որ Հայաստանը հետաձգեց Սահմանադրությունը փոփոխելու հանրաքվեն:Բայց փաստացի մեզ ասում են՝ ոչ, մենք գնալու ենք այլ ճանապարհով՝ ընտրություններն անցկացնելու ենք։Ես հարց եմ ուղղում իշխանություններին և այն թեկնածուներին, որոնք պնդում են ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ քվեարկության օրը ընտրատեղամասերում ինչպե՞ս եք ապահովելու ընտրողների անվտանգությունը, ո՞վ է անձամբ ստանձնելու այդ պատասխանատվությունը:Ես պատրաստ եմ շարունակել նախընտրական քարոզարշավն առանց ընտրողների հետ զանգվածային հանդիպումների, ես վստա՛հ եմ իմ հաղթանակի մեջ:Բայց երբ ամբողջ աշխարհը խոսում է պատերազմի և Մեծ դեպրեսիայի նման վտանգի մասին, ես չեմ կարող ինձ թույլ տալ անմասն մնալ, չեմ կարող լռել: Կրկին հիշեցնում եմ իմ դիրքորոշումը՝ որքան շուտ մենք արտակարգ դրություն հայտարարենք, այնքան ավելի շատ կյանքեր կփրկենք:Բոլոր նրանց, ովքեր լսում են ինձ, կոչ եմ անում` կամավոր պահպանեք կարանտինի ռեժիմը:Մեր կյանքը մեր ձեռքերում է: Աստված մեզ պահապան:

Опубликовано Վիտալի Բալասանյան / Vitali Balasanyan Пятница, 20 марта 2020 г.

Արմինե Սիմոնյան